ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ “ՀՌՈՄ. ԻՄ ՔԱՂԱՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ” ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Այս տարի արդեն 10-րդ անգամ Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրերին` հաստատելով իր անդամակցությունը եվրոպական մշակութային ընտանիքին: 1991 թվականից Եվրոպայով մեկ իրականացվող այս նախաձեռնությունը գնահատվում է որպես Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիների կողմից սիրված և սպասված միջոցառումների շարք, ինչը թույլ է տալիս ազգային ժառանգությունները դիտարկել որպես Եվրոպա մայր ցամաքի մեկ ընդհանուր հարստություն` կոտրելով մշակույթների ու լեզուների տարբերություններով պայմանավորված անջրպետը: 1999 թվականից օրերի մեկնարկը համատեղ են ազդարարում Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը:

“Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, թե Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերին ընդառաջ, այս օգոստոսի 30-ին քաղաքամայր Երևանի համար ամենից խորհրդանշական վայրում` “Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի լուսանկարների ցուցահանդես` ներկայացնելով Երևանի հիմնադրմանը ժամանակակից մեկ այլ քաղաքի` հավերժական քաղաք Հռոմի ժառանգությունն ու անկրկնելի գեղեցկությունը: Ցուցահանդեսը, որը կրում է “Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը” խորագիրը, ներկայացնում է դիվանագետ, մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանի լուսանկարները` արված Իտալիայում իր դիվանագիտական առաքելության տարիներին:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 13:00-ին: Այն կգործի մինչև 2013 թվականի հոկտեմբերի 30-ը:

20.08.2013