Այս շաբաթ Եվրոպայում…

Մեր տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Հոկտեմբերի 13-ին Բուդվայում, Չերնոգորիա, մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը (13-15 հոկտեմբեր): Օրակարգում ընդգրկված է ԽՎ նիստ՝ նվիրված Միջերկրական ավազանին, ինչպես նաև քննարկվելու են մարդու իրավունքների պաշտպանությունը, պայքարն ահաբեկչության դեմ, հասարակությունների ինտեգրացիան և այլն:

Դուբրովնիկում, Խորվաթիա, շարունակվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի 59-րդ ամենամյա նստաշրջանը (հոկտեմբերի 11-ից 14-ը), օրակարգում ընդգրկված են Սիրիայի, Մերձավոր Արևելքի և այլ հարցեր:

Հոկտեմբերի 14-ին ու 15-ին Բրյուսելում, Բելգիա, տեղի կունենա Եվրոպայի հայերի 3-րդ համագումարը, որի ընթացում կքննարկվեն բազում հարցեր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստումից մինչև թուրքական ու ադրբեջանական լոբբինգի դիմագրավում:

Հոկտեմբերի 14-17-ին Ժնևում Իրանի հետ անց են կացվելու բանակցություններ միջուկային ծրագրի շուրջ։ Դրանց մասնակցելու է նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։

Հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը կհաստատի 2013թ. ԵՄ Ընդլայնման փաթեթը, որը կազմված է Ռազմավարությունից և ութ Առաջընթացի զեկույցներից՝ վերաբերող անդամակցության թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրներին։ Նմանատիպ փաթեթ հաստատվում է ամեն աշուն։ Այս տարվա փաթեթն անդրադառնում է Արևելյան Բալկաններին և Թուրքիային, բանակցություններին Իսլանդիայի հետ։ Փաթեթի հաստատումից հետո ԵՄ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես կգա մամուլի ասուլիսով։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ