“Հրամայական է ԼՂՀ ժողովրդավարության նվաճումներն ու դրանց ամրապնդումը միջազգային հանրությանը ներկայացնելը”

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի շրջանակներում, ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ի հետ գործընկերությամբ, սույն տարվա հոկտեմբերի 9-11-ը ԼՂՀ ԱԺ-ում կազմակերպել է Հայաստանի և Արցախի երիտասարդների կոնֆերանս, որի շրջանակներում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով: Ներկայացնում ենք կոնֆերանսի մասնակից Արտակ Ոսկանյանի զեկույցն ամբողջությամբ:

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հասարակություններում գործողությունների, քայլերի շրջանակը, որոնք կարող են նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ֆոնի բարելավմանը

Փորձելով ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի բարելավմանն ուղղված գործողությունները` մենք դրանք պայմանականորեն համակարգել ենք միջոցառումների 3 խմբի` միջնորդների կողմից իրականացվող գործողություններ, հակամարտող կողմերի պետական իշխանությունների կողմից անմիջականորեն և հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների նախաձեռնությամբ ու օգնությամբ իրականացվող միջոցառումներ:

Պետության կողմից իրականացվող միջոցառումներ

Ա. Մինչ պետական մակարդակով իրականացվելիք միջոցառումների իրականացմանն անդրադառնալն անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ եթե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերը կարող են լինել ընդհանուր առմամբ գործարար, կոնկրետ խնդիրների լուծմանն ուղղված անկեղծ միտումներ, միջանձնային շփումներ, քննարկումներ, կոնսենսուսային կամ անգամ լավագույն լուծումների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներ, ապա նույնը չի կարելի ասել պետական որոշ շրջանակների կողմից իրականացվող, նախօրոք ծրագրված, համաձայնեցված վարքի մասին: Հակամարտության կարգավորման ողջ ընթացքում բազմաթիվ են խախտված համաձայնությունները, դրանց նենգափոխման միտումները:

Այս առումով ակնհայտ է դառնում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների, վստահության համաձայնեցված միջոցառումների իրագործման անհնարինությունը` առանց միջազգային հանրության, հատկապես Մինսկի խմբի համանախագահների կողմից պարտավորեցնող միջոցառումների, համապատասխան քաղաքական հայտարարությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման դեպքում որոշակի տեսանելի և չափելի “պատժամիջոցների” կիրառման: Վստահության ամրապնդմանն առնչվող բոլոր հայտարարությունները հավասարվում են զրոյի, երբ պարբերաբար խախտվում են արդեն իսկ գոյություն ունեցող համաձայնության եզրերը:

Պետք է նշել, որ քաղաքական գնահատականներ ու միջազգային հանրության կողմից պարտադրման տարբեր մեխանիզմներ լայնորեն կիրառվել և կիրառվում են այլ հակամարտությունների կամ հիմնախնդիրների զսպման և կարգավորման գործընթացներում: Հաճախ դրանք կարելի է գնահատել որպես “բավարար արդյունավետ”: Առանց համապատասխան ճնշումների, ինչպես ասվեց, եթե արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները պարբերաբար խախտվում են, ապա նոր միջոցները բավականին կասկածելի հեռանկարներ ունեն:

Բ. Որպես հակամարտող կողմերի պետական իշխանության կողմից իրականացվելիք միջոցառում առաջին հերթին անհրաժեշտ է վերջ տալ միջնակարգ, միջին և բարձրագույն մասնագիտական կրթօջախներում թշնամու կերպարի ձևավորման և քարոզման պրակտիկային, վերանայել համապատասխան ողջ գրականությունը, դրանցից ամբողջությամբ հանել ատելություն սերմանող դրույթները: Հակառակ դեպքում վստահության ամրապնդման ցանկացած միջոցառում կարող է որակվել որպես միջազգային հանրությանը շփոթեցնելու նպատակ հետապնդող շինծու միջոցառում: Սա անհրաժեշտ է հանգամանորեն ներկայացնել համանախագահող երկրների ներկայացուցիչներին և ողջ միջազգային հանրությանը:

Գ. Հաջորդ քայլով անհրաժեշտ է ստեղծել պաշտոնատար անձանց ելույթները և հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության կողմերի լրատվամիջոցների բովանդակությունը մոնիթորինգի ենթարկող և դրա արդյունքները Մինսկի խմբի եռանախագահներին փոխանցող միջազգային հատուկ աշխատանքային խումբ: Առաջարկվում է հետագայում Մինսկի խմբի կողմից իրականացնել ստացված տեղեկատվության հրապարակում, տվյալների մասին քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչների հետ համապատասխան քննարկումներ, համապատասխան գնահատականի բարձրաձայնում, այդ թվում նաև միջազգային ատյաններում, ընդհուպ մինչև համապատասխան արձանագրությունների ընդունում:

Դ. Փորձել համատեղ մշակել փոխադարձաբար ընդունելի վարվեցողության կանոններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների ընթացքում, հրապարակել վարքականոնների ժողովածու, որոնք միտված կլինեն փոխադարձ հանդուրժողականության կերտմանը:

Ե. Այսօր առավել քան երբևէ հրամայական է դառնում համապատասխան ցայտուն օրինակների ու դրսևորումների տեսքով միջազգային հանրությանը ներկայացնելը ԼՂՀ ժողովրդավարության նվաճումներն ու դրանց շարունակական ամրապնդումը:

Այս առումով հնարավոր ենք համարում պետական մակարդակով իրականացնել “ԼՂՀ ժողովրդավարական նվաճումները, հեռանկարներն ու մարտահրավերները” թեմայով սեմինարներ, անցկացնել հանրային լսումներ, հնարավոր է` օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ, որոնց արդյունքում կհրապարակվեն համապատասխան զեկույցներ ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով, որը կդառնա յուրօրինակ ներկայանալիության ևս մեկ այցեքարտ, երբ հանդես ենք գալիս միջազգային տարբեր հարթակներում, քանի որ նման հրատարակությունները ավելին արժեն, քան հրապարակային ելույթներն ու հայտարարությունները:

Զ. Այսօր, որպես քաղաքացիական հասարակությունների միջև շփման արդյունավետ տարբերակ՝ անհրաժեշտ է ստեղծել երկխոսության նոր ձևաչափեր՝ հակամարտության մեջ ներգրավված հասարակությունների սոցիալական տարբեր խմբերի միջև շփումներն ակտիվացնելու նպատակով (երիտասարդներ, մարզիկներ, ուսանողներ և այլն), ինչպես նաև առավել ակտիվացնել հասարակական կարծիքի ձևավորման վրա ազդող խմբերի միջև շփումները (փորձագետներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, մտավորականներ և այլն):

Է. Առաջարկվում է ակտիվորեն ընդգրկել ՀՀ, ԼՂՀ և ԱՀ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին (ընդ որում, ամենատարբեր կարծիքներ ու համոզմունքներ ունեցող) զանազան համատեղ միջոցառումների, տվյալ երկրի կողմից իրականացվող մշտադիտարկումների, հակամարտության մասին հակառակ կողմի տեսակետը ներկայացնող սեմինարների և դիտումների ընթացքում:

Ը. Շփման գծում խաղաղ բնակիչների և զինվորականների մահվան դեպքերի հետաքննություն, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակում` հակամարտության մեջ ներգրավված կողմերի քաղաքացիական հասարակության ինստիտուտների ջանքերով:

Թ. Կարևոր են նաև աշխատանքները ՀՀ և ԼՂՀ կողմից ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված նոր տարբերակներ գտնելու ուղղությամբ, տարբերակներ, որոնք չեն արգելափակվի Ադրբեջանի կողմից և կունենան կարծրատիպերից զերծ, երիտասարդների շրջանում արագ տարածման լայն հնարավորություն, առաջին հերթին ոչ թե այն պատճառով, որ քարոզչության թիրախային խումբը հակված է լսելու կամ հայ է, այլ որովհետև քարոզչության միջոցն է առաջադեմ և հետաքրքրական:

Որպես օրինակ կարելի է քննարկել ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր հաջողակ գործարարների կողմից թողարկվող ապրանքներին կամ իրականացվող ծառայություններին ԼՂՀ պատմամշակութային, աշխարհագրական անվանումներ տալու հնարավորությունը: Պատկերացրե՛ք, երբ դուք, ասենք, հեռախոսակապի փաթեթ գնելիս, որը, ի դեպ, բավականին մատչելի և նորարար է, չեք ճանաչում կամ հասկանում դրա անվանումը: Նմանապես արտասահմանյան բուհերում սովորելու ընթացքում համապատասխան երկրների ուսանողների համար սահմանել կրկին արցախյան խորհուրդ և անվանում կրող կրթաթոշակներ:

Այս բոլոր միջոցառումները կարող են իրենց նպաստը բերել փոխադարձ վստահության կառուցմանը, ինչը հեռանկարում կարող է ավելացնել հակամարտության կարգավորման հավանականությունը:

Արտակ Ոսկանյան

*Կարող եք ծանոթանալ նաև կոնֆերանսի այլ մասնակիցների զեկույցներին.

-Լուսինե Քալանթարյան

-Վահե Հարությունյան