Եգիպտոսը կմնա առանց ֆինանսական օգնությա՞ն

Եվրամիությունը մտադիր է զրկել Եգիպտոսին 5 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնությունից՝ կապված ցուցարարների զանգվածային սպանությունների հետ, որոնք նախորդ շաբաթ տեղի են ունեցել քաղաքական հուզումների ընթացքում, հայտնում է Financial Times-ը:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ “Եվրամիությունն առաջիկա օրերի ընթցաքում հապճեպ կվերանայի Եգիպտոսի հետ իր հարաբերությունները և քայլեր կձեռնարկի վերջինիս վրա ճնշում գործադրելու համար”՝ հավելելով, որ ֆինանսական օգնություն տրամադրելուց հրաժարվելը “լրջորեն կքննարկվի”:

“Ընթացիկ իրավիճակը թույլ չի տալիս եգիպտական իշխանություններին կատարել գումար ստանալու համար իրենց առջև դրված մի շարք պարտականություններ, այդ իսկ պատճառով նրանք այն չեն ստանա”, – հայտարարել է Ռոմպեյը:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ “Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը” քաղաքական հուզումներից տուժած Եգիպտոսին 5 միլիարդ եվրո օգնություն կհատկացնի՝ պայմանով, որ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ կանցկացվեն:

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը ևս պահանջել է նախորդ շաբաթ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից հետո դադարեցնել Եգիպտոսին տրամադրվող ռազմական և տնտեսական օգնությունը:

Եգիպտոսում լարված իրավիճակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն նախազգուշացրել է, որ կարող է զրկել նրան տարեկան 1,55 միլիարդ դոլար օգնությունից: Նմանատիպ պահանջով ավելի վաղ հանդես էր եկել նաև Հանրապետական կուսակցությունից սենատոր Քելլի Այոտը:

Իսլամիստները դուրս են եկել Եգիպտոսի փողոցներ հուլիսի սկզբին՝ զինվորականների կողմից նախագահ Մուհամմեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց և նրան ձերբակալելուց հետո:

Այժմ երկրի իշխանությունը գտնվում է ժամանակավոր կառավարության ձեռքում:

Վերջին տվյալների համաձայն, Եգիպտոսում հանգստյան օրերին զոհերի թիվը գերազանցել է 100-ը: Չորս օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 924 մարդ է մահացել, հայտնում է Mena եգիպտական պետական տեղեկատվական գործակալությունը:

Նշենք, որ եվրոպական խոշորագույն տուր-օպերատորները դադարեցնում են Եգիպտոս իրականացվող ուղևորությունները: Այսպես, գերմանացիները չեն կարողանա մեկնել բուրգերի երկիր առնվազն մինչև սեպտեմբերի կեսերը: Իրենց քաղաքացիներին Եգիպտոս ուղևորություններից զերծ մնալու կոչ են արել նաև Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ռուսաստանի ԱԳՆ-ները:

Իսկ ՀՀ ԱԳՆ-ն վստահեցնում է, որ Եգիպտոսում շարունակվող արյունահեղության օրերին այդ երկրում հայ զբոսաշրջիկներ չեն եղել:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ