ՆԱԽԿԻՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԳԱՀԻՑ “ՎԵՐԵՎԻՑ ՍՏԱՑԱԾ ԽՈՐՀՐԴՈՎ”

Նախկին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ն առաջին անգամ բացատրել է պապական գահից իր հրաժարվելու պատճառը: Reuters-ը գրում է, որ պատվավոր պոնտիֆիկն “առեղծվածային փորձ” է ունեցել, որի ընթացքում խորհուրդ է ստացել ի վերուստ: “Աստված ասաց, որ ես հենց այդպես վարվեմ”, – պատմել է Բենեդիկտոսը՝ հավելելով, որ Աստված չի հայտնվել որպես տեսիլք: Նա նաև տեղեկացրել է, որ համոզվել է ի վերուստ ստացված խորհրդի ճշմարտացի լինելու մեջ՝ տեսնելով, թե ինչպես է իր պարտականությունները կատարում իրեն հաջորդած Ֆրանցիսկոս Պապը:

Իր առեղծվածային փորձի մասին Հռոմի Պապը պատմել է այցելուներից մեկին, որոնց ինքը ժամանակ առ ժամանակ ընդունում է Հռոմի մոտ գտնվող իր նստավայրում: Այցելուն, որը նրա խոսքերը փոխանցել է ԶԼՄ-ներին, ցանկացել է, որպեսզի իր անունը չնշվի:

Հիշեցնենք՝ հրաժարվելով գահից, Բենեդիկտոս XVI-ը 1300 տարվա ընթացքում դարձավ առաջին Հռոմի Պապը, ով ինքնակամ է հրաժարվել պապական գահից:

Հրաժարականից հետո Բենեդիկտոս XVI-ը կրում է “պատվավոր Հռոմի Պապի” կոչումը:

22.08.2013