Ինչպե՞ս Արցախի ձայնը լսելի դարձնել ողջ աշխարհում

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի շրջանակներում, ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ի հետ գործընկերությամբ, սույն տարվա հոկտեմբերի 9-11-ը ԼՂՀ ԱԺ-ում կազմակերպել է Հայաստանի և Արցախի երիտասարդների կոնֆերանս, որի շրջանակներում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով: Ներկայացնում ենք կոնֆերանսի մասնակից Լիլիթ Հարությունյանի զեկույցն ամբողջությամբ:

Առաջարկներ Արցախի սուբյեկտայնության բարձրացման վերաբերյալ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ընդ որում կարգավորման բոլոր փուլերում բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես հակամարտող լիարժեք կողմի ներգրավումը միայն մեզ թույլ կտա ապահովել իրական առաջընթաց և հասնել մեր վերջնական նպատակին: Իմ կարծիքով՝ այսօր ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայության խնդիրն է հասնել նրան, որ Արցախն անմիջականորեն մասնակցի բանակցային գործընթացին: Ինչպես նաև կարևոր է հստակ սահմանել և միջազգային հանրությանը ներկայացնել այն, որ ԼՂՀ-ն հակամարտության հիմնական ու ինքնուրույն կողմ է, այս երկու պայմանների ապահովումը միայն թույլ կտա մոտենալ որոշակի կարգավորման: Ճիշտ է՝ Հայաստանը միշտ եղել է Արցախի կողքին, եղել է նրա անվտանգության երաշխավորը և կշարունակի այդպիսին լինել, սակայն ԼՂՀ ժողովուրդն ինքն է իր ապագան որոշողը:

Սկսենք նրանից, թե ինչ էր տալիս մեզ Ղարաբաղի բանակցային կողմ լինելը: Դեռ 1996թ.-ին, 1997թ.-ին Ղարաբաղը միշտ էլ բանակցություններին մասնակցել է, միշտ Մինսկի խմբի ցանկացած առաջարկություն պետք է ստանար եռակողմ համաձայնություն, այսինքն` Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից: 1997-ին միջնորդների առաջարկությունները չեն ընդունվել միայն այն պատճառով, որ դրանց նկատմամբ որոշակի վերապահումներ է ունեցել Ղարաբաղը, ինչն ապացուցում է, որ Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ է եղել: Խոսքը 1997-ի Մինսկի խմբի այն 2 առաջարկների մասին է, որոնցով Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին կոչ էր արվում համաձայնել Ղարաբաղի հարցի փուլային, ապա և փաթեթային կարգավորմանը: Քանի որ ԼՂ-ն չընդունեց այդ տարբերակները, ուստի որպես բանակցությունների շարունակման հիմք՝ դրանք առժամանակ դադարեցին: 1999 թվականից Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից:

Իմ կարծիքով՝ ԼՂՀ-ի` բանակցություններին անմիջական մասնակցությունից մեկուսանալու հարցում մեղքի իր որոշակի բաժինն ունի նաև Արցախի ղեկավարությունը, որն այս պարագայում նախընտրում է լռել: Մինչդեռ Արցախի ղեկավարությունը պիտի փորձի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ` քննադատելով Բաքվի, միջազգային հանրության և Երևանի քաղաքականությունը:

Այսօր բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և այդ գործընթացում քննարկվող կարգավորման տարբերակն ուղղակի հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝ որպես հակամարտության լիարժեք կողմին: Գլխավորը, ինչին կարողացանք հասնել Մինսկի խմբի ձևաչափում, այն ընկալումն է, որ կարգավորման հիմքում պետք է դրվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը: Եվ այս մոտեցումը այսօր ավելի ու ավելի ընկալելի է դառնում միջազգային հանրության շրջանում:

Հակամարտող կողմերից յուրաքանչյուրը ժամանակից ունի իր ակնկալիքները: Նման պայմաններում ակնկալել առաջընթաց հատկապես ղարաբաղյանի պես բարդագույն խնդրում իրատեսական չէ:

Ժամանակի առումով շատ կարևոր է ժողովրդավարացման, այդ համատեքստում նաև սոցիալական խնդրի հաղթահարման հարցը: Իհարկե, այսօր ակնհայտ է, որ ժողովրդավարության մակարդակը ԼՂՀ-ում շատ ավելի բարձր է, քան հարևան Ադրբեջանում: Սակայն սա թերևս չի նշանակում, որ մեզ մոտ հաղթահարված են ժողովրդավարացման հետ կապված բոլոր խնդիրները և պետք չէ ձգտել ավելիին: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, օրենքի գերակայությունը այն գործիքներն են, որոնց ճիշտ կիրառման դեպքում հայկական երկու պետությունները հնարավորություն ունեն դառնալու §ժողովրդավարության օազիս¦ Կովկաս-կասպյան-միջինասիական տարածաշրջանում: Եվ ԼՂՀ միջազգային ճանաչման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացումը դեպի ժողովրդավարական, իրավական և մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա հիմնված ժամանակակից պետություն:

Սակայն կոռուպցիայի չափերի նվազեցման, տնտեսական ազնիվ մրցակցային պայմանների ձևավորման, կլանների դեմ լուրջ պայքարի դեպքում հայկական կողմերը կարող են դառնալ տնտեսապես ավելի գրավիչ, քան կան: Իմ համոզմամբ գալու է մի պահ, երբ փակ սահմաններով այլևս անհնար կլինի տնտեսական աճ ապահովել:

Եթե ԼՂՀ-ին հաջողվի իրականացնել վերաբնակեցման քաղաքականություն, ապա այդ դեպքում բանակցային գործընթացում կամրապնդվեն տարածքային զիջումների չգնալու մեր հիմնավորումները:

Այս ամենից բացի՝ անհրաժեշտ է նաև Արցախի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների դերի ակտիվացում հակամարտության կարգավորման գործում: Շատ օգտակար կլիներ հարավկովկասյան երկրների ներկայացուցիչների ֆորումների ձևավորումը, մասնավորապես փորձագետների ֆորումների, որտեղ կմշակվեն հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի լուծումներ, կհետազոտվեն համագործակցության հնարավոր փոխշահավետ ասպեկտները:

Կարևոր է նաև, որպեսզի մոբիլիզացվի տեղեկատվական-քարոզչական ծառայությունը: Անհրաժեշտ է ստեղծել կենտրոն, որը կհամակարգի, կխթանի և կֆինանսավորի խնդրի բոլոր` պատմական, քաղաքական, իրավական, ժողովրդագրական «ասպեկտների» հետազոտումը` յուրաքանչյուր «ասպեկտի» բոլոր խոցելի և դրական գործոնների մանրակրկիտ վերլուծությամբ: Դրա հիման վրա հնարավոր կլինի մշակել խնդրի կարգավորման հայեցակարգ և ստեղծել մեր դիրքորոշումը հիմնավորող փաստաթղթերի փաթեթ, ավելի ճիշտ՝ փաթեթներ` նախատեսված տարբեր մակարդակի մարդկանց համար: Անհրաժեշտ է բազմացնել դրանք, ուղարկել այն բոլոր կազմակերպություններին, որոնք այս կամ այն չափով առնչվում են խնդրի հետ, տարբեր երկրների վերլուծական կենտրոնների, զանգվածային լրատվամիջոցների: Պետք է կազմակերպել նաև մեր ունեցած և մշակած տեղեկատվության, ինչպես և դիրքորոշման լայն տարածումը համացանցի օգնությամբ: Անհրաժեշտ է ներկայացնել Արցախի ժողովրդի պայքարի արդարացիությունն ու միջազգային իրավական նորմերին միանգամայն համահունչ լինելը: Կազմակերպել ԼՂՀ պատգամավորների այցերը Եվրամիության երկրների խորհրդարաններ:

Այսինքն՝ անհրաժեշտ է ներքին և արտաքին քարոզչական լայն աշխատանք տանել, որով հնարավոր կլինի Արցախի ձայնը լսելի դարձնել ողջ աշխարհում: Կարծում եմ՝ այս բոլոր ուղղություններում համառ ջանքերի շնորհիվ միայն հնարավոր կլինի բարձրացնել Արցախի սուբյեկտայնությունը և մեր մոտեցումներն ու ընկալումները հասանելի, համոզիչ դարձնել աշխարհի համար:

Լիլիթ Հարությունյան

*Կարող եք ծանոթանալ նաև կոնֆերանսի այլ մասնակիցների զեկույցներին.

-Լուսինե Քալանթարյան

-Վահե Հարությունյան

- Արտակ Ոսկանյան