ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀՌՈՄՈՒՄ

Իտալիա կատարած այցելության ժամանակ ՀՀ արտգործնախարար Եդվարդ Նալբանդյանը Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հետ հանդիպմանը նշել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:

Նախարար Բոնինոն, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Հռոմ, ասել է, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ և տնտեսական կապերի աշխուժացման միտում: Երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների կազմակերպումը։ Քննարկվել է 2015 թ.-ին Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Էմմա Բոնինոն անդրադարձել են Հայաստանի և Իտալիայի միջև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում հաստատված համագործակցությանը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում փոխգործակցությունը։ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։

Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ։ Վերջինս վերահաստատել է իտալական ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաներին վերապատրաստելու իտալական կողմի պատրաստակամությունը։ Բանակցությունների օրակարգում էր նաև միջազգային խաղաղապահ գործողություններում հայ-իտալական հնարավոր համագործակցությունը։

19.09.2013