Ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանի և Հայաստանի միջև տուրիզմի ոլորտում համագործակցությանը

Թե՛ Ղազախստանը, թե՛ Հայաստանը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով և տեսարժան վայրերով, սակայն այսօրվա դրությամբ երկու երկրների միջև համագործակցությունը տուրիզմի ոլորտում զարգացած չէ։ Դժվար է նույնիսկ գտնել տուրիստական գործակալություն, որը փաթեթներ է առաջարկում Ղազախստան այցելել ցանկացողներին։ Խոչընդոտները շատ չեն, բայց մեծ են։

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ի կողմից ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ իրականացվող “Ղազախստան․ հաջողության գաղտնիքներ” ծրագրի շրջանակներում երեկ Հրազդան քաղաքում անցկացվել է “Ղազախստան-Հայաստան. տուրիզմի

ոլորտում համագործակցության փորձ և հեռանկարներ” թեմայով կլոր սեղան։ Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզի տարբեր քաղաքների ներկայացուցիչներ, մարզպետարանի աշխատակիցներ, տարբեր ոլորտների մասնագետներ։ Զեկույցներով հանդես են եկել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության առաջին քարտուղար Ժենիս Ումբետովը, “Վիզավի” տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Աննա Խաչատրյանը և Կոտայքի մարզի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Լուսինե Սերգոյանը։

Ներկայացվել են Ղազախստանում և Հայաստանում՝ մասնավորապես Կոտայքի մարզում, տուրիստների համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն ու հուշարձանները, տուրիզմի զարգացման միտումները։ “Ղազախստանն աշխարհում մեծությամբ երրորդ երկիրն է, և մեզ մոտ միաժամանակ կան ձնեպատ գագաթներ ու չոր տափաստաններ, համատեղվում են 4 լանդշաֆտային գոտիներ, ինչը վկայում է բուսականության և կենդանական աշխարհի հարստության մասին”,- իր զեկույցում նշեց Ժ. Ումբետովը։ Տուրիզմի զարգացան տեսակետից նա հատկապես նշեց տուրիստների շրջանում մեծ համբավ վայելող Չեմբուլակ լեռնադահուկային հանգստավայրն ու Մեդեու սահադաշտը, որն աշխարհում արհեստական սառույցով ամենամեծ սահադաշտն է։

Ղազախստանում տուրիզմի զարգացմանն այսօր մեծ ուշադրություն է հատկացվում, այդ թվում պետական մակարդակով. մշակվում են հատուկ ծրագրեր, իրականացվում են ԷՔՍՊՈ-ներ, ղազախական տուրիստական գործակալությունները և օպերատորները մասնակցում են աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներին։ 2017թ.-ին Աստանայում անցկացվելու է “Աստանա-2017″ ԷՔՍՊՈ-ն, որին ակնկալվում է 100-ից ավելի երկրների ներկայացուցիչների, մոտ 5 մլն մարդկանց ներկայությունը:

Զեկուցողներն իրենց ելույթներում ներկայացրին տուրիզմի զարգացման միտումները Հայաստանում, տուրիստների համար հետաքրքրություն ներկայացնող հանգստավայրերն ու հուշարձանները։ Աննա Խաչատրյանը քննարկման դրեց Ղազախստանի և Հայաստանի միջև տուրիզմի զարգացման խոչընդոտների հարցն ու հնարավորությունները։ Հիմնական խոչընդոտների մեջ նա առանձնացրեց ուղիղ ավիաչվերթների բացակայությունը, ինչը զգալիորեն բարձրացնում է գները՝ այցերը դարձնելով պակաս գրավիչ։ Որպես Հայաստանում տուրիզմի ոլորտի հիմնական թերություն՝ առանձնացվեց տոների ընթացքում գների արհեստական աճը։

Նշվեց նաև, որ երկու երկրների միջև զարգացման հեռանկարներ ունեն բիզնես տուրիզմն ու սպորտային տուրիզմը։ Կարևորվեց ղազախական հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող հուշարձանների վրա շեշտադրումը, տուրիստական առաջարկներ կատարելիս, և հատկապես այն հանգամանքին, որ թե՛ Ղազախստանը, թե՛ Հայաստանը Մետաքսի ճանապարհի վրա գտնվող երկրներ են, ինչն իր ազդեցությունն է ունեցել երկրների ճարտարապետության, պատմության վրա։ Հնչեցին համագործակցության խթանմանն ուղղված առաջարկներ՝ երկու երկրների միջև տուրիզմի ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ