“Երբ խոսքը գնում է արտաքին թշնամու մասին, ազգը համախմբվում է”

Սեպտեմբերի 28-29-ին Երևանում տեղի ունեցավ “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի հերթական փուլը, ևս մեկ անգամ հնչեց երիտսարդության ձայնը, բարձրաձայնվեցին նոր, թարմ ու հետաքրքիր կարծիքներ այսօր ՀՀ համար կարևոր նշանակություն ունեցող երկու թեմաների՝ ղարաբաղյան հակամարտության և ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Քննարկումների երկու օրերի ընթացքում երիտասարդների համար զեկույցով հանդես եկան նաև մասնագետներ՝ տալով հավաքվածներին հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

Հանդիպումների առաջին օրը “Կոնֆլիկտի կարգավորման կարծրատիպեր. նրանց հաղթահարման հնարավորությունները” թեմայի շուրջ խոսեց “Այգ” հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեթերապիայի և հոգեբանական խորհրդատվության բաժնի ղեկավար, Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Մարիա Թևոսյանը:

Իր ելույթի ընթցաքում Մարի Թևոսյանը շոշափեց այնպիսի հարցեր, ինչպիսին են հակամարտության էությունը, տեսակները, էթնոկոնֆլիկտի առանձնահատկությունները, հակամարտության լուծման հնարավոր մեխանիզմները և այլն:

Նրա խոսքերով, չի կարելի փնտրել լուծում, առանց կոնֆլիկտի էությունը հասկանալու:

Ինչպես նշեց փորձագետը, կոնֆլիկտը դա հակասությունների բախում է, քանի որ դրանք կան ամենուր: Այդուհանդերձ, ոչ բոլոր հակասություններն են ենթադրում կոնֆլիկտի ձևավորում: Դրա համար նախ պետք է տեղի ունենա բախում, պետք է ի հայտ գան դրտապատճառներ, լինի հակամարտության սուբյեկտների հակադրություն: Կոնֆլիկտի սուբյեկտներն ունեն շահեր, հետաքրքրություններ, որոնք բախվում են որևէ օբյեկտի շուրջ: Էթնոկոնֆլիկտների մասին խոսելիս մոռացվում են բուն ազգային շահերը, և սկսվում են շատ այլ պրոցեսներ, ավելի շատ կողմերը ցանկանում են հաստատել իրենց դիրքերը, սկզբունքները:

Փորձագետը ներկայացրեց կոնֆլիկտի զանազան տեսակները՝ փորձելով դրանք պրոյեկտել ղարաբաղյան հակամարտության վրա: Կոնֆլիկտի տեսակներից նա նշեց ներանձնային, սոցիալական, օբյեկտիվ և սուբյեկտիվ և այլ տեսակներ: Որպես կոնֆլիկտի ևս մեկ տեսակ նշվեց դրա թաքնված, լատենտ շրջանը: Սա փակ փուլ է, որի ընթացքում խմորվում է հակամարտությունը, երբ տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ, որոնք հետագայում ազդում են հակամարտության վրա:

Մարիա Թևոսյանի խոսքերով, երբ խոսքը գնում է արտաքին թշնամու մասին, ազգը համախբվում է, ինչը դրական հատկանիշ է: Սակայն կոնֆլիկտը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ, հատկապես երբ այն չի հաղթահարվում:

Ըստ պատճառների՝ հակամարտությունները լինում են նպատակների, արժեքեների, հայացքների, զգացմուքննենրի, պատմական: Մեր էթնոկոնֆլիկտը պարունակում է գրեթե բոլոր տեսակի պատճառներ: Այս կոնֆլիկտը միայն էթնիկ դաշտը չի ընդգրկում, այն դառնում է տնտեսական, քաղաքական”, – ասաց փորձագետը:

Թևոսյանի խոսքերով, մեծ խնդիրը միանգամից հնարավոր չէ լուծել: Կոնֆլիկտը լուծել նշանակում է հաշվի առնել դիմացինի շահերը: Կոնֆլիկտը լուծելու համար պետք է հույզերն առանձնացնել խնդրից:Երբ ծագում է կոնֆլիկտ, մարդն ուզած-չուզած պետք է այն լուծի: Ուստի կոնֆլիկտը մեզ ստիպում է լուծում փնտրել:

Անդրադարձ կատարվեց նաև կոնֆլիկտում առկա մարտավարություններին, որոնք օգնում են լուծել այն: Դրանք են՝ մրցակցություն, համագործակցություն, խուսափում, զիջում, փոխզիջում: Ըստ Թևոսյանի՝ ամենալավ տարբերակը համագործակցությունն է. սա այն դեպքն է, երբ բոլոր կողմերը շահում են:

Մարիա Թևոսյանի խոսքի ավարտից հետո լսարանում տեղի ունեցավ քննարկում: Քննարկվող հարցերից մեկը եղավ հայերի և ադրբեջանցիների հնարավոր նմանություններն ու տարբերությունները: Այս հարցում լսարանի կարծիքը հստակ բաժանվեց: Հնչեցին դեմ և կողմ կարծիքներ:

Աշխատանքային օրվա երկրորդ հատվածում “ղարաբաղյան կարգավորման գործընթացը. իրավիճակը տարածաշրջանում և արտաքին ազդակները” թեմայով զեկույցով հանդես եկավ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահի խորհրդական, “Realpolotik” հեռուստածրագրի ղեկավար, մեկնաբան Աննա Մկրտչյանը: Նա ներկայացրեց բանակցային գործընթացի ընթացքը՝ նշելով, որ հակամարտությունը հնարավոր չէ արագ լուծել, քանի դեռ հակամարտության երկու կողմերի ժողովուրդների միջև չի վերացվել թշնամանքը: Զեկույցից հետո կրկին տեղի ունեցավ քննարկում, հնչեցին բազմաթիվ հարցեր ու դրանց պատասխաններ, որից հետո տեղի ունեցավ աշխատանքային օրվա ամփոփում:

Հիշեցնենք, որ “Երիտասարդության ձայնը 3″ ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ