“Արցախի երիտասարդության ձայնը”. “Դուրս գալ իներտ վիճակից”

Մենք արդեն գրել ենք “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագրի մասին, որն այս օրերին տեղի է ունեցել Ղարաբաղի “Մեսրոպ Մաշտոց” համալսարանում: Հետաքրքիր զեկույցներից բացի, երիտասարդական թրեյնինգի մասնկաիցներն ունեին նաև հայկական երկու պետությունների արտաքին քաղաքականության առավել ակտուալ թեմաների շուրջ իրենց մտքերը և գաղափարներն արտահայտելու հրավորություն: Երկու օրերի ընթացքում ղարաբաղյան հակամարտության շրջանից փորձագետների առաջարկների վերլուծության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին երեք հայտարարությունների համեմատության գործնական պարապմունքերն ուղեկցվում էին Հայաստանի և Ղարաբաղի ինտեգրացիոն գործընթացների շուրջ քննարկումներով: Հայաստանի ինտեգրման եվրոպական և եվրասիական ուղությունների թեման թրեյնինգի մասնակիցների գնահատմամբ առավել ակտուալ է այսօր, սակայն դրա մասին առավել արդյունավետ հնարավոր կլինի խոսել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո:

Արդեն ավանդույթ է դարձել նաև այն, որ “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագրի շրջանակներում իրականացվող թրեյնինգների ընթացքում երիտասարդներն իրենց առաջարկներ են ներկայացնում “ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացում, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացում” թեմաների շուրջ, և այդ առաջարկները ծրագրի կազմակերպիչների մտահաղացմամբ երբևէ կարող են “ճանապարհային քարտեզ” դառնալ Ղարաբաղի իշխանությունների համար, որոնց միշտ պետք են թարմ գաղափարներ…

Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Քրիստինե Բեգլարյանի խոսքերով, հենց երիտասարդությունից, նրա հետաքրքրվածության աստիճանից և գիտելիքների մակարդակից է կախված այն, թե ինչպես Ղարաբաղի երիտասարդության ձայնը կհնչի աշխարհում: Նա գտնում է, որ նման ծրագրերը և տարբեր մասնագետների հետ անձնական շփումը Ղարաբաղի երիտասարդությանը հնարավորություն են տալիս ստանալ նոր գիտելիքներ և հասկանալ, թե ինչպես պետք է խոսել միջազգային հանրության հետ:

Նրա համակուրսեցի Ժիրայր Ազիզյանը կարծում է, որ նման միջոցառումներ պետք է ավելի հաճախ կազմակերպել, քանի որ դրանց շնորհիվ ձևավորվում են բազմաթիվ նոր պատկերացումներ Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքականության, ԵՄ-ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունների “խոհանոցի” և այլնի վերաբերյալ:

Իրավաբան Վահե Հարությունյանը նշում է, որ չափազանց կարևոր է, որ երիտասարդությունն սկսի մտածել և դուրս գա իներտ վիճակից, իր սոցիալական խնդիրներից և սկսի նոր գաղափարներ առաջ քաշել: Նրա խոսքերով, այսօրվա երիտասարդության շրջանում կան բազմաթիվ հետաքրքրված անձինք, որոնք անտարբեր չեն քաղաքականության հանդեպ, և նման թրեյնինգները տարբեր հնարավորություններ են ընձեռում ղարաբաղյան մտածող երիտասարդությանը:

Ինչպես ընդգծել են թրեյնինգի մասնակցիները, ցանկալի կլիներ, որ նման միջոցառումները պարբերական բնույթ կրեին, որպեսզի կապ պահվեր ծրագրի տարբեր փուլերի միջև, որպեսզի մասնակիցները թվով ավելի շատ լինեին և ավելի շատ ժամանեին այնպիսի մասնագետներ, որոնք իսկապես շատ տեղեկություն են հաղորդում, երբեմն երկու օրվա ընթացքում շատ ավելի, քան մեկ տարվա ընթացքում բուհերում…

“Արցախի երիտասարդության ձայնը” ծրագրի շրջանակներում իրականացվող թվով երրորդ թրեյնինգը, որը Ղարաբաղի մայրաքաղաքում իրականացվում է “Եվրոպական ինտեգրացի” և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ների կողմից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ, ավարտվեց: Սակայն արդեն հոկտեմբերի 9-10-ին Ղարաբաղի երիտասարդները Հայաստանից ժամանած իրենց հասակակիցների հետ շփվելու հնարավորություն կունենան, որոնք ղարաբաղ են մեկնելու հայկական երկու պետությունների արտաքին քաղաքականության առավել ակտուալ հարցերը քննարկելու համար: Երկու երկրների երիտասարդները ոչ միայն իրար ասելու բան կունենան, այլև ամենայն հավանականությամբ ընդհանուր շատ այլ բաներ, գտնելու համար այն, ինչ այսօր պետք է ասել ողջ աշխարհին…

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ