“ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅ ԱԶԳԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ”

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի շրջանակներում, ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ի հետ գործընկերությամբ, սույն տարվա հոկտեմբերի 9-11-ը ԼՂՀ ԱԺ-ում կազմակերպել է Հայաստանի և Արցախի երիտասարդների կոնֆերանս, որի շրջանակներում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով: Ներկայացնում ենք կոնֆերանսի մասնակից Լուսինե Քալանթարյանի զեկույցն ամբողջությամբ:

Առաջարկներ ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացման, միջազգային ճանաչման գործընթացի խթանման առնչությամբ

 Նախևառաջ ցանկանում եմ նշել, որ ինչպես ղարաբաղյան կարգավորման, այնպես էլ ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացման, արտաքին աշխարհի համար այն առավել ճանաչելի դարձնելու հարցերում, պետք չէ մեծ հույսեր կապել արտաքին ուժերի հետ։ Փոխարենն անհրաժեշտ է միասնաբար պայքարել ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացման համար՝ գործի դնելով հնարավոր բոլոր միջոցները։

Այս իմաստով կարևոր և առաջնային եմ համարում նախևառաջ ԼՂՀ ներքին խնդիրների հաղթահարումը, որոնք իրենց հերթին էապես կարող են նպաստել ԼՂՀ իրավասուբյեկտայնության բարձրացմանը:

Այս իմաստով, կարծում եմ, առանցքային նշանակություն ունի ԼՂՀ բնակչության աճի խթանումը։ Ներկայում ծայրահեղ կարևոր և հրատապ են այն քայլեր, որոնք ուղղված կլինեն բնական աճի խթանմանը և արտագաղթի կանխարգելմանը։ Այս պարագայում նշանակալից է բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Հասկանալի է, որ շրջափակման պայմաններում դրան հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք հիմնարար բարեփոխումներ ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ ՀՀ-ի կյանքի բոլոր ոլորտներում։

Հրատապ է կոռուպցիան արմատախիլ անելը, որը կեղեքում է ամբողջ տնտեսությունը, քաղաքական ոլորտը և ընդհանրապես սպառնալիք է կայուն զարգացման տեսանկյունից։ Տնտեսության վրա բացասաբար է անդրադառնում նաև ներկայիս հարկային քաղաքականությունը, որը մեծապես ճնշում է մանր ու միջին բիզնեսը՝ միաժամանակ նպաստելով մենաշնորհների առաջացմանը։

Կարևորում է նաև եվրոպական չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների բարեփոխման շարունակությունը, քայլերի ձեռնարկումը ՀՀ-ում և ԼՂՀ-ում ժողովրդավարության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Արդյունքում ՀՀ-ն և ԼՂՀ-ն միջազգային հանրության մոտ կվայելեն բարձր հեղինակություն։ Ադրբեջանն այժմ սահուն անցում է կատարում ավտորիտարիզմից տոտոլիտարիզմ։ Միջազգային հեղինակավոր կառույցների կողմից պարբերաբար անցկացվող մոնիթորինգի արդյունքում հստակ կմատնանշվեն մեր ունեցած հաջողությունները, ինչը, համեմատելով Ադրբեջանի գրանցած ետընթացի հետ, կօգնի ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանը և միջազգային ճանաչման գործընթացին կհաղորդի նոր դինամիկա։

Կարևոր քայլ եմ համարում նաև համազգային գաղափարախոսության մշակումը։ Այժմ նկատվում են բացասական միտումներ՝ կապված ԼՂՀ և ՀՀ հասարակությունների միջև խորացող տարաձայնությունների հետ։ Այս նոր գաղափարախոսության կենտրոնում պետք է լինի հայ ազգի միասնականության գաղափարը՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և Հայոց սփյուռքի անբաժանելիությունը։ Կարևոր է Հայ առաքելական եկեղեցու դերի վերաիմաստավորումը, որը կարող է էապես ազդել ազգի միավորվածության աստիճանի բարձրացման վրա։

Թեև թվարկված քայլերը մատնանշում են միայն երկրի ներսում ձեռնարկվելիք անհրաժեշտ միջոցառումների շարքը, այնուամենայնիվ, համոզված եմ, դրանք կարող են նպաստել ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանը։ Բնականաբար, բոլոր ուղղությունների բարեփոխումները պետք է սկսել միաժամանակ՝ հետևողականորեն հասնելով բոլոր նպատակներին։

Քալանթարյան Լուսինե
24.10.2013

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ