Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ չհասկացվածությունը չկատարված խոստումների և թերի աշխատանքի արդյունք է

Հայաստանի և Եվրոպայի միջև կա փոխադարձ չհասկացվածություն, ինչն ունի իր պատճառները և ազդում է ընթացիկ գործընթացների վրա, այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։ Նա խոսել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների, Եվրոպական կառույցների ընդունած փաստաթղթերի և Վիլնյուսին ընդառաջ զարգացումների մասին։


Փորձագետն անդրադարձել է վերջին շաբաթվա ակտիվ զարգացումներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, ԵՄ խորհրդի և ԵՄ գագաթաժողովի նիստերին։ Եվրախորհրդարանի բանաձևի պարագայում մենք գործ ունենք միաժամանակ երեք գործոնների ՝ ադրբեջանական լոբբինգի, Ադրբեջանի հանդեպ մտրակի և բլիթի քաղաքականության և եվրոպական հանրության կողմից սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցող զարգացումների չհասկացվածության, կամ ոչ լիարժեք հասկացվածության հետ ։

“Մենք սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը որոշակիորեն թերագնահատել ենք։ Եվ կարծում եմ, որ բոլոր հնարավոր մակարդակներով պիտի արվեր մեծ և ծավալուն աշխատանք եվրոպական գործընկերներին բոլոր հարթակներով (կառույցներ, գործադիր մարմիններ, Եվրոպական կառույցների և երկրների խորհրդարաններ և իհարկե Եվրոպական հանրություն ավելի լայն կտրվածքով)՝ իրավիճակը բացատրելու, հասկացված լինելու, գործընկերների հետ ընկալման գալու համար”,-ասել է փորձագետը։ Նրա կարծիքով, Եվրոպական խորհրդարանի նման բանաձևն առնվազն ցույց է տալիս, որ այդ աշխատանքը ընդգրկուն և խորքային չի իրականացվել։

Ըստ Բեքարյանի, անհրաժեշտ էր սեպտեմբերի 3-ից հետո Երևան կանչել եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպաններին՝ ընդհանուր քաղաքականությունը կոորդինացնելու և համատեղ աշխատանք կազմակերպելու համար։ Բացի այդ, նա կարևորել է խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր գործիքների օգտագործումը՝ ԱԺ երկու մշտական հանձնաժողովների, եվրոպական կառույցների խորհրդարանական պատվիրակությունների, եվրոպական երկրների բարեկամական խմբերի։

“Հիմա կարիք կա, ոչ թե խռոված, վիրավորված կեցվածք ընդունելու, ագրեսիվ գործողություններ կատարելու, այլ մեր իսկ բացթողումները հնարավորինս արագ շտկելու”,-ասել է փորձագետը։

Նրա հավաստմամբ ընկալելի լինելու խնդրում նույնպես կա որոշակի սիմետրիկություն։ ԵՄ կողմից արված կամ խոստացված ու չարված բավական քայլեր մեր կողմից նույնպես ընկալելի չեն։ “Մենք որևէ առաջընթաց ողջ ընթացքում չարձանագրեցինք հայ-թուրքական սահմանի հետ կապված”,-ասել է Բեքարյանը։ Թուրքիան ԵՄ Մաքսային միության անդամ երկիր է, և եթե մենք ստորագրեինք Ասոցացման համաձայնագիրը/ԽՀԱԱՀ-ն, իսկ ԵՄ Մաքսային միության սահմանը շարունակեր փակ մնալ, դա հարցականի տակ կդներ գործընթացի արդյունավետությունը։ “Մենք առնվազն պետք է Թուրքիայի կողմից տեսնեինք հռետորաբանության փոփոխության տենդենց, որը հույս կտար լիարժեք փոփոխությունների նախաստորագրումից ստորագրում շրջանում ՝ կապված սահմանի հետ”,- նշել է փորձագետը։

Երկրորդ կարևոր բացթողումը ԵՄ-ի կողմից եղավ դոնորների համաժողովի հետաձգումն ու չիրականացումը։ “Հայաստանը հույս ուներ դրա ներքո ունենալ բավական մեծ ինվեստիցիոն ֆոն և օժանդակություն”,- շեշտում է Բեքարյանը։ Խորհրդարանական ընտրություններից հետո համաժողովի անցկացման համար որոշիչ սահմանվեց նախագահական ընտրությունների բարձր որակը և չնայած նախագահական ընտրություններին տրված բարձր գնահատականների արդյունքում համաժողովի անցկացման համար սահմանված 3-6 ամսվա ժամկետին, համաժողովն այդպես էլ չիրականացվեց՝ չարդարացնելով դրա հետ կապված հույսերը։ Փորձագետն ուշադրություն հրավիրեց նաև Ուկրաինային և Հայաստանին փոխհատուցման և աջակցության մեխանիզմների անհամեմատելի լինելու վրա։

Այս բոլոր գործոններն առաջացնում են փոխադարձ անհասկացվածության մթնոլորտ, որը պետք է հաղթահարել։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ