Եվրոպական արձագանքներ. ԵՄ-ն կորցնում է Հայաստանը՝ Ռուսաստանի Մաքսային Միության պատճառով

“ԵՄ-ն կորցնում է Հայաստանը Ռուսաստանի Մաքսային Միության պատճառով”,- այս մասին գրում է եվրոպական առաջատար լրատվամիջոցներից Euractiv-ը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Մաքսային Միությանը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Euractiv-ի պնդմամբ, սա քայլ է, որն անհամատեղելի է ՀՀ-ԵՄ ԽՀԱԱԳ համաձայնագրի հետ:

Աղբյուրը նշում է, որ ԵՄ-ն կարծես անակնկալի է եկել այս որոշումից: “Թվում է՝ Հայաստանը կդադարեցնի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագիրը և փոխարենը կինտեգրվի Ռուսաստանին: Շրջադարձ”,- Twitter-ի իր էջում գրել է ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից Շվեդիայի արտգործնախարար Քարլ Բիլդթը, որն այդ ժամանակ միջնադարյան շվեդական Վիսբի քաղաքում հյուրընկալում էր Հյուսիսային և Բալթիկ երկրների արտգործնախարարներին:

“Առեղծվածային” գրառում Twitter-ում արել է նաև ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:”Արևելյան գործընկերների ճակատագիրը սեփական ձեռքերում է, և մենք մտահոգվում ենք մեր հարևանների հարևաններով”,- գրել է Ֆյուլեն նույն միջոցառման ընթացքում:

ՀՀ որոշմանն արձագանքել է ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի արտգործնախարարը: “Հայաստանը, որոշելով անդամակցել Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը, արգելափակել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու իր հնարավորությունը”,- երեքշաբթի հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը: Այս մասին հայտնում է Global Post-ը:

“ԵՄ-ն հարգում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որի մասին վերջինս հայտարարել է Մոսկվայում, սակայն երկու համակարգերն անհամատեղելի են”,- Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսի խոսքերը մեջբերում է Associated Press-ը: “Մենք հարգում ենք երկրների ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ անդամակցել երկու կազմակերպություններին, որոնք տարբեր մաքսային պահանջներ ունեն”, – հայտարարել է Լինկյանովիչը:

Եվրամիությունում նախագահող Լիտվայից բացի, երեքշաբթի օրն առանձին հայտարարություն են տարածել նաև եվրոպական ընտանիքի անդամ յոթ արտգործնախարարներ բալթյան և սկանդինավյան երկրներից` զգուշացնելով հետխորհրդային երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումների մասին:

“Անընդունելի է ցանկացած տնտեսական սպառնալիք կամ քաղաքական ճնշում, որն ուղղվում է Եվրամիության Արևելյան գործընկերների դեմ` նրանց եվրոպական նկրտումների և ծրագրերի պատճառով”, – հայտարարել են ԵՄ յոթ երկրների արտգործնախարարները:

“Ազատություն” ռադիոկայանին բացառիկ հարցազրույց է տվել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, ով նաև Եվրոպայի խորհրդարանի ամենախոշոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության գործադիր մարմնի անդամ է:

“Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ: Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումներն օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի: Ես շատ եմ ցավում, քանի որ իրավաբանորեն և որոշ այլ պայմանների պատճառով հնարավոր չէ լիարժեք անդամակցել և՛ Մաքսային միությանը, և՛ ԵՄ Ասոցիացման համաձայնագրին և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն”, – ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

“Ազատություն” ռադիոկայանը հետաքրքրվել է նաև, թե ինչպիսին կլինեն Հայաստան – Եվրամիություն հարաբերություններն այսուհետ` նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններից ու Պուտինի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու որոշումից հետո:

“Մեր հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին որ Եվրամիությունը ունի ցանկացած այլ երկրի հետ, բայց` առանց եվրոպական հեռանկարի”, – պատասխանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

“Ի՞նչ եք կարծում, հնարավորություն կա՞, որ Հայաստանը փոխի իր միտքը` Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ”` հետաքրքրվել է “Ազատություն” ռադիոկայանի՝ Բրյուսելում աշխատող թղթակիցը:

“Հուսով եմ, քանի որ մենք դեռ խոսելու ենք հայկական կողմի հետ”,- ասել է եվրոպացի պաշտոնյան` մանրամասնելով. “Վերջին տարիների ընթացքում ես մի քանի անգամ քննարկում եմ ունեցել Հայաստանի նախագահի հետ, և հիմա կարող եմ միայն ենթադրել, որ այստեղ ռուսական կողմի ճնշումն է դեր խաղացել: Եթե հնարավորություն լինի վերադառնալ այս հարցին, ապա շատ կարևոր է, որ ղարաբաղյան խնդիրը կարգավորված լինի, և Հայաստանի նման փոքր պետությունը լուծման տարբերակ գտնի Ադրբեջանի հետ` տարածաշրջանի խնդիրները հաղթահարելու համար: Եվրամիությունը, որը մինչ օրս դրանով չի զբաղվել, պետք է շատ ավելի մեծ հետաքրքրություն դրսևորի այս սառեցված հակամարտությունը կարգավորելու հարցում”:

Հարցազրույցի ավարտին Եվրախորհրդարանի ազդեցիկ պաշտոնյան ևս մեկ անգամ բացառել է հնարավորությունը, որ Հայաստանը կարող է միաժամանակ անդամակցել և՛ Կրեմլի առաջարկած միությանը, և՛ ԵՄ Ասոցացված համաձայնագրին ու ազատ առևտրի գոտուն:

“Դրանց միջև կան իրավաբանական հակասություններ, հնարավոր չէ կիսով չափ հղի լինել”, – եզրափակել է Եվրամիության ամենահզոր քաղաքական ուժի` Եվրոպական ժողովրդական կուսակցության տնօրենների խորհրդի անդամ Էլմար Բրոկը:

Մաքսային Միությանը ՀՀ միանալու որոշման վերաբերյալ պաշտոնական արձագանքներ Եվրամիությունից դեռևս չեն ստացվել: Այդուհանդերձ, Եվրամիության համար կարծես թե պարզ է, որ որոշման առանցքային շարժառիթները ՀՀ անվտանգությանն առնչվող հարցերն ու սառեցված հակամարտությունն են: Այս իմաստով հատկանշական է հարցազրույցում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի նշած պնդումը, որ Եվրամիությունը, որը մինչ օրս չի զբաղվել տարածաշրջանային խնդիրները լուծելու հարցով և որ ԵՄ-ն պետք է շատ ավելի մեծ հետաքրքրություն դրսևորի այս սառեցված հակամարտությունը կարգավորելու հարցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մաքսային Միությանը միանալու ՀՀ որոշման մասին հայտարարելիս, նախագահ Սերժ Սարգսյանը միաժամանակ նշել էր, որ այդ որոշումը ռացիոնալ է և “բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում ևս շարունակելու բարեփոխումները”:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ