Այս շաբաթ Եվրոպայում…

Մեր տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Հոկտեմբերի 28-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կներկայացնի Վրաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ հետընտրական առաջին նախնական զեկույցը։ Նախագահական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը բաղկացած է եղել 401 անդամներից, որոնցից 274-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, 65-ը ԵԱՀԿ ԽՎ-ից, 32-ը ԵԽԽՎ-ից, 19-ը ՆԱՏՕ ԽՎ-ից և 11-ը Եվրոպական Խորհրդարանից։

Հոկտեմբերի 29-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կհյուրընկալի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին։

Հոկտեմբերի 29-ին Շտեֆան Ֆյուլեն կընդունի Եվրոպական հարևանության քաղաքականության ներքո աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նույն օրը նա ներկա կգտնվի Արևելյան գործընկերության տեղեկատվական և կոորդինացիոն խմբի աշխատանքներին Բրյուսելում։

Հոկտեմբերի 30-ին Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրես, ներկա է գտնվելու նաև ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը։

Նոյեմբերի 1-ին և 2-ին Կիևում տեղի կունենա Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստ, որի հիմնական նպատակը Վիլնյուսի ԱլԳ գագաթաժողովի համար միջխորհրդարանական ուղերձի մշակումն է։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ