Ցանկացած հակամարտության դեպքում կողմերին թվում է, թե իրենց հակամարտությունը շատ բացառիկ է, աշխարհում ամենաբարդն ու ծանրն է. Կ.Բեքարյան

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կ.Բեքարյանը 21.08.2013 հարցազրույց է տվել Panorama.am լրատվական գործակալությանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

-Հունիս ամսին Թբիլիսիում հայ և ադրբեջանցի փորձագետները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ուղղված տեղական իշխանություններին, միջազգային կառույցներին, և առաջարկել Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության վերականգնման ուղղությամբ որոշակի միջոցառումներ իրականացնել: Որքանո՞վ է իրատեսական այդ առաջարկությունների կենսագործումը, և արդյոք քայլեր կատարվո՞ւմ են այդ ուղղությամբ:

-Այդ ծրագրի շրջանակում Թբիլիսիում հավաքվել էին վերլուծաբաններ, փորձագետներ, ոչ կառավարական սեկտորի ներկայացուցիչներ Հայաստանից, Ադրբեջանից և Արցախից: Անձամբ ես մասնակցել եմ որպես հայաստանյան կողմի ներկայացուցիչ: Առաջին հիմնական արդյունքն այն էր, որ մարդիկ ունակ եղան միասնական տեսակետով հանդես գալու և փաստաթուղթ ընդունելու: Մի կողմից դա ինքնին քիչ չէ, մյուս կողմից ցույց է տալիս, որ հակամարտության բոլոր կողմերի հասարակություններում առկա է այդ առողջ «էլեմենտը», որը պատրաստ է խաղաղության համար ջանք դնել՝ անկախ բոլոր ստեղծված հնարավոր միֆերից: Անգամ լարված վիճակում մարդիկ պատրաստ են համատեղ աշխատել և փաստաթուղթ ստորագրել: Ծրագրով սահմանված է, որ փաստաթղթի ընդունումից և տարածումից հետո կողմերից յուրաքանչյուրը Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում պիտի կլոր սեղաններ հրավիրի, քննարկումներ ծավալի այդ առաջարկությունների իրականացման վերաբերյալ: Առաջին կլոր սեղանն արդեն եղել է Ստեփանակերտում: Բաքվում և Երևանում նախատեսվում է անցկացնել օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին: Իմ կարծիքով՝ իրատեսական շատ կետեր կան: Բոլորը հասկանում են, որ թշնամանքի հռետորաբանությունը վնասում է կարգավորման գործընթացին, բանակցային գործընթացի ֆոնին, չի տալիս հնարավորություն վստահության միջոցներ ձեռնարկելու համար: Փաստաթղթում մի քանի կետեր վերաբերում են թշնամական հռետորաբանությամբ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին, ինչպես նաև ԶԼՄ-ների մոնիթորինգին: Մի բան է, երբ մոնիթորինգն իրականացնում ես զուտ տեսական հիմքերով, այլ բան է, երբ փորձում ես մոնիթորինգից ստանալ գործիք, որը կարող է կիրառվել միջազգային կառույցների կողմից, ինչն էլ կանխարգելիչ նշանակություն կունենա և պատասխանատվության տարրեր կպարունակի: Կարևորվել է նաև շփման գծում միջադեպերի, դրանց հետաքննության հետ կապված խնդիրը: Այսինքն՝ այն ամենը, ինչը յուրաքանչյուրս մեր մաշկի վրա զգում ենք, արտացոլված է փաստաթղթում: Իրատեսակա՞ն է արդյոք: Իսկ ինչո՞ւ ոչ: Պատահական չէ, որ առաջարկություններն ուղղված են և՛ հակամարտության կողմերի իշխանություններին, և՛ միջազգային կառույցներին, և՛, իհարկե, միջնորդներին: Նրանց շահագրգռության և աջակցության դեպքում ամեն ինչ կարող է լինել առավել քան իրատեսական: Մարդիկ ցույց տվեցին, որ կա հստակ միասնական անելիք:

-Պարո՛ն Բեքարյան, արդյո՞ք կա նման միջազգային փորձ, երբ հակամարտությունների կողմերը նման ճանապարհով կարողացել են հասնել խնդիրների կարգավորմանը, նախադեպ, որը Արցախյան խնդրի պարագայում կարող է հաջողության ու լավատեսության գրավական լինել:

-Այդ հաջողության գրավականի մասին խորհելիս միանգամից հայացքս ուղղում եմ Եվրոպա: Ցանկացած հակամարտության դեպքում կողմերին թվում է, թե իրենց հակամարտությունը շատ բացառիկ է, աշխարհում ամենաբարդն ու ծանրն է, իսկ կարգավորումն անհնար է: Դրա մեջ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոններ: Օբյեկտիվ գործոններից մեկն այն է, որ հակամարտությունն առնչվել է իրեն – անձին, իր հարազատին, ընտանիքին: Օբյեկտիվ գործոն է ժամանակը, որը նաև վերքերը բուժելու, առաջ ընթանալու հնարավորություն պետք է ընձեռի: Սուբյեկտիվ գործոններից է հռետորաբանությունը, պատերազմի, դաժանության քարոզչությունը, թշնամու կերպարի սերմանումը: Եթե հայացք ձգենք Եվրոպայի պատմությանը, ապա կարող եմ բերել երկու օրինակ: Առաջինը՝ Դանիա և Շվեդիա: Եթե նայենք, թե նրանք քանի անգամ են միմյանց դեմ պատերազմել՝ զոհերի ինչ քանակով և ինչ դաժանությամբ, ապա մեր կոնֆլիկտը թե՛ պատմական, թե՛ վերջին պատերազմի կտրվածքով շվեդ-դանիական հակամարտության համեմատ շատ մեղմ կթվա: Երկրորդ օրինակը ֆրանս-գերմանական հակամարտությունն է: Կարող եք ուսումնասիրել, թե քանի դար ֆրանս-գերմանական հակամարտության ներքո ինչեր են կատարվել:

Մեկ-երկու ամիս առաջ պատիվ եմ ունեցել մասնակցելու Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների համատեղ ծրագրին, որն իրականացվել է Ելիսեյան հաշտության 50-ամյակի շրջանակներում: Արևելյան գործընկերության երկրներից մեկական վերլուծաբան եղել է Բեռլինում, ապա Ֆրանսիայի հետ սահմանամերձ Սառլենդ երկրամասում, այնուհետև, սահմանը հատելով, դեպի Լոթարինգիա, ֆրանսիական Ֆոռբախ և Փարիզ քաղաքներում:

Այդ ողջ ընթացքում հրավիրող կողմերը ներկայացրել են սահմանամերձ շրջանները՝ իրենց ողջ պատմությամբ և նաև՝ պատերազմներով: Անցկացնենք մի քանի զուգահեռներ: Երկրորդ համաշխարհային պատերազմ, դրանից հետո աննկարագրելի անվստահություն միմյանց միջև. նույնիսկ այսօր կան քաղաքագետներ, որոնք պնդում են, որ եթե նույնիսկ այն ժամանակվա համար օգտագործենք «վստահության ճգնաժամ» արտահայտությունը, ապա դա ոչինչ չի ասում, քանի որ «վստահության ճգնաժամ» նշանակում է, որ մի ժամանակ եղել է այդ վստահությունը, հետո՝ վերացել: Ֆրանսիայի և Գերմանիայի միջև եղել է լիակատար անվստահություն: Էլզասն ու Լոթարինգիան պատմության ընթացքում շատ մեծ և արյունալի պատերազմների արդյունքում տասից ավելի անգամ ձեռքից ձեռք են անցել: Եվ ահա 1963թ.-ին ստորագրվում է Ելիսեյան հաշտությունը, իսկ դրանից առաջ նման անվստահության պարագայում կողմերը համաձայնության են գալիս, և Սառլենդ երկրամասը հանրաքվե է անում (բնականաբար՝ Ֆրանսիայի համաձայնությամբ), որպեսզի ինքը որոշի իր ճակատագիրը, պատերազմից ընդամենը 12 տարի անց՝ 1957 թ.-ին: Սառլենդը հանրաքվեով որոշում է վերամիավորվել Գերմանիային, իսկ 1963թ.-ին կնքվում է հաշտության և բարեկամության մեծ պայմանագիրը: Փաստորեն պատերազմից 18 տարի անց կնքվում է Ելիսեյան մեծ պայմանագիրը, իսկ Սառլենդի հանրաքվեն՝ 12 տարի անց:

Հաջորդ տարի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի 20-ամյակը: Մենք ունե՞նք առաջընթաց: Սա քաղաքական մշակույթի խնդի՞ր է: Իհա՛րկե: Լիդերների կամքի խնդի՞ր է: Իհա՛րկե: Երբ ուսումնասիրում ես պատմությունը և զրուցում տեղացիների, ականատեսների հետ, հստակ է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի այն ժամանակվա ղեկավարները՝ Ադենաուերը և Դե Գոլը, աշխատել են թշնամանքի սերմանման դադարեցման և վստահության ստեղծման ուղղությամբ: Այդ ֆոնի ներքո է հնարավոր եղել հասնել նրան, ինչն այսօր կա Եվրոպայում: Համեմատելու համար ասեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի նախագահի կողմից առնվազն երեք-չորս անգամ հնչեցվել է այն միտքը, որ մեզ համար թշնամի ժողովուրդ չկա, հնչեցվել է հենց այն համատեքստում, որ նույն Ադրբեջանի ժողովուրդը մեզ համար թշնամի չէ: Բայց պետք է մյուս կողմից էլ նման արձագանք լինի, որ կարողանաս կարգավորման եզրեր գտնել: Այն հռետորաբանության ներքո, որ այսօր կա, ի՞նչ կարգավորես, ինչպե՞ս վստահության գնաս: Արցախի ժողովուրդը ի՞նչ զիջումների մասին պետք է մտածի, եթե ամեն օր հեռուստատեսությամբ սպառնալիք է լսում, ռադիոն միացնում է՝ սպառնալիք է լսում, համացանցում կրկին սպառնալիք է կարդում: Եվ սպառնալիքը չեն լսում ինչ-որ լուսանցքային քաղաքական ուժի ներկայացուցչի կամ որևէ վերլուծաբանի կողմից, նրանք այդ սպառնալիքը լսում են պետության ամենաբարձր ներկայացուցչի մակարդակով:

Ամփոփելով, դրական փորձ կա, ուսումնասիրելու հնարավորություններն էլ առկա են: Քաղաքական կամքի և հեռատեսության խնդիր կա:

Աղբյուրը՝“Արմեդիա” ՏՎԳ