Հայաստանը պետք է առաջադրի կոմունիկացիաների հարցն՝ իբրև Մաքսային միությանը միանալու պայման: Վ. Լեպյոխին

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵվրԱզԷՍ իստիտուտի գլխավոր տնօրեն, Մաքսային միության հանձնաժողովի քարտուղարության Գիտափորձագիտական խորհրդի անդամ Վլադիմիր Անատոլիի Լեպյոխինի հետ հարցազրույցը: Զրույցն անցկացվել է Վլադիմիր Լեպյոխինի՝ «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի հրավերով Երևան կատարած այցի ժամանակ:

-Ենթադրվում է, որ Եվրասիական Միության ճարտարապետներն ի սկզբանե ունեցել են ապագա միության սահմանների տեսլականը: Ի՞նչ տարածք այն պետք է ներառի: Ո՞ր երկրները կարող են մոտ ապագայում հրավեր ստանալ միանալու գոյություն ունեցող Մաքսային միությանը, իսկ հետագայում նաև Եվրասիական միությանը: Ո՞ր երկրների հետ են արդեն բանակցություններ տարվում:

Ենթադրվում է, որ միջսահմանային համագործակցության հաստատումից, Մաքսային միության շրջանակներում ապրանքների շրջանառության կարգավորումից և Եվրասիական տնտեսական միության աշխատանքի մեկնարկից հետո (2015 թվականի հունվարի 1-ից), երբ կընդլայնվեն ինտեգրացիոն ընդհանրության գործունեության հիմնական ուղղությունները, միությունը պետք է ներառի 4 պետություններ՝ Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը և Ղրղզստանը, եթե չհաշվենք Հայաստանը: Եթե Հայաստանն ավարտի Մաքսային միությանը միանալու գործընթացը և անմիջապես ԵվրԱզԷՍ-ին, կլինի 5 երկիր: Վեցերորդ երկիրը կարող է լինել Տաջիկստանը, սակայն անձամբ ես կասկածներ ունեմ, որ սա բացարձակ որոշված հարց է: Չի բացառվում տարածաշրջանում իրավիճակի ապակայունացում կապված Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման և տաջիկա-աֆղանական սահմանի վրա հնարավոր սադրանքների հետ: Հնարավոր է իրավիճակի ապակայունացում Ուզբեկստանի հետ, որը դժվար հարաբերություններ ունի Տաջիկստանի հետ: Այս առումով Տաջիկստանի դիմաց կարելի է հարցական նշան դնել:

Հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայի հետ, որովհետև սկզբունքորեն ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ Ուկրաինան կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ հետո խնդրի կամ առաջարկի մասնակցության տարբերակներ եվրասիական ձևաչափերով: Այդպիսի բան հնարավոր է:

Այլ թեկնածուների առկայությունը ևս հնարավոր է: Վիետնամն է դիմել, կան որոշ կոչեր Իրանի, Մոնղոլիայի, որոշ եվրոպական սլավոնական երկրների կողմից, առնվազն զրույցների մակարդակով: Առաջիկա 4-5 տարիների ընթացքում նպատակահարմար չէ ընդլայնել մասնակիցների թիվը, կարևոր է, որ այժմ ձևավորվող 5-6 երկրների համագործակցությունը հասնի մրցակցային մակարդակի, որպեսզի ակնհայտ դառնա աճի դինամիկան, ի հայտ գան մրցունակ զարգացման նոր ուղղություններ, և հետո նոր դիտարկել ընդլայնման հնարավորությունները: Չէ որ խնդիրը տարածքն ընդլայնելու կամ քանակի հետևից վազելու մեջ չէ, սա կայսերական նախագիծ չէ, ոչ էլ աշխարհաքաղաքական նախագիծ է, պետք չէ այն նման կերպ դիտարկել: Անհրաժեշտ է միությունը դիտարկել իբրև արդեն պատմականորեն իրար հետ կապված տնտեսությունների արդյունավետության բարձրացման զուտ տարածաշրջանային գործիք, հիմնականում վերականգնել տնտեսական կապերը, բարձրացնել արդյունավետությունը և մրցունակ դարձնել: Պետք չէ գերհավակնոտ նպատակներ սահմանել:

-Ձեր ասածից կարելի է նշել, որ Դուք չեք բացառում Ուկրաինայի վերադարձը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Ներկայացրե՛ք, խնդրում եմ, Ձեր մոտեցումը: Եվ ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել Վրաստանի և Մոլդովայի հետ կապված:

Չեմ բացառում: Մենք Ուկրաիանայի հետ այնպիսի սերտ տնտեսական կապեր ունենք, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ Ուկրաինայի համար այս կապերի խզումը հղի է ուժեղ տնտեսական կորուստներով, և մեզ համար ևս: Օրինակ, միայն 2013 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 25%-ով կապված Ուկրաինայի շարժման հետ դեպի ԵՄ: Սակայն, այնուամենայնիվ, մենք օբյեկտիվորեն հասկանում ենք, որ Ուկրաինան ինքն է հետքրքրված Ռուսաստանի հետ հարաբերություններով: Ուկրաինայի էլիտան հույս չի կապում «կամ» – «կամ» տարբերակի հետ: Կոնկրետ այս կլանի մոտ, որն այժմ գտնվում է իշխանության գլխում, գործում են բազմաթիվ այլ նկատառումներ: Նրանք հույս ունեին գրավել լրացուցիչ ընտրազանգված, սակայն սխալվում են, քանի որ կկորցնեն նաև իրենցը, և չեմ կարծում, որ իրենց կողմը կգրավեն Տիմոշենկոյի ընտրազանգվածին: Բացի այդ, նրանք ակնկալում են բարելավել իրենց կլանի տնտեսական վիճակը, կան ուղղություններ, որոնք կապված են Եվրոպա մետաղների արտահանման հետ, իսկ Ռուսաստանում մետաղներ անհրաժեշտ չեն: Նրանք մտածում են իրենց կլանային շահերի մասին՝ կարծելով, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, ընդառաջ կգնա:

Մոլդովայի հետ բավական դժվար է, քանի որ Մոլդովան ինքն է իրեն փակուղի տանում: Ներկայումս Մոլդովայի ղեկավարության մեջ կան ռումինական քաղաքացիությամբ անձինք, ովքեր կենտրոնացած են եվրոպական ուղու վրա: Մերձդնեստրի պարագայում եթե որևէ կերպ ճանաչվի անկախությունը և որդեգրվի Մերձդնեստրի անկախացման կուրս Մոլդովայից, ապա Մոլդովայի որևէ ետ վերադարձ չի լինի: Թեև ռուսական կողմից ամեն դեպքում կլինեն որոշակի նախապատվություններ Մոլդովայի քաղաքացիների նկատմամբ այն իմաստով, որ կապահովվի առանց վիզա մուտք Ռուսաստան, աշխատանքի իրավունք և այլն:

Վրաստանի վերաբերյալ տարբեր տեսակետներ են արտահայտվում, ոմանք կարծում են, որ Սաակաշվիլիի հեռանալուց և նոր ղեկավարության կազմավորումից հետո, որն ավելի պրագմատիկ, ավելի նորմալ կերպ է տրամադրված Ռուսաստանի հետ հարաբերություններ նկատմամբ, իրավիճակը կփոխվի: Սակայն ես կարծում եմ, որ անրաժեշտ է հուսալ, որ մոտ ապագայում սկզբունքորեն վերաբերմունքը Ռուսաստանի և Մաքսային միության նկատմամբ կփոխվի: Պրագմատիկ մոտեցումն, իհարկե, կգերիշխի, և ռազմական բնույթի որևէ ավանտյուրա հնարավոր չէ, ընդ որում, չնայած այս ողջ ռազմական պատմությանը՝ Ռուսաստանը մշտապես պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ: Սակայն խնդիրներ կան Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ, այսինքն սա ռուսական խնդիր չէ, սա վրացական խնդիր է, սակայն այն ռուսական է այն իմաստով, որ, այնուամենայնիվ, Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության մի մասը ՌԴ քաղաքացիներ են, և Ռուսաստանը ստիպված է ներկայացնել նրանց իրավունքները: Այս իմաստով վրացիներն, իհարկե, հակված են լուծել այս խնդիրը: Նրանք դժվար թե ձգտեն մտնել Մաքսային միություն առանց այն լուծելու: Կպահպանվի իրավիճակը, երբ Վրաստանը ուղղված կլինի դեպի ԱՄՆ, ինչպես և այժմ: Սակայն դրա հետ միասին կլինի առանց վիզայի ռեժիմը, տնտեսական կապերը կզարգանան առանց Մաքսային միության գրանցման:

-Գաղտնիք չէ, որ տնտեսական ինտեգրացիայի արդյունավետությունը մեծապես կախված է կոմունիկացիոն ճանապարհներից: Հայաստանն այս առումով գտնվում է բավական բարդ իրավիճակում: Կարելի՞ է արդյոք ակնկալել աջակցություն Մաքսային միության դաշնակից երկրների կողմից Հայսատանի-Իրան երկաթգծի բացման և Աբխազական երկաթգծի գործունեության վերսկսման հարցում:

Հենց դա է հարցը, որ, օրինակ, Ռուսաստանի տեսակետից, եթե հաշվի չառնվի երկրի ղեկավարությունը, որը հասկանում է խնդրի քաղաքական կողմը, այլ դիտարկվի ռուսական բյուրոկրատիան, որը Մաքսային միության շրջանակներում պետք է գործընթացներ կառուցի, ապա պարզ է, որ նրա համար առանցքային խնդիր է էներգետիկայի զարգացումը, գների օպտիմալացումը, ենթակառուցվածքների զարգացումը, ողջ առաջնահերթությունը կառուցվում է այս ծրագրով: Եվ որոշ առաջխաղացումներ այս իմաստով կլինեն: Որպեսզի կոմունիկացիոն կոնկրետ ուղղությունն, ընդհանուր առմամբ, առաջնահերթ դառնա Ռուսաստանի համար, այդ թվում նաև բյուրոկրատիայի համար, և բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է այստեղ ուղղել ռուսական ընկերություններ, որոնց մոտ այժմ ևս հեշտ իրավիճակ չէ, շատ բան կախված է Հայաստանից: Պայմանականորեն ասած Հայաստանը պետք է ակտիվ դիրքորոշում որդեգրի և, իբրև պարզաբանված դիտարկելով էներգետիկայի խնդիրները (այդ թվում նաև գների ավտոմատ օպտիմալացումը), առաջ մղի կոմունիկացիաների հարցում ներդրումային ծրագրի, Աբխազիայի և Վրաստանի ղեկավարության հետ քաղաքական մակարդակում խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Սա պետք է ընդհանուր գործ լինի, սակայն Հայաստանը պետք է շատ լավ ներկայացնի այդ ծրագիրը, այդ թվում նաև արժեքը, հետևանքները, և այն ներկայացնի իբրև Մաքսային Միությանն իր անդամակցության պայման: Ոչ հետո: Հույս ունենալ, որ Մաքսային միության բյուրոկրատիան կխոստանա լուծել խնդիրը անդամակցությունից հետո, ճիշտ չէ: Պետք է ասել «Եկե՛ք որոշենք, այս խնդրի լուծումից կախված կլինի Մաքսային միությանը մեր անդամակցության արագությունը»: Սա առանցքային կետ է:

22.10.2013