Այս շաբաթ Եվրոպայում…

Մեր տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Հոկտեմբերի 7-8-ին ԵՄ-ում նախագահող Լիտվայի նախաձեռնությամբ Լյուքսեմբուրգում կայանալու է Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ՆԳ նախարարների առաջին հանդիպումը: Օրակարգում են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը, բազմակողմ և տեղական մակարդակում դատական համագործակցությունը, պայքարը կոռուպցիայի և կիբերհանցավորության դեմ:

Լյուքսեմբուրգում կայանալու է նաև Արևելյան գործընկերության երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը:

Հոկտեմբերի 7-13-ը Ստրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդարանի պլենար նստաշրջանը: Հոկտեմբերի 9-ին քննարկման է դրվելու ԵՄ-ՀՀ Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հարցը: Չորեքշաբթի օրն ակնկալվում է բանաձև ընդունել Սիրիայից փախստականներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Հինգշաբթի կորոշվի մտքի ազատության համար պայքար մղողներին շնորհվող Սախարովի մարցանակի հաղթողի անունը: Թեկնածուների թվում է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Հոկտեմբերի 11-ին ԵՄ ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Կիև:

Հոկտեմբերի 11-ից 14-ը Դուբրովնիկում, Խորվաթիա, տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի 59-րդ ամենամյա նստաշրջանը, օրակարգում ընդգրկված են Սիրիայի, Մերձավոր Արևելքի և այլ հարցեր:

Հոկտեմբերի 13-ին Բուդվայում, Չերնոգորիա, մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված է ԽՎ նիստ՝ նվիրված Միջերկրական ավազանին, ինչպես նաև քննարկվելու են մարդու իրավունքների պաշտպանությունը, պայքարն ահաբեկչության դեմ, հասարակությունների ինտեգրացիան և այլն:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ