Խաղաղության նոբելյան մրցանակը ռեկորդային թվով թեկնածուներից շնորհվեց քիմիական զենքի դեմ պայքարի ներկայացուցիչներին

2013 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է Քիմիական զենքի արգելման կամզակերպությանը, որը պետք է ապահովի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Այս մասին այսօր հայտարարել են Օսլոյում:

Տեղեկանք 1

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) միջազգային կազմակերպություն է, որն ստեղծվել է ՄԱԿ աջակցությամբ 1997 թվականի ապրիլին՝ քիմիական զենքի արգելման մասին Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո: Կազմակերպության նպատակները հանդիսանում են քիմիական զենք օգտագործելու արգելքի վերահսկողությունը, դրա պաշարների ոչնչացումը, խաղաղ քիմիայի ոլորտում համագործակցության զարգացմանը նպաստելը, ինչպես նաև քիմիական զենքից պաշտպանվելու և դրա չտարածման հարցերում պետություններին օգնություն ցուցաբերելը: ՔԶԱԿ գրասենյակը գտնվում է Հաագայում:

“Ապառազմականացումն առանձնահատուկ կերպով նշված է Ալֆրեդ Նոբելի կտակում: Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովն ավելի վաղ տարբեր մրցանակների միջոցով ընդգծել է միջուկային զենքին վերջ դնելու անհրաժեշտությունը: Մրցանակը շնորհելով Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ Հանձնաժողովն իր ներդրումն է կատարում քիմիական զենքի ոչնչացման գործում”, – ասվում է Հաձնաժողովի մամլո հաղորդագրության մեջ:

ՔԶԱԿ-ը սեպտեմբերի վերջին հաստատեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը, որը միանում է այդ կազմակերպությանը՝ միաժամանակ պայքար մղելով հակակառավարական զինված խմբավորումների դեմ: Քիմիական զենքի ստեղծման համար տեխնիկան նախատեսվում է ոչնչացնել մինչև 2013 թվականի նոյեմբերի սկիզբը, իսկ քիմիական զենքի ողջ արսենալները՝ 2014 թվականի առաջին կեսում:

Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովն այս տարի ընտրություն կատարել է 259 թեկնածուներից, որոնցից 50-ը եղել են հասարակական և միջազգային կազմակերպություններ: Մոլորակի ամենահեղինակավոր մրցանակի համար թեկնածուների այսպիսի թիվը ռեկորդային է դարձել դրա գոյության 112 տարիների ընթացքում, ընդգծում է NEWSru.com-ը:

Տեղեկանք 2

Խաղաղության Նոբելյան մրցանակը ամենամյա միջազգային Նոբելյան մրցանակաբաշխության բաղկացուցիչ մաս է հանդիսանում: Մրցանակը շնորհվում է 1901 թվականից և հասարակական-քաղաքական ու մարդասիրական ոլորտներում ամենահեղինակավոր և ամենահայտնի միջազգային մրցանակն է համարվում:

Բուքմեյքերների գնահատականներով, 2013 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու ամենաշատ շանսեր ունեցել են պակիստանցի 16-ամյա իրավապաշտպան և կանանց կրթության իրավունքի համար պայքարող Մալալա Յուսուֆզայը, ով նախորդ տարի վիրավորվել էր “Թալիբան” շարժման զինյալների կողմից: Երկրորդ տեղում Կոնգոյից գինեկոլոգ Դենիս Մուկվեգն է եղել, ով հազարավոր կանանց է փրկել, որոնք բռնաբարության զոհ են դարձել Կոնգոյի պատերազմի ժամանակ: Երրորդ տեղում հայտնվել էին ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը և ամերիկացի հասարակական գործիչ Ջին Շարպը, ով քարոզում է ավտորիտար ռեժիմների դեմ պայքարի ոչ բռնի մեթոդը:

Նախորդ տարի խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել էր Եվրոպական միությանը Եվրոպայում խաղաղության, հաշտության, ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածման հարցերում կազմակերպության և նրա նախորդների 60-ամյա ներդրումի համար:

Նշենք, որ այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի չափը կազմել է 8 միլիոն շվեդական կռոն (1,2 միլիոն դոլար):

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ