Ջ.ԶԻԼԲԵՐՔՎԻԹ. ՙԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ՚

Սեպտեմբերի 10-ին հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) հետ համատեղ համերգով մեկնարկել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) նոր համերգաշրջանը։ Հնչել են Սերգեյ Սլոնիմսկի, ՙՀրեական ռապսոդիա՚. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։ Այս մասին հայտնում են ՀՊԵՆ մամլո ծառայությունից:

Համերգին նախորդած մամուլի ասուլիսում Ջուլիա Զիլբերքվիթը նշել է, որ Հայաստանում առաջին անգամ է և տպավորված է Երևանով։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթներ ունեցել էր անցած տարի Օդեսայում։ ՙՆվագախումբն ուղղակի հրաշալի է, մենք կատարել ենք շատ բարդ ստեղծագործություններ։ Ես շատ լավ կապեր ունեմ մաեստրո Սմբատյանի հետ։ Ելույթ եմ ունեցել շատ դիրիժորների հետ. կան դիրիժորներ, ովքեր այնքան էլ շատ չեն սիրում նվագել մենակատարների հետ, սակայն Սերգեյ Սմբատյանը միշտ մեր կողքին է։ Երիտասարդական նվագախումբը շատ լավ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ է և շատ աշխատասեր։ Երբեք չեն նեղսրտում, երբ նրանց խնդրում ես ինչ-որ բան ևս մեկ անգամ կրկնել։ Երիտասարդական էներգիա եմ ստանում այս նվագախմբի հետ աշխատելիս՚,- նշել է դաշնակահարուհին։ Նա նաև տեղեկացրել է, որ կոմպոզիտոր Սերգեյ Սլոնիմսկին շատ ուրախ է ՙՀրեական ռապսոդիայի՚ հայաստանյան պրեմիերայի համար։ Սա հեղինակի դաշնամուրային առաջին կոնցերտն է և նվիրած է հենց Ջուլիա Զիլբերքվիթին։

Ջուլիա Զիլբերքվիթը լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ ծանոթ է հայկական երաժշտությանը, շատ է սիրում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը. ՙԱրամ Խաչատրյանի ստեղծագործությունները մեր ռեպերտուարի մասն են կազմում, այնպես, ինչպես Բախը, Մոցարտը, Շոստակովիչը։ Ես չգիտեմ որևէ երաժշտի, որ ստանալով մասնագիտական կրթություն դպրոցում, կոնսերվատորիայում՝ չնվագի Խաչատրյանի գործերը՚։

Դաշնակահարուհին տեղեկացրել է նաև, որ Նյու Յորքում բազմիցս է մասնակցել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակին նվիրված համերգներին, որոնք արդեն ավանդույթ են դարձել և 10-15 տարի անցկացվում են աշնան ամիսներին։ Ըստ դաշնակահարուհու՝ երկու ազգերի այդ մեծ վիշտը համախմբում է մարդկանց։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ ուրախալի է, որ այն մենակատարները, ում հետ նվագախումբը մեկ անգամ աշխատում է, ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը։ Սա, ըստ Սերգեյ Սմբատյանի, մեծ ձեռքբերում է։ Նա նաև տեղեկացրել է, որ 2013-14թթ. համերգաշրջանը լինելու շատ բովանդակալի՝ լի անակնկալներով. կան միջազգային պայմանավորվածություններ, Հայաստան կժամանեն հանրահայտ մենակատարներ։ Բացի այդ, նոր համերգաշրջանում երիտասարդական նվագախումբը հրավիրված է լավագույն փառատոների ու գործակալությունների կողմից։

Նվագախմբին համերգաշրջանի բացման առթիվ շնորհավորելու էր եկել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով նշել է, որ նվագախմբի ելույթները երիտասարդական ոգի են բերում մեծ արժեքներին. «Ես շատ ուրախ եմ մեր երիտասարդների աշխատասիրության, նվիրվածության համար»:

11.09.2013