Բարեմաղթանքներ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից

Այսօր նշանակալի օր է բոլորիս համար: Անկախ Հայաստանի Հանրապետության 22-րդ ամյակի կապակցությամբ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ վարչությունը, թիմը, անդամները կիսվում են անկախության վերաբերյալ իրենց մտորումներով և բարեմաղթանքներ հղում:

Բարխուդարյան Իզաբելլա. “Այս օրվա խորհուրդը մեծ է: Հույս ունեմ` մենք արժանի սերունդները կլինենք նրանց, ովքեր կարողացան նվաճել մեզ համար անկախ Հայաստան, որպեսզի հետո էլ մենք կարողանանք այն ժառանգել մեր սերունդներին: Շնորհավորում եմ բոլորիս”:

Բեքարյան Կարեն: “Մաղթում եմ բոլորիս Հայաստան, որ իր քաղաքացու համար, մարդու համար արդար է և բարեկեցիկ, դրսի համար՝ հզոր, պաշտպանված և հարգված”:

Գևորգյան Անի. “Եկեք տոնենք այն օրը, որը մեզ տվեց մտքի, գործողությունների, հավատքի և խոսքի ազատություն: Տոնդ շնորհավոր, Հայաստանս”:

Կաթրջյան Հայկուհի. “Թող որ “վաղվա” Հայաստանում այլևս իրականություն լինեն բոլորիս մաղթանքները…”

Կարապետյան Աննա. “Անկախության տարիները Հայաստանի համար լի են եղել դժվարություններով ու խնդիրներով: Նորանկախ Հայաստանը ստիպված է եղել առերեսվել պատերազմի զրկանքներին, երկրաշարժի ավերածություններին, շրջափակմանը ու մի շարք այլ իրողությունների, որոնք իրենց հետքն են թողել երկրի տնտեսության, քաղաքականության և, իհարկե, հասարակության վրա: Բարդությունները հաղթահարվել են, և այսօր Հայաստանը բռնել է անդառնալի բարեփոխումների, կայացման և զարգացման ուղի: Քիչ չեն խնդիրներն ու բարդությունները, սխալներն ու թերությունները, սակայն այսօր մենք ունենք մի ամբողջ սերունդ, որը ծնվել ու մեծացել է անկախ Հայաստանում և նորովի է կառուցում իր երազած Հայաստանը:

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ ողջ հայությանը Հայաստանի Հանրապետության անկախության կապակցությամբ: Մաղթում եմ տոկունություն, համառություն և կամք՝ կառուցելու մեր երազանքի երկիրը”:

Հարությունյան Արմինե. “Ասում են՝ անկախությունը հնարավորություն է դառնալ ավելի լավը: Այդ հնարավորությունը մենք ստացել ենք ուղիղ 22 տարի առաջ: Ամրապնդենք այդ հնարավորությունը, դարձնենք մեր ազատ ու անկախ հայրենիքն առավել ապահով ու լավը: Շնորհավոր տոնդ, Հայաստան: Թող անկախությունդ միշտ քայլի խաղաղության հետ ձեռք ձեռքի տված ու քո հողի վրա ծնված ամեն նոր զավակ դառնա քո սրտի նոր զարկ, քո ևս մի քայլը դեպի կայունություն, դեպի զարգացում, դեպի նորանոր բազում հաղթանակներ”:

Հայրապետյան Տաթև. “Իմ կարծիքով, անկախությունը նախևառաջ մարդկային հոգեվիճակ է և մտածելակերպ: Մաղթում եմ մեզ բոլորիս, որ լինենք անկախ մտածելակերպի կրող քաղաքացիներ ու չվախենանք սեփական երկրի համար պատասխանատվություն կրելուց”:

Հովսեփյան Քրիստինե. “Անկախության տոն… Նման տոներն անգնահատելի են, անբեկանելի ու անմեկնաբանելի: Սա տարվա մեջ այն օրերից է, երբ անպայման վերաապրում ես թե’ արարումն ու ձեռքբերումը, թե’ կորցրածն ու բացթողումը: Սա քո ու երկրի կյանքում բացառիկ առիթ է՝ հպարտանալու նրան տվածով ու ափսոսալու չտվածի համար”:

Ղումաշյան Մանվել. “Անկախությունը մի հնարավորություն է, որը տրվում է ի վերուստ ոչ բոլորին և ոչ միշտ նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Արժանիների ձեռքում անկախությունը դառնում է մի հզոր զենք, որով նրանք կերտում են իրենց զավակների, իրենց երկրի ապագան, դառնալով աշխարհի հզորների կողմից թեկուզ և կրտսեր, բայց հարգանքի արժանի ընկեր:

Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, պատահում է և այնպես, որ անկախությունը հայտնվում է ապաշնորհների, եթե չասենք սրիկաների ձեռքերում՝ կործանելով և իրենց զավակների, և երկրի ապագան”:

Իսկ արժանիներին ապաշնորհներից, ցավոք, շատ դեպքերում կարող է զատել միայն պատմությունը, այսինքն՝ սերունդները և ոչ սերընդակիցները”:

Մելքոնյան Նունե. “Այսօր նշանակալի օր է: Մենք պետք է գնահատենք այն, ինչ նա տվել է մեզ, և աշխատենք ավելացնել դրա առավելությունները: Ես երջանիկ եմ, որ իմ սերունդներն ապրելու են Ազատ և Անկախ Հայաստանում”:

Մկրտչյան Աննա. “Բոլորիս շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ: Մեր երիտասարդ հանրապետությանը մաղթում եմ, որ ունենա այնքան երկար կյանք, որքան դեռ պետությունները կշարունակեն հասարակությունների կազմակերպման ձև հանդիսանալ Երկրի վրա: Քաղաքացիներիս մաղթում եմ ունենալ այնպիսի անկախ Հայաստան, որտեղ յուրաքանչյուրս անհամբեր կշտապի աշխարհի ցանկացած ծայրից` իրեն զգալով կարևոր, պահանջված ու ապահով”:

Նազարյան Հեղինե. “Ցանկանում եմ, որ Հայաստանը դարձնենք այնպիսին, որ մետրոյի գնացքում գրիչ վաճառող պապիկը շուտով մեծ գրախանութ բացի, իսկ նրա թոռնիկը՝ “Ankakh Print” հրատարակչություն… Շնորհավո՜ր 22-ամյակդ, Հայաստան…”

Սարգսյան Գայանե. “1991թ. սեպտեմբերի 21-ին իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։ Սակայն անկախության ուղին հանրապետության համար հեշտ չի եղել, լի տարբեր փորձություններով և դժվարություններով. անկախ Հայաստանը կտրվեց տնտեսական նախկին համակարգից, ընկավ շրջափաակման մեջ: Անցնելով այս դժվարին ճանապարհը, կարծես թե եկել հասել ենք մի կետի, երբ ավելի ամուր ենք կանգնած այն ճամփաբաժնին, որտեղ պետք է ցուցադրենք այս քաղցրադառը շնորհքի՝ անկախության հանդեպ մեր վերաբերմունքը”:

Օհանյան Կարինե. “Ցանկանում եմ Հայաստանին, որ այլևս երբեք չկորցնի իր պետականությունը, գնահատի անկախությունը և ապրի առանց պատերազմների աշխարհում, նաև՝ հաղթահարել մեր երկրի ներսում առկա բոլոր անարդարությունները, լուծել բոլոր սոցիալական խնդիրները և դառնալ այնպիսի պետություն, որում ոչինչ բարձր չէ Մարդուց… Մեր ազգն այնքան փորձությունների միջով է անցել, որ այսուհետ արժանի է լավագույն բաժնի…”

Լավագույն բարեմաղթանքներով՝

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ