“Երիտասարդության ձայնը 3″. “Ոլորտում մասնագիտացող երիտասարդների համար արդյունավետ և արժեքավոր ծրագիր”

“Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի հերթական փուլի երկրորդ աշխատանքային օրը նույնպես բավական բուռն և հետաքրքիր անցավ: Այս անգամ շեշտն առավել դրվել էր երիտասարդների հետ անհատական և խմբային աշխատանքներ, բանավեճեր անցկացնելու վրա: Նրանց համար ելույթով հանդես եկավ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Նա խոսեց “Հայաստան – ուժային կենտրոններ փոխլրացնող հարաբերություններ” թեմայի շուրջ՝ միաժամանակ փորձելով երիտասարդների հետ հարց ու պատասխանի միջոցով վերլուծել Հայաստանի քաղաքականությունը՝ կապված “մեր երկու ինտեգրացիոն գործընթացների հետ”:

Մարկարովի կարծիքով, սեպտեմբերի սկզբին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը մեկ շաբաթվա կամ մի քանի օրվա ընթացքում կայացրած որոշում չէր, դրա մասին մտածել են երկար ժամանակ՝ հաշվի առնելով բոլոր առավելություններն ու թերությունները:

Փորձագետը փորձեց երիտասարդների հետ վերլուծել նաև այն հարցերը, թե ի՞նչ է մեզ տալիս միացումը Մաքսային միությանը, ինչպե՞ս պետք է կառուցել փոխհարաբերությունները երկու բևեռների հետ՝ հաշվի առնելով պետության ներսում առկա շահերը: Համեմատություն անցկացվեց ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև Հայաստանի համար կարևորության տեսանկյունից:

Մարկարովն իր խոսքում անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրին, մասնավորապես այն հարցին, թե ինչպես է Եվրոպան նայում հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքերով, Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բազմիցս նշել է, որ եվրոպան տեսնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներում: Ինչ վերաբերում է հայ թուրքական հարաբերություններին, ապա Եվրոպան պատրաստ է օժանակել առանց նախապայմանների բանակցություններ սկսելուն և սահմանը բացելուն: Սակայն Մարկարովը կատարեց հետևյալ հարցադրումը. “Իսկ օժանադակություն ասելով Եվրոպան ի՞նչ է հասկանում: Անհրաժեշտ են քայլեր, ոչ թե պարազապես խոսքեր”:

Մասնակիցներից մեկի այն հարցին, թե Մաքսային միության վերջնական ձևավորումից հետո որքանով եվրասիական միության համար հետաքրքիր կլինի Ադրբեջանի միացումը, Մարկարովը պատասխանեց, որ Ադրբեջանն ինքը բնականաբար կփորձի խուսափել այդ անդամակցությունից, քանի որ ունի իր ներքին հարստությունը:

Աշխատանքային երկու օրերի վերջում ծրագրի մասնակիցներին հանձնարարվեցին տնային աշխատանքներ քննարկված թեմաների շրջանակներում: Այդ աշխատանքների արդյունքների և ծրագրին ցուցաբերած մասնակցության հիման վրա կընտրվեն 7-9 մասնակիցներ Արցախի Հանրապետություն մեկնելու և “Երիտսարդության ձայնը 3” ծրագրի այնտեղի մասնակիցների հետ համատեղ կոնֆերանսի մասնակցելու համար:

Ծրագրի մասնակիցները գնահատման թերթիկներում իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունեցան: Նրանցից շատերի կարծիքով, սեմինարների շարքն արդյունավետ էր, թեմաների ընտրության հարցում կատարված էին ճիշտ շեշտադրումներ, ընտրված էին արդիական և մտահոգիչ թեմաներ: Երիտասարդներից մեկի խոսքերով, “նման ֆորմատի դեպքում հնարավորություն ես ունենում ոչ միայն լսել փորձագետներին, այլև լսել մասնակիցների կարծիքներն ու փաստարկները”: Մասնակցիներից շատերը ցանկություն էին հայտնել, որ ծրագիրը լինի շարունակական, քանի որ այս նախաձեռնությունը եղել է և մնում է ոլորտում մասնագիտացող երիտասարդների համար չափազանց արդյունավետ և արժեքավոր:

Հիշեցնենք, որ “Երիտասարդության ձայնը 3″ ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ