Շավարշ Քոչարյան. «Անվտանգության ոլորտում մեր ընտրությունը Ռուսաստանն է, տնտեսական ոլորտում՝ ԵՄ Ազատ առևտրի գոտին»

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հարցազրույց է տվել Եվրոպական քաղաքացիական հասարակության commonspace.eu կայքին, որտում անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Հարցազրույցի հայերեն տարբերակը կրճատումներով ներկայացնում է Lragir.am-ը: Իսկ ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ներկայում ի՞նչ մակարդակի վրա են Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Հայաստանն աշխատում է ԵՄ հետ Ասոցիացիայի համաձայնագրի վրա, իսկ անցյալ շաբաթ ավարտվել է Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու (DCFTA) վերաբերյալ բանակցությունները: Այդ համաձայանգրերը նախաստորագրվելու են Վիլնյուսում այս տարվա վերջին:

Նշանակու՞մ է սա, որ Հայաստանն ընտրություն է կատարել ԵՄ հետ սերտ հարաբերությունների օգտին՝ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների: ԵՄ-ը հստակ հասկացնել է տվել, որ DCFTA-ն բացառում է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական մաքսային միությանն անդամակցությունը:

Իհարկե, Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Մաքսային միությանը հնարավորինս շատ պետություններ միանան, և նրա համար անհրաժեշտ է, որ առնվազն Ուկրաինան ու Հայաստանը հայտարարեն, որ ցանկանում են այդ միության անդամ դառնալ: Խնդիրն այն է, որ Մաքսային միությունում անդամակցությունը խոչընդոտ է ԵՄ հետ DCFTA-ն ստորագրելուն:

Սա քայլ չէ անդամակցության օգտին: ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հայց դրված չէ, և Ասոցիացիայի և ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը չի նշանակում այդ միությանն անդամակցություն: Դա նաև չի խոսում այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի շատ ԵՄ կամ Ռուսաստանի կողմն է թեքվում: Սա պարզապես ցույց է տալիս, որ Հայաստանը տնտեսական զարգացման հնարվորությունների ավելի քան մեկ ուղղություն է տեսնում:

Ռուսաստանը նախկինի պես ռազմական մեծ բազա ունի Գյումրիում: Ազատ առևտրի գոտուն միանալու որոշումը հակասություններ չի՞ առաջացնում:

Ռուսաստանը մեր անվտանգության գոտում է, իսկ DCFTA-ն՝ տնտեսական: Դրանք չեն հակասում միմյանց: Անվտանգության տեսանկյունից Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ: Մենք Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ անդամ ենք: Սակայն ակտիվորեն համագործակցում ենք նաև ՆԱՏՕ-ի հետ: ՀԱՊԿ անդամներից միայն Հայաստանն է իր խաղաղարար ուժերը ՆԱՏՕ-ի կազմում ուղարկել աշխարհի տարբեր վայրեր:

Սակայն մենք երբեք չենք նշել, որ ցանկանում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Նույնը տնտեսության ոլորտում: Մենք պատրաստ ենք մեր մի շարք օրենքներ համապատասխանեցնել ԵՄ օրենսդրությանը և խորը տնտեսական փոխահարաբերությունների մեջ մտնել: Սակայն մենք երբևէ չենք ասել, որ ցանկանում ենք ԵՄ անդամ դառնալ: Սա է Հայաստանի և Արևելյան գործընկերության մի շարք այլ երկրների տարբերությունը:

Աղբյուրը՝ Lragir.am