Մերկելն ամաչում է Գերմանիայի անցյալից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Դախաուի նախկին կոնցլագերի տարածք: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Մերկելը դարձավ Գերմանիայի պատմության մեջ առաջին կանցլերը, ով այցելեց Դախաուի նախկին կոնցլագեր: Ելույթ ունենալով ճամբարում հավաքվածների առջև՝ նա հայտարարեց, որ դրա ձերրբակալվածների ճակատագրի հիշատակն “իրեն պատում է ցավի և ամոթի զգացումով”:

“Այլևս երբեք չպետք է կրկնվի այն իրավիճակը, երբ մեր շարքերում գտնվող մարդիկ զրկված են պաշտպանությունից միայն այն պատճառով, որ ժամանել են որոշակի երկրից, որոշակի կրոնի հետևորդ են հանդիսանում, ինչ-ինչ քաղաքական հայացքներ ունեն կամ սեռական փոքրամասնություն են կազմում”, – հայտարարել է Մերկելը:

Տեղեկանք

Մյունխենից ոչ հեռու տեղակայված Դախաուի համակենտրոնացման ճամբարը նացիստական Գերմանիայում իր տեսակով առաջիններից էր: Այն սկսել է գործել 1933 թվականին՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց ընդամները մի քանի շաբաթ անց: Դախաուի գոյության 12 տարիների ընթացքում այնտեղ բանտարկվել է ավելի քան 200 հազար մարդ: Պատմաբանների տվյալներով, դրա պատերի ներսում սպանվել կամ սովից և հիվանդություններից մահացել են 41,5 հազար բանտարկյալներ: Կոնցլագերը փակվել է 1945 թվականի ապրիլի 29-ին, երբ դրա բանտարկյալներն ազատվեցին ամերիկյան զորքերի կողմից: 1965 թվականին այդտեղ կառուցվեց հուշահամալիր:

Գերմանիայի կանցլերն այցելել է ճամբարը նախկին բանտարկյալներից մեկի ՝ 93-ամյա Մաքս Մանխայմերի հրավերով:

Մերկելի հակառակորդներն իրենց հերթին քննադատել են նրան ճամբար այցելելու համար: Շարունակվող նախընտրական արշավի ժամանակ Դախաու կատարած այցը կանցլերի մրցակիցներն անվանել են “աննրբանկատ”:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Գերմանիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Մերկելը հույս ունի դրանց արդյունքում երրորդ անգամ գլխավորել երկրի կառավարությունը:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ