“ՁՄԵՐՈՒԿԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ” ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Կարապի լճում այսօր առաջին անգամ մեկնարկած “Ձմերուկային հրավառություն” տոնը շատ երևանցիների ու լուսանկարահանող զբոսաշրջիկների համար անսովոր էր. ձմերուկներով լցված Կարապի լիճը, որտեղ լողում են նաև երեխաներ ու կարապներ, հարմարեցված էր նաև դիսկոտեկային երաժշտության համար:

Ձմերուկային հյուրասիրություն կազմակերպող տաղավարների ու “ֆրեշի” ապարատների մոտ շատ արագ հայտնվեցին տարեց կանայք ու տղամարդիկ՝ անվճար հյուրասիրությունից օգտվելու նպատակով:

Միջոցառումն անցկացվում է “Երևանյան ամառ -2013″ միջոցառումների շրջանակում, և տոնի համար հատուկ ընտրվել է ամառվա վերջին ամսվա վերջին շաբաթը:

“Մեր նպատակն է՝ գեղեցիկ անակնկալ մատուցել երևանցիներին ու մեր հյուրերին և այս միջոցառումը կազմակերպել, որպեսզի նրանց համար, ովքեր ամառն անցկացնում են մայրաքաղաքում, ևս ունենան հիշելու համար հիշարժան տոն”,- ասաց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:

24.08.2013