Փորձագետների խումբը առաջարկներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում անվտանգության հարցերի վերաբերյալ

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանից հայ և ադրբեջանցի փորձագետները տարածել են երկու փաստաթուղթ, որոնք մշակվել են նրանց հերթական հանդիպման ժամանակ Բեռլինում: Ավելի վաղ ներկայացրել ենք փաստաթղթերից առաջինը, որը ներառում էր երկխոսության հարթակների ձևաչափի հարցերի վերաբերյալ առաջարկներ: Ստորև ներկայացնում ենք երկրորդ փաստաթուղթն ամբողջությամբ, որը ներառում է առաջարկներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում անվտանգության հարցերի շուրջ:

“2013 թվականի սեպտեմբերի 13-17-ը Բեռլինում “Հաղթահարելով փակուղին” ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ԼՂ հակամարտության տարածաշրջանի փորձագետների հերթական հանդիպումը: Հիմնվելով միջազգային մարդասիրական իրավունքի վրա` խումբը մի շարք առաջարկներ է ներկայացրել հակամարտության գոտում անվտանգության ամրապնդման առնչությամբ: Մշակված առաջարկները վերաբերում են անվտանգության խնդիրների այն հարցերին, որոնց շուրջ կողմերին հաջողվել է հասնել կոնսենսուսի: Միաժամանակ սույն փաստաթուղթը չի հավակնում հակամարտության գոտու անվտանգության խնդիրների ամբողջական դիտարկմանը:

Խումբն առաջարկում է՝

  • կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և կանխել խաղաղ բնակչության և զինծառայողների շրջանում զոհերի հանգեցնող ցանկացած գործողություն,
  • մշակել հրադադարի ռեժիմի պահպանման քաղաքացիական հսկողության ակտիվացման միջոցառումներ,
  • մշակել քսենոֆոբիայի, ատելության լեզվի և բռնության դրսևորումների բացառման միջոցառումներ,
  • նախաձեռնել իրենց տները հարկադրաբար լքած բոլոր անձանց անվտանգ վերադարձի և/կամ փոխհատուցման իրավական նորմերի և երաշխիքների մշակման ապաքաղաքականացված գործընթաց,
  • ուսումնասիրել աշխարհում ապառազմականացված գոտիների փորձը և դրա կիրառման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

Սույն փաստաթուղթը կազմվել է Ջորջ Մեյսոնի համալսարանի Հակամարտությունների վերլուծության և հաղթահարման ֆակուլտետի Խաղաղաշինության փորձի կենտրոնի (ԱՄՆ) և Հակամարտությունների տրանսֆորմացման “Իմեջին” կենտրոնի կազմակերպչական օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրագործվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և ընկերակցության հարցերի նախարարության աջակցությամբ”:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ