«Հանդուրժողականությունը չի նշանակում հանդուրժել անհանդուրժելին»

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում բացեցին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:

Խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Միջոցառման բացման արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը, ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Մայքլ Օ’Բրայենը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի անդամ Յոնաս Գունարսոնը, Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների Կոնֆերանսի նախագահ Ժան-Մարի Հեյդտը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մոհամեդ Ջավադը։

Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների, ԵԽ հիմնական կառույցների՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Գլխավոր քարտուղարության, ինչպես նաև միջազգային հաստատությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:

Երևանյան երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են ԵԽ անդամ պետությունների հասարակություններին հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռասիզմի և ատելության խոսքի դրսևորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության դերը այդ երևույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումների և ատելության խոսքի տարածման բացառումը և այլն:

Խորհրդաժողովը մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով:

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին՝ Նալբանդյանը մասնավորապես նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առաջնայնություններում շեշտադրվել է ռասիզմի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարը: «Այսօրվա մեր Խորհրդաժողովի մասնակիցների ներկայացուցչական կազմը ցույց է տալիս, որ այս խնդիրներն արդիական են ոչ միայն Եվրոպայի Խորհրդի տարածքում, այլև՝ դրա սահմաններից դուրս», – ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով, ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության և խտրականության երևույթների դեմ պայքարը տարիներ ի վեր գտնվում է Եվրոպայի Խորհրդի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, 1993թ. Վիեննայի գագաթաժողովն այս խնդրի վերաբերյալ ընդունեց հատուկ հայտարարություն և գործողությունների ծրագիր՝ հիմք դնելով Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին: 1997թ. Ստրասբուրգի գագաթաժողովը կոչ արեց հզորացնել այդ երևույթների դեմ պայքարը և կարևորեց այս ոլորտում Եվրոպական միության հետ համագործակցությունը, 2005թ-ի Վարշավայի գագաթաժողովը խստորեն դատապարտեց անհանդուրժողականությունն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներում և հաստատակամություն հայտնեց շարունակել այդ երևույթների դեմ կանխարգելիչ գործունեությունը՝ սկիզբ դնելով միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը, որը Նախարարների կոմիտեն հետևողականորեն իրականացնում է:

Նալբանդյանը նշում է, որ ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության և խտրականության երևույթներին, տարբեր տեսանկյուններով բազմիցս անդրադարձել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը: Բարձր գնահատանքի է արժանի Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի աշխատանքը, որն անդամ երկրների վերաբերյալ իր զեկույցներով և ընդհանուր քաղաքականության թեմատիկ առաջարկություններով վեր է հանում ինչպես կոնկրետ, այնպես էլ՝ ընդհանուր խնդիրներ:

ՀՀ արտգործնախարարը նաև կարևոր է համարել շեշտել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի մեխանիզմների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը այս երևույթների դեմ պայքարի գործում:

«Ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության, ծայրահեղականության տարբեր դրսևորումները նոր երևույթներ չեն, սակայն մեր օրերում, երբ փոփոխվել են տարածության ու ժամանակի ընկալումները, երբ երկրները դառնում են ավելի փոխկապակցված, երբ տեղեկատվությունը համացանցի միջոցով ակնթարթային արագությամբ հասանելի է դառնում միլիոնավոր մարդկանց համար, այս երևույթների դեմ պայքարն առավել քան կարևոր է և արդիական», – ընդգծել է Նալբանդյանը:

Անհանդուրժողականությունը և այլատյացությունը ոտնահարում են մարդկային արժանապատվությունը, հասարակության շրջանում ստեղծում թշնամու կերպար, սերմանում անվստահություն՝ վտանգելով մեր հասարակությունների ներդաշնակությունը: Մեր պատմության դառը փորձից գիտենք, որ այդ երևույթները կարող են հանգեցնել ատելության հողի վրա հանցագործությունների, անգամ մարդկության դեմ ոճիրների:

Երևանյան այս խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են մեր հասարակություններին հուզող հարցեր, ինչպիսիք են ռասիզմի և ատելության խոսքի դրսևորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության դերը այդ երևույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումների և ատելության խոսքի տարածման բացառումը և այլն: Այդ բոլոր հարցերը մնում են ոչ միայն այժմէական, այլ նաև լուրջ մարտահրավեր։ Մենք պետք է գործենք համապատասխան հայտնի ասացվածքի. «հանդուրժողականությունը չի նշանակում հանդուրժել անհանդուրժելին»:

ՀՀ արտգործնախարար Նալբանդյանը նաև իր վստահությունն է հայտնել առ այն, որ այս խորհրդաժողովում քննարկումները կօգնեն առավել ուղղորդված և արդյունավետ դարձնել հետագա գործունեությունը:

Աղբյուրը՝ «Արմեդիա» ՏՎԳ