Սահմանից այն կողմ

Չնայած 1994 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում ստորագրված հրադադարի մասին պայմնագրին՝ ճակատի տարբեր հատվածներում փոխհրաձգությունը շարունակվում է: Սահմանային հրաձգության հետևանքով առավել տուժում են այն գյուղերի բնակիչները, որոնք տեղակայված են անմիջապես սահմանի մոտ, և այդ մարդկանց համար պատերազմը, կրակոցները, թշնամին բավական ակտուալ՝ “այսօրվա կյանքի” հասկացություններ են: Եվ, ի տարբերություն ավագ սերնդի, որն ունի միմյանց հետ խաղաղ, մինչպատերազմական շփման փորձ, այսօրվա երիտասարդությունը սահմանից այն կողմ բնակվող իր հասակակիցներին նայում է դիմակայության և ամենօրյա

“պատերազմի” ոսպնյակով, որոնց ավելանում է նաև պաշտոնական քարոզը, որն հնչում է հակամարտության երկրներում: Այդ իսկ պատճառով, սահմանամերձ շրջաններում բնակվող բազմաթիվ երիտասարդների համար “սահմանից այն կողմ” իրենց հասակակիցները թշնամիներ են հանդիսանում և ընդհանրապես նման չեն իրենց…

Սակայն եթե սահմանամերձ շրջանների երիտասարդներին ցույց տրվեն նախորդ տարի “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ, “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” և “Հումանիտար հետազոտությունների հանրություն” ՀԿ-ների կողմից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված “Together” խաղաղաշինական ծրագրի երիտասարդ մասնագետների համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքները՝ լոգո, կարգախոս, տեսահոլովակ, երգ, նկարներ, եթե նրանց տրվի հնարավորություն՝ շփվելու իրենց “թշնամի” – հասակակիցների հետ, հնարավոր է՝ որոշ ժամանակ անց սահմանին արձակված մեկ փամփուշտ պակասի…

Կան մարդիկ, որոնք հավատում են նման հնարավորությանը: “Together” խաղաղշինական ծրագրի առաջին փուլի նախաձեռնողները, որն իր շուրջն է հավաքել բազմաթիվ երիտասարդ դիզայներների, լուսանկարիչների, երաժիշտների, բանաստեղծների, կլիպմեյքերների և այլոց, որոշել են շարունակել իրենց աշխատանքը հայ և ադրբեջանցի երիտասարդենրի հետ՝ այժմ արդեն նրանց հետ, ովքեր ապրում են սահմանի տարբեր կողմերում…

“Եվրոպական ինտեգրացիա”, “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ”, “Հումանիտար հետազոտությունների հասարակություն” ՀԿ-ներն ընթացիկ տարվա սեպտեմբերից որոշել են խաղաղ բանակցությունների մեջ ընդգրկել “կրակոցներից առավել տուժող” սահմանամերձ շրջանների երիտասարդներին, նրանց համար ստեղծել կարծիքների պարբերաբար փոխանակման հարթակ: Ծրագրվում է, որ երիտասարդները, որոնք ապրում են Իջևանի և Ղազախի, Մարտակերտի ու Նավթալանի սահմանի մոտ, հակառակ կողմի իրենց հասակակիցների հետ վիրտուալ շփման հնարավորություն կստանան, բացի այդ կայցելեն “Together” ծրագրի՝ “Աշխարհը հայերի և ադրբեջանցիների աչքերով” լուսանկարների ցուցահանդեսը, որում ներառված են հայերի և ադրբեջանցիների լուսանկարներն իրենց աշխարհայացքով: Երկխոսության մասնակիցները նաև հնարավորություն կստանան մասնակցել “Together” երգի անգլերեն տեքստի մրցույքին և շփվել “Together”-ի Facebook-յան էջում: Նրանք նաև կարող են “Խաղաղություն” թեմայով իրենց լուսանկարներն ուղարկել, որոնց միջոցով հասարակությունը կհասկանա, թե ինչպիսին են տեսնում իրենց ապագան սահմանամերձ շրջանների բնակիչները:

“Together” ծրագրի նախաձեռնողների կարծիքով, նման աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ “նոր հայացքի” համար դեպի այնտեղ, որտեղից երևացել են միայն փամփուշտներ: Նրանք հավատում են, որ սահմանի տարբեր կողմերից շփումը հնարավոր է, որ արվեստը կարող է քաղաքական սահմանափակումներից վեր լինել և որ մարդիկ, որոնք խաղաղություն են տենչում, կան նույնիսկ այնտեղ, որտեղից կրակում են…

Աղբյուրը՝ armedia.am