ԵՎՐԱԳՈՏԻ. ՌԵՑԵՍԻԱՆ ՆԱՀԱՆՋՈՒ՞Մ Է

18-ամսյա տնտեսական անկումից հետո եվրագոտին կարծես սկսել է հաջողություն գրանցել ճգնաժամից դուրս գալու ճանապարհին:

Եվրոպական հանձնաժողովից հայտնում են, որ այս ամառ Եվրոպայի տնտեսությունը սկսել է վերականգնման թույլ նշաններ ցույց տալ, սակայն ճգնաժամից լիովին դուրս գալու մասին դեռևս վաղ է խոսել:Այս մասին հայտնում են արևտյան լրատվամիջքոցները: Ինչպես նախօրեին իր բլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով փոխնախագահ Օլի Ռենը, ՀՆԱ այս քառորդի ցուցանիշները “ողջամիտ ապացույցներ են տալիս առ այն, որ եվրոպական տնտեսությունը հետզհետե վերականգնվում է”:

Եվրամիության ամբողջական ՀՆԱ-ն, Եվրաստատի առաջին գնահատականի համաձայն, երկրորդ քառորդում նվազել է նախորդի համեմատ 0,2 տոկոսով, մինչդեռ ԵՄ 2013թ.-ի գարնան համար 0,1 տոկոսի կրճատում էր կանխատեսում: Այս կապակցությամբ Ռենը հույս է հայտնել, որ տնտեսական աճ կարելի է սպասել ընթացիկ տարվա երկրորդ կեսից արդեն:

Եվրահանձնաժողովի ֆինանսական հարցերով փոխնախագահի կարծիքով ֆոնդային շուկաները լավ են աշխատում, և եվրագոտու, այսպես կոչված, “ծայրամասային” երկրների պարտատոմսերի եկամտաբերությունը դանդաղ, բայց հետևողականորեն կրճատվում է, ինչն այդ տնտեսություններին ֆինանսական բարձր կայունություն է ընձեռում:

Զգոնությունը չկորցնելու կոչ անելով Ռենը հիշեցրել է դեռևս ճգնաժամի հաղթահարման զգալի խոչընդոտների առկայության մասին և հավելել, որ ԵՄ անդամ հանդիսացող մի շարք երկրներում, ներառյալ Իսպանիան և Հունաստանը, պահպանվում է գործազրկության անընդունելի մակարդակը: Հետևաբար, Եվրահանձնաժողովի պաշտոնյան ուրվագծում է դեպի տնտեսական կայուն աճ տանող շատ երկար ճանապարհ:

15.08.2013

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ