ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջան. անդրադարձ եվրաինտեգրման գործընթացին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վերահաստատել է Ուկրաինայի հաստատակամությունը ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը:

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Նյու-Յորքում ընթանում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամենամյա 68-րդ նստաշրջանը, որի շրջանակներում շուրջ 130 երկրների ղեկավարներ հանդես են գալու ելույթներով, տեղի են ունենալու մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ: Երեկ՝ սեպտեմբերի 24-ին ելույթով է հանդես եկել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Յանուկովիչն առաջարկել է Ուկրաինայի եվրաինտեգրման նկրտումները դիտարկել կայուն զարգացման պրիզմայի ներքո: Նա նշել է, որ Ուկրաինան իր ներդրումն է ունենում Մեծ Եվրոպայի ծրագրի մեջ, որը կմիավորի Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների շահերն ու նպատակները: «Խորապես հավատում եմ, որ այս տարվա նոյեմբերին Ուկրաինայի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որը ներառում է խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում, կարևոր գործիք կդառնա Ուկրաինայի բնակիչների բարեկեցության բարձրացման համար և, համապատասխանաբար, կնպաստի Հազարամյակի Զարգացման նպատակներին հասնելուն մեր երկրի կողմից»,-ասել է Յանուկովիչը:

Ուկրաինայի նախագահն իր ելույթում անդրադարձել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժշտությանը, մասնավորապես՝ բոլոր տարածաշրջանների, այդ թվում նաև՝ արևելաեվրոպական շահերը հաշվի առնելու տեսակետից: Եվ առաջարկել է արևելաեվրոպական տարածաշրջանի երկրների համար մեկ լրացուցիչ ոչ մշտական անդամի տեղ հատկացնել Անվտագության Խորհրդի ընդլայնված կազմում:

ՄԱԿ ԳԱ շրջանակներում Յանուկովիչը հանդիպում է ունեցել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: ԵՄ տարածած մամլո հաղորդագրության մեջ ասվում է. «Նրանք ԵՄ հակվածությունն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հետ Ասոցացման օրակարգով՝ համահունչ երկրի սուվերեն որոշմանը: Մինչև նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովն Ասոցացման համաձայնագրի / ԽՀԱԱՀ ստորագրման համար պայմաններ ստեղծելու նպատակով երկու նախագահները կոչ են արել նախագահ Յանուկովիչին կատարել նախանշված գործողությունները և զգալի առաջընթաց ապահովել 2012թ. դեկտեմբերին սահմանված պահանջները բավարարելու համար, ներառյալ խտրական արդարադատության հարցը»:

Արևելյան գործընկերության երկրների եվրաինտեգրման գործընթացն ու Ռուսաստանի կողմից նրանց վրա գործադրվող ճնշումները քննարկվել են նաև ԵՄ Բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև: Ինչպես հաղորդում են Քեթրին էշթոնի մամլո ծառայությունից, ԵՄ Բարձրագույն հանձնակատարը ԵՄ մտահոգությունն է հայտնել Արևելյան որոշ գործընկերների նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառված առևտրային և մաքսային միջոցների վերաբերյալ: էշթոնն ընդգծել է, որ այս միջոցները ներդաշնակ չէին Ռուսաստանի կողմից ընդունված այնպիսի սկզբունքներին, ինչպիսիք են միջազգային օրենքին համահունչ այլ երկրների հետ ազատ հարաբերվելու և հարաբերություններ կառուցելու յուրաքանչյուր երկրի իրավունքը:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ