Իսլանդիան այլևս չի՞ ցանկանում անդամակցել ԵՄ-ին

Իսլանդիայի իշխանությունները զգուշանում են Եվրոպական միության կազմի մեջ մտնելուց: Իսլանդական տնտեսությանը մեծապես սպառնում է եվրագոտում տիրող իրավիճակը: Իշխանությունները մտավախություն ունեն, որ մեծ ռիսկ կա, որ Եվրոպայում կկրկնվի ֆինանսական ճգնաժամը: Այս մասին CBNC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է երկրի վարչապետ Սիգմունդուր Դեյվիդ Գունլաուգսոնը:

Հիշեցնենք, որ Իսլանդիան անդամակցության դիմումը Եվրամիությանը ներկայացրել է 2009 թվականի հուլիսի 16-ին, և բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2010 թվականի հուլիսի 27-ին:

Հատկանշական է, որ մինչ անդամակցության վերաբերյալ դիմում ներկայացնելը Իսլանդիան արդեն ներգրավված է եղել ԵՄ ներքին շուկայում և Շենգենյան գոտում:

Նշենք, որ Իսլանդիան աշխարհի այն սակավաթիվ երկրների շարքն է լրացրել, որոնք ճգնաժամային իրավիճակում բանկերին չեն սկսել օգնել հարկատուների հաշվին: Նախորդ տարվա ճգնաժամից տնտեսության վերականգնման գործում Իսլանդիայի գրանցած բավականին հաջող փորձերը արձանագրել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): 2013 թվականի առաջին կեսին Իսլանդիայի ՀՆԱ-ի աճի տեմպը կազմել է 1,9 տոկոս, իսկ Երկրում գործազրկության մակարդակը, ըստ երկրի Աշխատանքի հարցերով նախարարության տվյալների, կազմել է 3,9 տոկոս, ինչը եվրոպական առաջատար պետությունների ցուցանիշից զգալիորեն ցածր է:

Հիշեցնենք նաև, որ անդամակցության շուրջ բանակցությունների գործընթացը Իսլանդիայի և ԵՄ միջև դադարեցվել է ընթացիկ տարվա մայիսին: Երկրի իշխանությունները հայտարարել են, որ բանակցությունները չեն վերսկսվի մինչև ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե չանցկացվի: Իսկ հանրաքվեի անցկացման ժամկետը դեռևս սահմանված չէ:

Հատկանշական է, որ եվրագոտու ճգնաժամից առաջ Իսլանդիայի բնակչության մեծամասնությունը կողմ է եղել ԵՄ-ին անդամակցելուն, սակայն ֆինանսական ճգնաժամը զգալի ազդել է եվրաինտեգրման վերաբերյալ հանրային կարծիքի վրա:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ