ԱլԳ ՔՀՖ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն հայտարարություն է տարածել Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում են ԱլԳ Տեղեկագրի 140-րդ համարից: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

“Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Ղեկավար կոմիտեն իր խորին ափսոսանքն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հայտարարության կապակցությամբ: Այս քայլը լուրջ հետընթաց կարձանագրի Հայաստանի՝ Արևելյան Գործընկերության մեջ ներգրավման արդյունավետության, ինչպես նաև բացասական ազդեցություն կունենա ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի հեռանկարի վրա:

  • Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու այլ երկրների հետ ինտեգրացիայի ուղղությունն ու մոդելը, և այն, որ Հայաստանն իր ընտրությունը կատարելիս անվերապահ նախապատվությունը տալիս է ազգային շահին: Միևնույն ժամանակ, մենք մտահոգված ենք, որ Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունն արվեց առանց պատշաճ քաղաքական բանավեճի և ծանրակշիռ փաստարկների վրա հիմնված քննարկման:
  • Նշենք նաև այն մեծ ջանքներն ու ռեսուրսները, որոնք ներդրվել են Եվրամիության ու Հայաստանի կողմից՝ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքում, և որոնք հաջողությամբ ավարտվել են: Հետևաբար, մենք սոսկ մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Հայաստանի կորցրած հնարավորությունների համար, ինչի վառ ապացույցը նախագահ Սարգսյանի հայտարարությունն էր:
  • Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ հստակեցնել իր դիրքորոշումը եվրոպական գործընկերների և, նախևառաջ, հայաստանյան հասարակության առջև:
  • Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանը կշարունակի իր եվրաինտեգրման ճանապարհը, որն ի սկզբանե հայտարարվել էր որպես Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություն: Մենք կոչ ենք անում ԵՄ ինստիտուտներին՝ շարունակել ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ ինտեգրացիայի փնտրտուքները:
  • Մենք գնահատում ենք ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ջանքերը՝ նպաստելու երկրում ԱլԳ Ճանապարհային քարտեզում նախանշված բարեփոխումների իրականացման գործընթացին, դրա առաջընթացի մոնիտորինգի և Արևելյան գործընկերության նախաձեռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման գործին:
  •  Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնել երկխոսության մակարդակը քաղաքացիական հասարակության և Հայաստանի ազգային պլատֆորմի հետ՝ մասնավորապես ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգում, և հավաստիացնել, որ Մաքսային միությանը միանալու որոշումը բացասաբար չի անդրադառնա այս երկխոսության վրա”:

10.09.2013