Եվրաինտեգրում. այս շաբաթվա սպասվող իրադարձությունները

Սեպտեմբերի 9-12-ը կգումարվի Եվրախորհրդարանի պլենար նստաշրջան։ Օրակարգում ընդգրկված հարցերի շարքում է իրավիճակը Սիրիայում, Եգիպտոսում, ԵՄ քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ, ԱլԳ երկրների հետ կապված վերջին զարգացումները և այլն։

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, Եվրախորհրդարանում կքննարկվեն ԵՄ արևելյան հարևանների, մասնավորապես՝ Ուկրաինայի և Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից աճող ճնշումները։ Համապատասխան բանաձևը քվեարկության կդրվի հինգշաբթի օրը։

Քննարկմանը կմասնակցի նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին էշթոնը։

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Եվրախորհրդարանի պլենար նստաշրջանի ընթացքում հանդես կգա “Իրավիճակը Միությում” չորրորդ ուղերձով, որին կհետևի քննարկումը Եվրախորհրդարանում։ Սեպտեմբերի 12-ին Բարոզոն Euronews-ի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին։ Եվրահանձնաժողովի նախագահին կարելի է հղել հարցեր Google+, Facebook և Twitter սոց. ցանցերի միջոցով՝Եվրահանձնաժողովի համապատասխան էջերում (օգտագործելով #askbarroso)։

Սեպտեմբերի 12-13-ը Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին զուգահեռ սեպտեմբերի 13-ին կկայանա նաև ԱլԳ երկրների կրթության նախարարների ոչ ֆորմալ հանդիպում։ Այդ միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան կայցելեն ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանութան քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ԵՄ կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն։ Ոչ ֆորմալ հանդիպմանը կհետևի նախարարների մամլո ասուլիսը։

Անդրուլա Վասիլիուն հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ

09.09.2013