Արցախի և Հայաստանի երիտասարդները քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները

ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացումը, չճանաչվածությունից բխող խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև հակամարտությանն առնչվող այլ խնդիրներ են քննարկվել մի խումբ երիտասարդների կողմից Ստեփանակերտում:

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերլուծություններ կատարելու և կարգավորման ուղիներ առաջարկելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ճանաչել Արցախը ու այն մարդկանց, ում ճակատագրին անմիջականորեն առնչվում է կարգավորումը։ Այդ նպատակով “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի շրջանակներում, որի նախորդ փուլում անցկացվել է երկօրյա թրեյնինգ-սեմինար Երևանում, հնարավորություն ընձեռեց ծրագրի մասնակիցներին այցելել Արցախ։ Հոկտեմբերի 9-11-ը երիտասարդները հնարավորություն ստացան սեփական աչքերով տեսնել Արցախը, հանդիպումներ ունենալ ԼՂՀ ԱԺ նախագահի, ԼՂՀ ԱԳ փոխնախարարի հետ, Արցախի տարբեր բուհերի ուսանողների հետ համատեղ կոնֆերանսի ընթացքում անցկացնել քննարկումներ և ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացումն այսօր օրակարգային կարևորագույն հարցերից մեկն է, քանի որ Արցախի չճանաչվածությունը մի շարք խոչընդոտներ է առաջացնում ոչ միայն քաղաքական գործընթացների համատեքստում, այլև քաղաքացիների առօրյա կյանքում: Վահե Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ չճանաչվածության և դրանից բխող՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: “Արցախի քաղաքացու ամուսնությունն արտերկրյա քաղաքացու հետ համարվում է անօրինական, քանի որ ամուսնության վկայականը տրվում է չճանաչված պետության կողմից”,- նշեց Վահե Հարությունյանը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ պետության գոյության հարցը կապելը ճանաչվածության հետ խախտում է երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Նա նաև ընդգծեց, որ Արցախում ստորագրված ակտերի միջազգային ճանաչումը և այդ ուղղությամբ կատարվող քայլերը կարող են քայլ առաջ գրանցել ԼՂՀ ճանաչման գործընթացում:

Երևանի և Ստեփանակերտի բուհերի ուսանողները ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացման մի շարք առաջարկներ հնչեցրին և քննարկեցին դրանց իրականացման հնարավորությունները: Քննարկվեցին նաև հակամարտության կարգավորման արդյունքում ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցը: “Մենք միասնական պետություն ունենալու խնդիր չունենք, կարևոր է ունենալ միասնական քաղաքականություն”,-նշեց Հարություն Մնացականյանը:

Հնչեցին նաև միասնական վերլուծական կենտրոնների ստեղծման, հասարակությունների ինտեգրման, աշխարհում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման և այլ առաջարկներ:

Առավել քննարկվող թեմաներից մեկը, թերևս, Արցախի և Հայաստանի հասարակությունների ինտեգրման խնդիրն էր: “Պետք է այսուհետ չլինեն հայաստանցիներ և ղարաբաղցիներ” ընդգծում էին երիտասարդները և կարևորում միմյանց հանդեպ կարծրատիպային վերաբերմունքի հաղթահարման անհրաժեշտությունը:

Երևանից ժամանած երիտասարդների համար հետաքրքիր էին նաև արցախցի երիտասարդների պատմությունները պատերազմի զրկանքների և, ինչու ոչ, նաև պատերազմի հետ կապված զվարճալի դեպքերի մասին: “Կարող է զարմանալի թվալ, բայց ես երջանիկ հիշողություններ ունեմ պատերազմից”,- ասաց Սիրանույշ Սարգսյանը՝ հիշելով իր մանկության տարիները, երբ չէր գիտակցում պատերազմի պատճառած տառապանքները, այլ այդ ամենին վերաբերվում էր որպես հեքիաթի ու նույնիսկ հետաքրքրությամբ հետևում կատարվածին: “Այժմ մենք հանգիստ ապրում ենք, բայց հասկանում ենք, որ մի օր կարող է այլևս այսպես չլինել”,- ցավով ընդգծեց Սիրանույշը՝ կարևորելով հակամարտության վերջնական կարգավորումը և նշելով, որ դրա ամենակարևոր գրավականը, թերևս, իր՝ Արցախում բնակվելն է: “Մենք պատրաստ ենք պատերազմել, սակայն պատերազմ չենք ուզում”,- ասում էին արցախցիները:

Քննարկումները նոր գաղափարների ու համատեղ աշխատանք ծավալելու հիմք ստեղծեցին՝ խորացնելով երիտասարդների պատկերացումը միմյանց մոտեցումների վերաբերյալ: Ի վերջո, ինչպես նշեց ԼՂՀ ԱԺ նախագահը, հենց այս սերունդն է մի քանի տարուց ստանձնելու քաղաքականության կերտման գործընթացը, և կարևոր է նրանց համատեղ աշխատանքն ու միասնական մոտեցումների մշակումը:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ