Փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում

Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի շրջանակներում, ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ի հետ գործընկերությամբ, սույն տարվա հոկտեմբերի 9-11-ը ԼՂՀ ԱԺ-ում կազմակերպել է Հայաստանի և Արցախի երիտասարդների կոնֆերանս, որի շրջանակներում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով: Ներկայացնում ենք կոնֆերանսի մասնակից Հերմինե Մխիթարյանի զեկույցն ամբողջությամբ:

Միջազգայնորեն ընկալելի դիրքորոշումն ու Արցախ փախստականների վերադարձի հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է ավելի քան 19 տարի: Բանակցային գործընթացում կարևորագույն տեղ է հատկացված նաև փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդրին : Բանակցությունների ներկայիս փուլում կողմերի (թե՜ հակամարտության անմիջական կողմերի, թե՜ միջնորդների) համար ընկալելի և ընդունելի է ներքին տեղահանված և փախստական հանդիսացող բոլոր անձանց՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք տրամադրելու կարևորությունը, սակայն ձևակերպումը փոքր-ինչ անորոշ է և արդյունքում շատ հարցեր է առաջացնում:

Փախստականների և ներքին տեղահանված անձանց խնդիրը, դրան մշտական կամ երկարաժամկետ լուծումներ տալու հարցը ավելի սուր ու խնդրահարույց են հատկապես վերջնական կարգավորում չունեցող հակամարտությունների պայմաններում: Ղարաբաղյան հակամարտության համատեքստում այս խնդիրներն ավելի բարդ են ու բազմատարր: Նախ կարևորագույն հակասությունը հայկական ու ադրբեջանական կողմերի միջև Լեռնային Ղարաբաղը լքած մարդկանց կարգավիճակին է առնչվում: Ի վերջո, նրանք փախստակա՞ն են, թե՞ ներքին տեղահանվածներ: Ադրբեջանական պաշտոնական մոտեցումը, որ այս մարդկանց դասում է ներքին տեղահանված անձանց կատեգորիային, առաջին հերթին քաղաքական շահարկումների նպատակ է հետապնդում:

Սակայն անկախ ձևակերպումից` ներքին տեղահանված թե փախստական, բոլորի համար միանշանակ է, որ այս հարցը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց մեծ կարևորություն է ներկայացնում: Արցախ փախստականների վերադարձի հարցը ամենևին էլ հեշտ և արագ որոշվող խնդիր չէ: Կան բազմաթիվ հարցեր, որ պիտի մանրակրկիտ ուսումնասիրվեն, քննարկվեն և հստակեցվեն մինչև այդ մարդկանց վերադարձը արտոնող որոշում ընդունելը:

Թերևս կարևորագույն խնդիրներից է Ղարաբաղյան հակամարտության արդյունքում փախստական դարձած անձանց՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադարձի հնարավոր և իրատեսական ժամկետների որոշումը:

Այսօր, չնայած հրադադարի համաձայնագրի առկայությանը, Ղարաբաղյան պատերազմը դեռ ավարտված չէ, սահմանային միջադեպերը սովորական բնույթ են կրում, հակամարտող հասարակություններում առկա է ատելության, անհանդուրժողականության մթնոլորտ: Նման իրավիճակում պարզապես անլուրջ կլինի փախստականների վերադարձի մասին խոսելը, ինչը կսրի լարվածությունը և լուրջ բախումների առիթ կդառնա: Փախստականների խնդրի կարգավորումը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումից հետո միայն, երբ նոր բանակցություններ կսկսվեն կողմերի միջև՝ ապահովելու համար այն ցանկացող փախստականների վերադարձը, ովքեր կհայտնեն նման ցանկություն: Ընդ որում, վերջինների թվում են ոչ միայն ադրբեջանցի փախստականները, որոնց մասին անընդհատ բարձրաձայնում են ադրբեջանական իշխանությունները, այլ նաև հարյուրհազարավոր հայ փախստականներ, ովքեր հարկադրաբար լքեցին Ադրբեջանը՝ փախչելով էթնիկ զտումներից և հայահալած քաղաքականությունից: Երկու կողմերի փախստականների խնդիրները միաժամանակ պիտի լուծվեն՝ հաշվի առնելով և երաշխավորելով բոլոր փախստականների վերադարձի կամավորությունը:

Հույժ կարևոր և անորոշ է շարունակում մնալ նաև Ղարաբաղյան հակամարտության արդյունքում փախստական դարձած անձանց թվաքանակի խնդիրը:

Ադրբեջանական պաշտոնական տվյալների համաձայն՝ 1988-1992 թվականների իրադարձությունների արդյունքում ավելի քան 1 միլիոն ադրբեջանցի դարձավ փախստական կամ ներքին տեղահանված անձ : Ղարաբաղյան մոտեցման համաձայն` Ադրբեջան գնացած փախստականների և ներքին տեղահանված անձանց թիվը չի գերազանցում 600 հազարը: Ինչպես տեսնում ենք, տարբերությունը գրեթե կես միլիոն է կազմում: Այս ամենին ավելացրած նաև փախստականների սերունդներին, որոնց թվի մասին հավաստի, անկողմնակալ տեղեկատվություն դժվար է գտնել: Նման պարագայում անընդունելի է ադրբեջանական իշխանությունների մոտեցումը՝ օր առաջ փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձ պահանջելու վերաբերյալ: Ի վերջո, նման կարևորագույն հարցը մեկ կամ երկու օրվա ընթացքում լուծելու խնդիր չէ, այն պիտի մանրակրկիտ կերպով քննարկվի առաջին հերթին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի Հանրապետությունն այսօր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և հրաժարվում է նրա հետ ցանկացած ձևաչափով պաշտոնական շփումներից՝ ոչինչ չի մնում, քան սպասել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցմանը, որից հետո երկու կողմերի (Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ) համատեղ աշխատանքի և միջազգային կառույցների աջակցության շնորհիվ կհարթվեն այսօր առկա հակասությունները կապված փախստականների թվի հետ, հնարավորություն կընձեռվի բացառել ցանկացած ապօրինի քայլ՝ ԼՂՀ իբրև փախստական ուղարկելու իրականում Ղարաբաղի հետ առնչություն չունեցող մարդկանց, ինչը անվերահսկելի և անհնար կլինի մինչև կարգավիճակի վերջնական որոշումը փախստականներին վերադարձնելու պարագայում:

Արցախ փախստականների վերադարձի կամավորության երաշխիքների և վերադարձողների ինքնության հաստատման խնդիրները, ըստ իս, ևս հանդիսանում են հարցի անժամկետ հետաձգման պատճառ:

Ադրբեջանը փախստականների խնդրի մշտական լուծումների շարքում առաջին տեղում շարունակում է դասել փախստականների վերադարձը ՝ մի կողմ թողնելով դրա ամենակարևոր բաղադրիչը՝ կամավորությունը: Հասկանալու համար, թե այս մասին ինչ են մտածում հենց իրենք՝ փախստականները, իրականացվում են ամենատարբեր սոցիալական հարցումներ, այդ թվում Ադրբեջանում: Օրինակ՝ նման նախաձեռնությամբ հանդես եկան հայաստանյան Democracy Today և ադրբեջանական Association for protection of Women’s Rights after D.Alieva կազմակերպությունները: Արդյունքում կազմվեց ՙՓախստականների վերադարձ իրենց տները. իրավո՞ւնք, թե՞ պարտականություն՚ զեկույցը, որում ներկայացված էին հետազոտության արդյունքները Հայաստանում և Ադրբեջանում: Հարցումներին մասնակցել է հայ և ադրբեջանցի 60 փախստական: Նրանցից 47-ն ասել է, որ հույս չունի վերադառնալու նախկին տները, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան : Այս հետազոտության նպատակն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդներին ցույց տալ, թե ինչ են մտածում այս հարցի շուրջ հակամարտությունից ամենաշատը տուժած խմբի ներկայացուցիչները՝ փախստականները:

Ինչպես արդեն վերևում նշվել է, միայն ԼՂՀ միջազգային կարգավիճակի վերջնական հստակեցումից հետո կարելի է խոսել փախստականների վերադարձի մասին՝ երաշխավորելով այդ վերադարձի կամավոր լինելը: Սակայն նախատեսվող այդ գործընթացն էլ միատարր և դյուրին չի լինելու: Պիտի միջազգային կառույցների աջակցությամբ ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցառումները` կանխելու համար ադրբեջանական իշխանությունների կողմից փախստականներին հարկադրաբար Արցախ վերադարձնելու, փախստականների թիվը արհեստականորեն ուռճացնելու, փախստական չհանդիսացող անձանց վերջիններիս անվան տակ Արցախ ուղարկելու հնարավոր փորձերը: Այս բոլոր հարցերի կարգավորումը բավական երկար ժամանակ, մանրակրկիտ և հետևողական աշխատանք է պահանջում:

Հերմինե Մխիթարյան

04.11.2013

*Կարող եք ծանոթանալ նաև կոնֆերանսի այլ մասնակիցների զեկույցներին.

-Լուսինե Քալանթարյան

-Վահե Հարությունյան

- Արտակ Ոսկանյան 

- Լիլիթ Հարությունյան