“Սատանայի փաստաբանը”

Աշխարհի ամենահակասական փաստաբաններից մեկը՝ Ժակ Վերժեսը, ում պրոֆեսիոնալ շրջանակներում անվանում էին “սատանայի փաստաբան”, մահացել է Փարիզում 88 տարեկան հասակում:

Վերժեսը մոլի կոմունիստ էր և պայքարում էր գաղութատիրության դեմ: Նա համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1950-ական թվականներին, երբ պաշտպանում էր Ալժիրի Ազգային ազատագրման ճակատը, որի անդամներին մեղադրում էին ահաբեկչության մեջ:

Նա եղել է Ջամիլա Բուհիրադի փաստաբանը, ով պայթեցրել էր ֆրանսիացիներով լեփ-լեցուն սրճարանը: Ջամիլան վերջիններիս համարում էր օկուպացնողներ: Բուհիրադը մահապատժի էր դատապարտվել, սակայն Վերժեսի միջամտությունից հետո նրան ներում շնորհեցին և ազատ արձակեցին: Դրանից հետո նա ամուսնացավ:

Ավելի ուշ Վերժասի հաճախորդը եղել է գերմանացի ռազմական հանցագործ Կլաուս Բարբին “Մսագործ Լեոնից” մականունով, միջազգային ահաբեկիչ Կարլոս Շակալը և Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչը:

Spiegel ամսագրին տված իր հարցազրույցներից մեկում Վերժեսը հայտարարել է, որ ինքը պատրաստ կլիներ դառնալ Ադոլֆ Հիտլերի և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի փաստաբանը՝ պայմանով, որ վերջինս ինքն իրեն մեղավոր ճանաչեր:

Վերժեսը ծնվել է 1925 թվականին: Նրա մայրը ծագումով Վիետնամից էր, հայրը՝ ֆրանսիացի:

Ժակ Վերժեսը պնդում էր, որ ինքը և իր ընտանիքը ծանր նվաստացումների են ենթարկվել Ֆրանսիական պետության կողմից, քանի որ ծագումով լիարժեք ֆրանսիացի չէր: Սակայն փաստերը հերքում այդ բողոքները: Ժակի հայրը բարձր վարձատրվող դիվանագետ է եղել, ինքն անձամբ ավարտել է լավագույն համալսարաններից մեկը և հիանալի կարիերա է կառուցել՝ չնայած այդ երկրի հանդեպ մշտապես տածած ատելությանը: Վերժեսը հիանալի տիրապետել է արաբերենին:

Իր ելույթներում նա հեռանում էր դասական փաստաբանական գծից և ապացուցում, որ իր պաշտպանյալների հանցանքները, որքան էլ դրանք սարսափելի լինեին, խամրում են այն վայրագությունների առջև, որոնք իրականացնում էր հետպատերազմյա ֆրանսիական ռեժիմն իր գաղութներում, ալժիրյան հատվածում և նույնիսկ հենց մայրաքաղաքում: Նա մշտապես կրկնում էր, որ այդ ամենից հետո ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Արևմուտքն իրավունք չունեն բարոյականության դասեր տալ որևէ մեկին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա մարտնչել է ֆրանսիական դիմակայության շարքերում: Պատերազմից հետո նա դարձել է ֆրանսիական Կոմունիստական կուսակցության անդամ:

Վերժեսն ստացել է “սատանայի փաստաբան” մականունն այն պատճառով, որ հաճախ այնպիսի հանցագործների պաշտպանությունն էր ստանձնում, որոնց արդարացումը պարզապես անհավանակ էր:

Le Parisien-ի հաղորդմամբ, վերջին ժամանակներս հայտնի փաստաբանը լուրջ հիվանդ էր: Նրան հանդիպող ծանոթների խոսքերով, նա չափազանց նիհարել էր և հյուծված տեսք ուներ:

Նրա կյանքի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որը վերնագրված է “Ահաբեկչության փաստաբանը”:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ