Արցախցիների առօրյային առնչվող մի շարք հարցեր իրավականորեն կարգավորված չեն

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի շրջանակներում, ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ի հետ գործընկերությամբ, սույն տարվա հոկտեմբերի 9-11-ը ԼՂՀ ԱԺ-ում կազմակերպել է Հայաստանի և Արցախի երիտասարդների կոնֆերանս, որի շրջանակներում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով: Ներկայացնում ենք կոնֆերանսի մասնակից Վահե Հարությունյանի զեկույցն ամբողջությամբ:

Արցախյան խնդրի կարգավորման գործընթացից դուրս մնացած որոշ կարևոր հանգամանքների մասին

Ես պարզապես ուզում եմ ներկայացնել իմ մտահոգություններն արցախյան խնդրի շուրջ տեղի ունեցող գործընթացներից դուրս մնացած որոշ կարևոր հանգամանքների վերաբերյալ:

Արցախի հարցի համատեքստից դուրս է մնացել մի կարևոր հանգամանք, որը, ես կասեի, պարզապես «մարդկային առօրյա» է: Հակամարտության` միջազգայնորեն չլուծված լինելու պարագայում այնուամենայնիվ մարդիկ շարունակում են բնակվել հակամարտության գոտիներում՝ այսպես ասած «չճանաչված պետություններում», որտեղ կյանքը շարունակվում է: Առօրյա կյանքում մարդիկ նաև մտնում են տարբեր իրավական հարաբերությունների մեջ, ստանում են իրավական տարբեր փաստաթղթեր, այսինքն՝ առաջանում են տարբեր իրավունքներ և պարտավորություններ, որոնց մեջ լինում են նաև օտարերկրյա տարր պարունակող իրավահարաբերություններ՝ օրինակ, երբ կողմերից մեկը հանդես է գալիս որպես օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ:

Սակայն այս խնդիրն ունի ոչ միայն իրավական, այլև մարդկային նշանակություն ու, կարելի է ասել, անձնական բնույթի նշանակություն՝ հաշվի առնելով, որ չճանաչված երկրների տարածքում բնակվող քաղաքացիների համար կյանքը շարունակվում է, Նրանք մտնում են քաղաքացիաիրավական տարբեր հարաբերությունների, այդ թվում նաև միջազգային քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ, որի իրավական կարգավորման հարցը դուրս է մնացել ոչ միայն արցախյան հակամարտության կարգավորման շրջանակից, այլև միջազգային իրավահարաբերությունների կարգավորման համատեքստից:

Եվ, այսպիսով, ինչ եղանակով են կարգավորվում այս հարաբերությունները: Հարցի միանշանակ պատասխանը չկա: Եվ այստեղ առաջանում է Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը օտար երկրներում: Մինչդեռ խնդիրը բավականին սուր է, ինքս հաճախ եմ հանդիպել մարդկանց, ովքեր բախվել են այս խնդրին: Բերեմ մի քանի օրինակ. Արցախի Հանրապետությունում գրանցված ամուսնության, ծննդյան վկայականները համարվում են անօրինական, միայն այն պատճառով, որ դրանք գրանցված են չճանաչված պետության համապատասխան մարմինների կողմից: Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Եվ քանի որ այս խնդիրը չունի իրավական լուծում, մարդիկ ստիպված են լինում դիմել տարբեր միջոցների, որոնք, մեղմ ասած, անհարմարություն են առաջացնում նրանց համար: Չեմ ուզում գիտական ինչ-որ փաստարկներ բերել, քանի որ խնդիրն ինքնին պարզ է: Ավելացնեմ, որ այս խնդրին անդրադարձել է, ինչպես ՄԱԿ-ի դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, այնպես էլ մի շարք երկրների, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, և բոլոր դեպքերում միանշանակ նշվում է այն հանգամանքը, որ, մերժելով ճանաչել չճանաչված երկրներում գրանցված իրավական ակտերը՝ թույլ է տրվում մարդու իրավունքների կոպիտ խախտում: Նույն հանգամանքն է գործում նաև Արցախի դատարանների դատական ակտերը օտարերկրյա պետություններում կիրառելու և ճանաչելու դեպքում: Սակայն այստեղ մի փոքր մանրամասնեմ, որպեսզի խնդրի էությունն ավելի պարզ լինի և հղում կատարեմ “Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին”: Մասնավորապես, այդ հռչակագրի 7-րդ հոդվածը նշում է. “Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրականության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունք՝ պաշտպանվելու սույն Հռչակագրով սահմանված հավասարությունը խախտող որևէ խտրականությունից, սադրանքից”, իսկ նույն Հռչակագրի 6-րդ հոդվածը նշում է. “Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ նա գտնվի, իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք ունի”: Առավել հետաքրքիր է վերը նշված Հռչակագրի 8-րդ հոդվածը, որը նշում է. “Յուրաքանչյուր ոք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում` իրավասու ազգային դատարանի միջոցով դրանք արդյունավետ կերպով վերականգնելու իրավունք”: Այսինքն՝ ցանկացած պետության քաղաքացի ունի դատական պաշտպանության իրավունք` պաշտպանելու իրեն վերապահված իրավունքներն իրավասու ազգային դատարանի միջոցով: Համարելով ոչ օրինավոր կայացված դատական ակտը միայն այն պատճառով, որ դա հանդիսանում է չճանաչված պետության դատարանի կայացրած դատական ակտ՝ կհանդիսանա Հռչակագրի վերը նշված դրույթների խախտում և ընդհանրապես մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաև կողմերի միջև առաջացնում է անհավասարություն, այսինքն՝ խախտում է դատարանում կողմերի հավասարությունը:

Այսքանով հանդերձ առաջարկս այն է, որ պետք է ուղղորդել ջանքերը, որպեսզի Արցախի Հանրապետությունում գրանցված իրավական, դատական ակտերն ունենան, ավելի ճիշտ, ճանաչվեն իրավազոր, օրինական օտարերկրյա պետություններում: Սա Արցախի ճանաչման տեսանկյունից ևս մեկ մեծ քայլ կլինի:

Երկրորդ մտահոգությունս այն է, որ պարզապես ո՛չ մի տեղ, ո՛չ մի քաղաքական կամ հասարակական գործչի, քաղաքագետի կամ խնդրով հետաքրքրված որևէ մեկի ելույթում չկա Արցախի խնդրի հետ անմիջական առնչություն ունեցող այնպիսի մի կարևոր միջազգային իրավունքի սկզբունք, ինչպիսին է ինքնապաշտպանության իրավունքը: Կարծում եմ՝ պետք չէ անդրադառնալ ինքնապաշտպանության իրավունքի հասկացությանն ընդհանրապես, այն ինքնին պարզ է, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից, ինքնապաշտպանության էությունը, եթե համառոտ ասենք, հետևյալն է. Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի պաշտպանվելու իր նկատմամբ իրականացված ագրեսիայից, իսկ այդ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի, հետևանքների և իրադարձությունների համար ինքնապաշտպանվող կողմը որևէ պատասխանատվություն չի կրում: Այսինքն՝ այսօր մեզ համար արդեն իսկ սովորական դարձած ինքնորոշման իրավունք արտահայտության հետ մեկտեղ անպայման պետք է նաև նշվի ինքնապաշտպանության իրավունքի մասին: Ինքնորոշման իրավունքի միջազգային լեգիտիմությունը կիրառելի է այսպես ասած Արցախի անկախության հռչակման ժամանակաշրջանում առկա տարածքների վրա, իսկ ինքնապաշտպանության իրավունքի օգտագործմամբ մենք կարող ենք միջազգային-իրավական հիմք ստեղծել Արցախի Հանրապետության ներկայիս տարածքային ամբողջականության միջազգային-իրավական իրավունքների հստակեցման հարցում: Սակայն այստեղ նաև շատ կարևոր է համապատասխան միջազգային-իրավական որակավորումներ տալ Ադրբեջանի կողմից արցախյան պատերազմի և դրան նախորդած ժամանակաշրջանում կատարած գործողություններին, իսկ ես միանգամայն, ականատեսի կարգավիճակով, կարող եմ ասել, որ դա ագրեսիա էր՝ իր բոլոր դրսևորումներով՝ ընդհուպ մինչև ցեղասպանություն:

Իսկ հիմա անդրադառնամ այդքան շատ կարևորվող «Ճանաչման» հարցին: Ի՞նչ է ընդհանրապես «չճանաչված պետություն» հասկացությունը: Ի՞նչ է չճանաչված պետությունը: Փորձենք հասկանալ ընդհանրապես` ինչ է ճանաչումը, և, արդյո՞ք այն այդքան մեծ կարևորություն ունի: Ընդհանրապես ճանաչվածության մասին կամ ավելի ճիշտ ճանաչելու մասին միջազգային իրավունքում շատ բան չկա ասված: Եվ ճանաչման գործընթացը ներկայացվում է որպես մի պետության լիազորություն` ճանաչել այլ պետություն կամ կառավարություն և նրա հետ ունենալ տարբեր տեսակի հարաբերություններ, այդ թվում նաև դիվանագիտական: Բոլոր պետությունների ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքը համարվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Այն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում, ինչպես նաև 1970 թ. ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որում նշվում է. «Յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այլ պետությունների իրավասուբյեկտությունը»: Պետության միջազգային իրավասուբյեկտությունն որոշելիս նախ պետք է պետությունը լինի ինքնիշխան: Ինքնիշխանությունը պետության գերիշխանությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերությունների ոլորտում, որն էլ կանխորոշում է պետությունների բնութագրումը՝ որպես միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտների: Ինքնիշխանությունը համարվում է պետության մյուս բոլոր հիմնական իրավունքների հիմնաքարը: Յուրաքանչյուր պետություն հենց առաջացման պահից օժտված է ինքնիշխանությամբ: Նրա իրավասուբյեկտությունը կախված չէ այլ պետությունների կամարտահայտությունից: Այն ավարտվում է միայն այդ պետության գոյության դադարումով: Պետության իրավասուբյեկտությունը կախված չէ նրա` այլ պետությունների կողմից ճանաչված լինել կամ չլինելու հանգամանքից: Նույնիսկ դեռևս միջազգայնորեն չճանաչված պետություններն իրենց տարածքային ամբողջականության և անկախության պաշտպանության իրավունք ունեն: Նկատենք, որ միջազգային իրավունքը որևէ կերպ չի սահմանափակում չճանաչված պետությունների ինքնիշխանությունը և ուրեմն` չճանաչված պետություններին տալիս է ճանաչված պետությունների հետ համահավասար իրավունքներ և պարտականություններ, այսինքն՝ իրավասուբյեկտություն:

Այստեղ կցանկանայի մի փոքր կանգ առնել միջազգային իրավական ճանաչման հասկացության և դրա հետևանքների վրա: Ճանաչումը որևէ պետության ակտն է, որով նա պատրաստակամություն է հայտնում և համարում է նպատակահարմար ճանաչվող պետության հետ մտնել իրավական հարաբերությունների մեջ: Միջազգային իրավունքում միջազգային իրավական ճանաչման նշանակության վերաբերյալ գոյություն ունի երկու տեսություն՝ հռչակագրային (դեկլարատիվ) և սահմանադիր (կոնստիտուտիվ): Հռչակագրային տեսության համաձայն՝ ճանաչումը միայն ամրագրում է նոր պետության (միջազգային իրավունքի նոր սուբյեկտի) առաջացումը, և ճանաչվող պետության համար մեծ իրավական նշանակություն չունի, քանի որ պետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից նրա ճանաչումից: Սահմանադիր տեսությունը ամրագրում է, որ պետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է հանդես գալ միայն այլ պետության կողմից նրա ճանաչումից հետո, իսկ մինչև նոր պետության ճանաչումը այն փաստորեն իրավաբանորեն գոյություն չունի:

Վերոնշված տեսություններից միջազգային իրավունքի մասնագետները մեծամասամբ նախապատվությունը տալիս են հռչակագրային տեսությանը: Քանզի սահմանադիր տեսությունը պետության իրավաբանորեն գոյության փաստը կապում է նրա այլ պետության կողմից ճանաչվելու հետ, ինչը հակասում է միջազգային իրավունքի որոշակի հիմնարար սկզբունքներին, ինչպիսիք են բոլոր պետությունների հավասարության, պետության ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև հակասում է միջազգային իրավունքի կողմից ինքնիշխանության սկզբունքին տրված բնութագրին և էությանը: Բացի այդ՝ միջազգային հարաբերությունների փորձը ցույց է տալիս, որ պետությունները կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ առանց այլ պետությունների կողմից նրանց իրավական ճանաչման: Սակայն պետք է նշել նաև, որ պետության ճանաչումը ունի նաև որոշակի իրավական և քաղաքական նշանակություն: Ճանաչումը հեշտացնում է նոր պետության գոյությունը, բարելավում է քաղաքական և տնտեսական հարաբերությունները այլ պետությունների հետ, նորանկախ պետությանը դուրս է բերում միջազգային մեկուսացումից: Ճանաչված պետությունը հեշտությամբ է իրականացնում ինքնորոշվելու արդյունքում առաջացած իր միջազգային իրավասուբյեկտությունը: Նոր պետությունը միջազգային ճանաչման իրավունք ունի, դա բխում է ՄԱԿ-ի Կանոնադրությունից, որի համաձայն՝ բոլոր պետությունները պարտավոր են միմյանց միջև բարեկամական հարաբերություններ զարգացնել, հարգել ինքնիշխանությունը և ինքնիշխան պետությունների հավասարությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Այս ամենի արդյունքում կարելի է եզրահանգում կատարել, որ կարևորելով Արցախի Հանրապետության միջազգային իրավական ճանաչումը՝ պետք է նաև հասկանալ, որ ճանաչումը չի առաջացնում նոր իրավունքներ և պարտականություններ, ավելի կոնկրետ՝ ճանաչման հանգամանքը չէ, որ պետություն է առաջացնում, այլև պետությունն առաջանում է հենց հռչակման պահին: Պետության գոյությունը կապելով ճանաչման հետ՝ խախտվում են միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են բոլոր պետությունների հավասարության, պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները: Ուստի մենք նախևառաջ պետք է հասկանանք, որ Արցախը՝ որպես պետություն, արդեն կայացած է՝ միջազգային իրավունքի բոլոր իրավական հիմքերով հանդերձ, և պետք է պահանջենք Արցախի՝ ոչ թե որպես պետության ճանաչումը, այլ նրա միջազգային իրավունքների հարգումը և ճանաչումը:

Վահե Հարությունյան

Իրավաբան

28.10.2013

*Կարող եք ծանոթանալ նաև կոնֆերանսի այլ մասնակիցների զեկույցներին.

-Լուսինե Քալանթարյան