Կմնա՞ արդյոք անկախ Կատալոնիան ԵՄ-ի կազմում

2013 թվականի սեպտեմբերի 11-ին Կատալոնիայի անկախության օրվա առթիվ շուրջ երկու միլիոն կատալոնացիներ 400 կիլոմետր երկարությամբ մարդկային շղթա կազմեցին Իսպանիայի հետ “սահմանի” վրա: Այս ազդեցիկ ցույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Կատալոնիայի բնակչության մեծամասնությունը՝ գրեթե 80%-ը, ցանկանում է ինքնուրույն որոշել իր ապագան իբրև ժողովուրդ, իսկ 55%-ը պատրաստ է քվեարկել անկախության օգտին:

Նշենք, որ Կատալոնիայում ապրում է 7,2 միլիոն մարդ, ինչը կազմում է Իսպանիայի բնակակչության 16%-ը: Կատալոնիան, որն Իսպանիայի 17 ինքնավար շրջաններից ամենամեծն է, ապահովում է ողջ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 19%-ը:

2013 թվականին Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց ինքնիշխանության մասին հռչակագիր, որի հիման վրա կատալոնական իշխանությունները ծրագրում են 2014 թվականին հանրաքվե անցկացնել, թեև պաշտոնական Մադրիդը հրաժարվում է դիտարկել Կատալոնիայի անկախության հարցը` առաջարկելով միայն քննարկել շրջանում առկա խնդիրները:

Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն կայանա, և Կատալոնիան անկախանա, ապա գլխավոր խնդիրը Կատալոնիայի համար կլինի ԵՄ-ում Կատալոնիայի անդամակցության հարցը: Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հայտարարել է, որ «կատալոնացիները խորապես եվրոպամետ են և մենք չենք պատկերացնում ապագան Եվրոպական Միությունից դուրս»: Այն հարցի շուրջ, թե արդյոք անկախ Կատալոնիան կմնա ԵՄ-ի կազմում, բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ են հնչում:

Անկախության օրվան նվիրված ցույցից հետո Եվրոպական Հանձնաժողովի իսպանացի անդամ Խոակին Ալմունիան հայտարարել է, որ «անկախ Կատալոնիան ինքնաբերաբար դուրս կմնա ԵՄ-ի կազմից: ԵՄ անդամ դառնալու համար Կատալոնիան ստիպված կլինի անցնել բանակցությունների և անդամակցության գործընթացի միջով»: Սա, թերևս, միակ նմանատիպ հայտարարությունը չէ: Բայց որքանո՞վ են նման հայտարարություններն արտահայտում ԵՄ իրավական դրույթները:

EUobserver կայքը գրում է, որ ԵՄ պայմանագրերն իրականում լուռ են այն հարցում, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե անդամ-պետության որևէ հատված ինքնորոշման արդյունքում անկախանում է: Հետևաբար ԵՄ կառույցների կամ ներկայացուցիչների բոլոր հայտարարություննները քաղաքական բնույթ ունեն, այլ ոչ թե իրավական:

Նախկինում տեղ դտած նմանատիպ անկանխատեսելի իրավիճակներում ԵՄ-ն ընդհանուր որոշում է կայացրել բանակցությունների և համաձայնությունների հիման վրա: Հենց այդպես եղավ, երբ, օրինակ, Արևելյան Գերմանիան միացավ Արևմտյան Գերմանիային, կամ երբ Գրենլանդիան որոշեց դուրս գալ ԵՄ-ից՝ չնայած ԵՄ անդամ-պետության՝ Դանիայի հատված էր: Հետևաբար կարելի է ակնկալել, որ Կատալոնիայի պարագայում ևս պրագմատիկ որոշում կկայացվի, չէ որ ժողովրդավարությունը եվրոպական պայմանագրերի հիմնարար սկզբունքներից է, և Կատալոնիան չպետք է պատժվի այս սկզբունքի կիրառման համար:

Կատալոնիան համապատասխանում է ԵՄ-ում մնալու բոլոր չափանիշներին և պահանջներին: Բացի այդ, Կատալոնիան երկար ժամանակ է կիրառում է ԵՄ օրենսդրությունը և ստիպված չի լինի անցնել անդամակցության ողջ գործընթացի միջոցով: Ի վերջո, Կատալոնիայի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի տնտեսական շահերից:

Իսկ եթե անկախ Կատալոնիան, այնուամենայնիվ, դուրս մնա Եվրամիությունից, ապա, բնականաբար, կզրկվի բազմաթիվ առավելություններից, սոցիալական իրավունքներից և տնտեսական պաշտպանության մեխանիզմներից: Իրավիճակի նման զարգացման դեպքում Կատալոնիան դուրս կգա եվրոպական միասնական շուկայից՝ կորցնելով 28 երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորությունը: Ինչպես նաև դուրս կգա եվրագոտու համակարգից, որը համապատասխան օգնություն է ապահովում պարտապան-երկրներին:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ

Հեղինակ՝ Արփինե Հովսեփյան