“Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի մասնակիցները՝ Արցախում կայացած հանդիպման մասին

Արցախյան հակամարտության կարգավորումն ամենից առաջ առնչվում է մարդկանց ճակատագրերին: Ուստի կարգավորման մասին խոսելիս ամենից առաջ անհրաժեշտ է պատկերացում կազմել Արցախի և նրա քաղաքացիների մասին, ճանաչել նրանց և նրանց մոտեցումները կարգավորման վերաբերյալ:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի շրջանակներում, որի նախորդ փուլում անց է կացվել երկօրյա թրեյնինգ-սեմինար Երևանում, հնարավորություն ընձեռեց ծրագրի մասնակիցներին այցելել Արցախ։ Հոկտեմբերի 9-11-ը երիտասարդները հնարավորություն ստացան սեփական աչքերով տեսնել Արցախը, հանդիպումներ ունենալ ԼՂՀ ԱԺ նախագահի, ԼՂՀ ԱԳ փոխնախարարի հետ, Արցախի տարբեր բուհերի ուսանողների հետ համատեղ կոնֆերանսի ընթացքում անցկացնել քննարկումներ և ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

“Այն, որ այսօր ունենք անկախ պետականություն, ամենամեծ ձեռքբերումն է: Միայն այդպես կարելի էր ապահովել հայկական այդ տարածքի հայերի անվտանգությունը”,- երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նշեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա փաստեց, որ տարիներ առաջ հնարավորություն չկար զբաղվելու հաջորդ սերնդի պաշտոնյաների պատրաստմամբ, սակայն այսօր կա այդ հնարավորությունը, և դա շատ կարևոր է: “Մենք պետք է խոսենք նույն լեզվով: Նման ծրագրերի միջոցով պետք է հստակեցվի՝ ինչ ենք մենք ուզում”,- ընդգծեց Ղուլյանը: Նա շեշտեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը՝ միասնական դաշտը համատեղ հասկանալու, հետագայում պետական մարմիններին միասնական առաջարկներ ներկայացնելու, ինչպես նաև երիտասարդ մասնագետների մասնագիտական կարիերայի ապահովման տեսակետից:

“Մի բան է ուսումնասիրել, հետազոտել ԼՂՀ սոցիալ-քաղաքական իրողությունները, լրիվ այլ բան է այդ ամենի անմիջական ականատեսը լինել: Շփումները ԼՂՀ քաղաքական գործիչների և ակտիվ երիտասարդության հետ կատարելապես փոխլրացրեցին իրար և մի ամբողջական պատկեր ստեղծեցին այժմյան իրականության մասին”,- նշում է ծրագրի երևանյան փուլի մասնակից Անահիտ Պողոսյանը:

“Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի թե՛ Երևանի, թե՛ Ստեփանակերտի փուլերի մասնակիցները նշեցին, որ երկար էին սպասել այս հանդիպմանը և համատեղ քննարկումներ անցկացնելու հնարավորությանը: Հիշեցնենք, որ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացնում է նաև “Արցախի երիտասարդության ձայնը” ծրագիրը՝ ներառող թրեյնինգների շարք Արցախի տարբեր բուհերի ուսանողների համար Երևանից մեկնած և արցախցի փորձագետների և պաշտոնյաների մասնակցությամբ:

“Անձամբ ես շատ եմ կարևորում նման կոնֆերանսների ու համատեղ քննարկումների անցկացումը, քանզի նախ անձնական մակարդակում այն շփումներ ու ծանոթություններ հաստատելու հնարավորություն է ստեղծում` ապահովելով Երևանի և Ստեփանակերտի մասնակիցների յուրօրինակ ինտեգրացիան, երկրորդն էլ` արդեն մասնագիտական մակարդակում թույլ է տալիս փոխանակել մտքեր ու գաղափարներ, քննարկվող հարցերի վերաբերյալ տեսակետներ ու կարծիքներ: Հուսամ` նման ձևաչափով համատեղ աշխատանքը շարունակական բնույթ կկրի”,-նշում է Ստեփանակերտում ծրագրի մասնակից Արմինե Մոսիյանը:

Կոնֆերանսի ընթացքում հնչեցին մի շարք զեկույցներ, սակայն, ինչպես նշեցին մասնակիցները, ամենակարևորը թերևս այն էր, որ հարթակ ստեղծվեց ակտիվ քննարկումներ անցկացնելու, համատեղ վերլուծություններ կատարելու և հետագա համագործակցության ուղիներ որոնելու համար: “Մինչև հիմա մտածել եմ, որ Հայաստանում Արցախի հանդեպ կա՛մ անտարբեր են, կա՛մ վերաբերմունքն առավել հուզական է: Այսօր ուրախ եմ, որ կա Արցախով լրջորեն հետաքրքրվող և զբաղվող երիտասարդություն”,- ասում է Վահե Հարությունյանը: Երևանից ժամանած մասնակիցները նույնպես իրենց տպավորությունները կիսեցին արցախցի երիտասարդների հետ շփումից. “Ուրախ եմ փաստել, որ այստեղ խնդրին ռացիոնալ են վերաբերվում՝ կողմ դնելով հուզականը”,- ասեց Լուսինե Քալանթարյանը:

Արտակ Ոսկանյանը կարևորեց աշխատանքը շարունակելն ու կոնֆերանսի ընթացքում հնչած կարծիքներն ու սեփական տպավորությունները հասարակության առավել լայն շերտերում տարածելը:

Երևանից ժամանած մասնակիցները նաև իրենց հիացմունքն ու երախտիքը հայտնեցին արցախցի իրենց գործընկերներին հյուրընկալության և ակտիվ ու անկեղծ քննարկումների համար: Երիտասարդներից յուրաքանչյուրն ընդգծեց, որ Արցախում իրեն զգում է ինչպես իր հայրենիքում և չի ունեցել հյուրի զգացողություն: “Ամենակարևորը մարդկային շփումներն էին: Այստեղ ունեցա նույնականության զգացում, ոչ մի տարբերություն չկա մեր մեջ”,- ընդգծեց Գոհար Երանյանը:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ