Ղազախստանում հաջողվում է խուսափել կրոնի քաղաքականացումից

Ղազախստանի յուրահատկություններից մեկը բազմաթիվ կրոնների ու ազգությունների խաղաղ ու համերաշխ գոյակցումն է, փոխադարձ հարստացման ու համագործակցության վրա հիմնված միջավայրը։ Ազգամիջյան և միջկրոնական համերաշխության ապահովումը երկրի վարած հետևողական քաղաքականության արդյունք է, ինչն իր արտացոլումն է գտնում բոլոր ոլորտներում։

Ղազախստանում կրոնների բազմազանությունն ու դրանց համատեղ գոյության առանձնահատկությունները երեկ քննարկվել է Էջմիածին քաղաքում անցկացված “Բազմակրոն Ղազախստան. բարեհաջող գոյակցման փորձ” թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ։ Միջոցառումն կազմակերպվել է “Եվրոպական ինտեգրացի” ՀԿ-ի կողմից ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ իրականացվող “Ղազախստան. հաջողության գաղտնիքները” ծրագրի շրջանակներում։

Քննարկմանը զեկույցներով հանդես են եկել ՀՀ-ում ՂՀ դեսպան Ա.Բոզժեգիդովը, ՀՀ-ում ՂՀ դեսպանի խորհրդական Ա.Տոեկինը, Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը և Հայաստանում գերմանացիների մշակութային-հասարակական “Տևտոնիա” կազմակերպության ներկայացուցիչ Իրինա Հարությունյանը։

Դեսպանության ներկայացուցիչներն իրենց զեկույցներում ներկայացրել են ազգային փոքրամասնությունների և տարբեր կրոնների նկատմամբ Ղազախստանի կողմից վարվող քաղաքականությունը, դրանց միջև խաղաղության ապահովման միջոցներն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ա. Տոեկինը նշել է, որ Ղազախստանում

անթույլատրելի է կրոնի քաղաքականացումը,անհանդուրժողականությունն ու խտրականությունը։ “Մեզ մոտ կողք կողքի գործում են սենագոգն ու մզկիթը, կաթոլիկ ու ուղղափառ տաճարները, գործում է նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ սբ.Կարապետը”,-նշել է Տոեկինը։ Նա ընդգծել է, որ պետությունն ամենաբարձր մակարդակով թույլ չի տալիս կրոնական խժդժություններ և ապահովում է համատեղ գոյության համար անհրաժեշտ իրավական դաշտը։ Այդ տեսակետից հատուկ անդրադարձ է կատարվել ամեն տարի Աստանայում հրավիրվող Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համաժողովներին։

Մարկոս Եպիսկոպոսը, ով նաև Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համաժողովի քարտուղարության անդամ է, մանրամասն ներկայացրել է համաժողովների պատմությունն ու նշանակությունը, այն հարցերն ու խնդիրները, որոնք քննարկվում և լուծում են ստանում համաժողովների ընթացքում։

Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանում մահմեդականության առանձնահատկությունների, դրա “աշխարհիկ” բնույթի վրա։ Զեկուցողներն ընդգծել են, որ ղազախները հանդուրժող և հյուրընկալ են այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ։ Բանախոսները մեջբերել են երկրի նախագահ Նազարբաևի ուղերձը, որտեղ նա նշում է, որ ղազախ կնոջը հարիր չէ գլխաշոր կրել, նա աշխարհիկ կին է՝ իսկ գլխաշորերն օտար մշակույթների պարտադրանք են։

Իրինա Հարությունյանը, ով երկար տարիներ ապրել է Ղազախսանում, հատուկ ջերմությամբ ընդգծել է Ղազախստանի հյուրընկալությունն ու ազգային փոքրամասնությունների կարիքների հանդեպ ուշադրությունը։ “Կրոնների տարբերությունները Ղազախստանում ակնհայտ են դառնում միայն տոների և հուղարկավորությունների արարողակարգերի ընթացքում, երբ ակնհայտ են դառնում ավանդույթների տարբերությունները”,-նշել է Իրինան։ Նա ասել է, որ միջկրոնական և ազգամիջյան շփումների մեծ փորձը, որ նա ձեռք էր բերել Ղազախստանում, հետագայում իրեն օգնել է հեշտ հարմարվել հայկական միջավայրին։ Իսկ Իրինան, ինչպես և այլ գերմանացիներ, ժամանակին տեղափոխվել է Հայաստան ավելի մոտ լինելու համար սուրբ Արարատին։

Քննարկման մասնակիցների կողմից շեշտվել է այն հանգամանքը, որ տարբեր ազգությունների ու կրոնների համատեղ բնակությունն ու շփումները հարստացնում են նրանցից յուրաքանչյուրի մշակույթը, իսկ այդ խաղաղ գոյության համար շատ կարևոր է պետական ճկուն քաղաքականությունը։ Մեծ կարևորություն ունի երիտասարդ սերնդին տրվող կրթությունն ու հանդուրժողականության սերմանումը։

 Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ