Ինչպիսի՞ն են նրանք՝ սահմանից այն կողմ

Նյութի վերնագրի հարցը հանդիսանում է “Together 2″ ծրագրի Skype կոնֆերանսների գլխավոր թեման: Ծրագիրը կոչված է հայ և ադրբեջանցի երիտասարդներին ցույց տալ նրանց, ովքեր ապրում են նույն տարածաշրջանում, ունեն նմանատիպ խնդիրներ, սակայն որոնց բաժանում է սահմանը և որոնց միջև իրական շփում, որպես այդպիսին, չկա… Փաստացի սահմանամերձ շրջաններից երիտասարդներին բաժանում է մի քանի կիլոմետր, սակայն նրանք ավելի հեռու են իրարից, քան հազարավոր մղոններ հեռավորության վրա գտնվող այլ երկրների բազմաթիվ բնակիչներ:

Ղարաբաղյան հակամարտությունը բաժանարար գիծ է դարձել ոչ միայն նրանց համար, ովքեր պատերազմ են տեսել, անցել են շրջափակման, տեղահանման և հայրենիք կորցնելու դժվարությունների միջով: Այն շարունակում է բաժանել մարդկանց մինչ օրս՝ պատնեշ դառնալով և՛ շփման, և՛ բազմաթիվ կարևոր հարցերի քննարկման համար: Սակայն “Together 2″ ծրագրի նախաձեռնողները՝ “Եվրոպական ինտեգրացիա”, “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ”, “Հումանիտար հետազոտությունների հասարակություն” հասարակական կազմակերպություններն ԱՄՆ աջակցությամբ, կարծում են, որ վաղուց եկել է երկխոսություն հարթելու ժամանակը, նույնիսկ առանց միմյանց հետ ուղղակի շփման:

Համաձայն “Together 2″ ծրագրի, ինը ամիս շարունակ ծրագրի մասնակիցները՝ սահմանամերձ շրջաններից հայ և ադրբեջանցի երիտասարդներ, շփվելու են միմյանց հետ Skype-ի միջոցով: Առաջին քննարկումը, որը կապեց Երևանը և Բաքուն, որտեղ հավաքվել էին ոչ միայն մայրաքաղաքից մարդիկ, այլև հակամարտող երկրների շրջաններից ուսանողներ, նվիրված էր հետևյալ հարցերին. “Ինչպե՞ս “թշնամու կերպարը” վերափոխել “հարևանի կերպարի”" և “Ի՞նչն է մեզ միավորում, ի՞նչ կարող ենք անել մենք վստահության “կամուրջներ” կառուցելու համար”: Քննարկման մասնակիցները՝ միմյանց անծանոթ հայ և ադրբեջանցի երիտասարդներ, վիրտուալ հանդիպում անցկացրին բավական ընկերական մթնոլորտում և քաղաքակիրթ շփման շրջանակներում: Իհարկե, միմյանց տրվում էին նաև բավական բարդ, երբեմն զգացմունքային հարցեր, սակայն ընդհանուր մթնոլորտն ընկերական էր պահպանվում. չէ՞ որ բոլոր մասնակիցները եկել էին հանդիպման մեկ նպատակով. նոր սերունդը պետք է ընտրի խաղաղությունը, ոչ թե պատերազմը:

“Ինչո՞ւ սոցիալական կայքերում կարելի է ջնջել ընկերոջը՝ ելնելով նրա ազգային պատկանելիությունից”, “Երկխոսության մեջ անհրաժեշտ է ներգրավել ոչ թե այսպիսի երիտասարդությանը, այլ սահմանամերձ շրջաններից մարդկանց, որոնք չունեն բարձրագույն կրթություն”, “Անհրաժեշտ է տարբերել գործողությունն այն իրականացնողից”, “Անհրաժեշտ է հարթակներ ստեղծել ոչ միայն երկխոսության համար, այլև մոնիթորինգների”, “Փակ սահմանների պայմաններում անհնար է հարևաններ լինել”, “Հարևաններ հնարավոր չէ լինել նաև պատերազմի սպառնալիքի առկայությամբ”, “Այո՛, մենք թշնամիներ ենք: Սակայն արդյո՞ք դա նշանակում է, որ մենք հարևաններ չենք”, “Կենցաղային մակարդակում մենք չենք նկատում թշնամությունը, սակայն պետք չէ մոռանալ նաև նրանց մասին, ում տներում պատերազմի ժամանակ դիակներ են եղել”, “Որքանո՞վ է երիտասարդությունը ցանկանում պատերազմել”, “Մենք չենք հավատում բանակցային գործընթացին”, “Անգնահատելի են կյանքի իրավունքը և հենց կյանքը”, “Երկու հարևանների միջև հակամարտությունները բնական են”, “Անհրաժեշտ է կարողանալ լսել և հասկանալ միմյանց”, “Հակամարտության լուծումը ձեռնտու չէ ԵԱՀԿ ՄԽ-ին, ուժային կենտրոններին, սակայն հակամարտության լուծումը ելնում է իմ, քո, մեր անձնական շահերից”, “Անհրաժեշտ է ստեղծել հայ-ադրբեջանական տանդեմ, որը կարող է մեր իշխանություններին նոր հասարակական օրակարգ առաջարկել”, սրանք Skype կոնֆերանսի շրջանակներում հնչած հարցերի և մտքերի միայն մի փոքր հատվածն է: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ նման քննարկումներն այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ ավելի ճիշտ է նստել միևնույն սեղանի շուրջ և միմյանց աչքերի մեջ նայել ոչ թե էկրանի միջով, այլ իրականում…

Սակայն, չնայած վիրտուալ շփման բազմաթիվ թերություններին, և՛ Երևանում, և՛ Բաքվում գրանցեցին, որ առաջին նմանատիպ շփումը չափազանց հաջող անցավ: Եվ, թեպետ այսպիսի շփման հստակ արդյունքներ դեռևս չկան, կարևոր է, որ սահմանի տարբեր կողմերում կան մարդիկ, որոնք պատրաստ են շփվել միմյանց հետ՝ ժպտալով և առանց թշնամանքի, ասելով միմյանց “Բարև ձեզ” (Ադրբեջանից) և “Սալամ ալեյքոմ” (Հայաստանից): Նման մեկնարկը չափազանց հուսադրող է, կարծում են ծրագրի կազմակերպիչները, որի համաձայն հայ և ադրբեջանցի երիտասարդների շփումը կշարունակվի առաջիկա ամիսների ընթացքում: Առջևում նախատեսվում են ևս չորս Skype կոնֆերանսներ, որոնք կապ կհաստատեն Երևանի, Կազախի, Իջևանի, Նաֆթալանի, Մարտակերտի, Բաքվի, Ստեփանակերտի միջև: Եվ առջևում նաև ծրագրի ստեղծագործական բաղկացուցիչ մասն է. “Խաղաղություն” թեմայով լուսանկարների և “Together” երգի տեքստի անգլերեն թարգմանության մրցույթ:

Արդյո՞ք դրանից հետո խաղաղությունն ավելի մոտ կլինի հայերին և ադրբեջանցիներին, քան պատերազմը: Արդյո՞ք որևէ համագործակցություն կստեղծվի այն երիտսասրդների միջև, որոնց բաժանում է ոչ թե ուղղակի սահման, այլ սահման՝ դիպուկահարներով և ռումբերով: Արդյո՞ք միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքում որևէ նոր բան կդրսևորվի՝ ավելի բարեկամական և լի վստահությամբ: Այս հարցերին դժվար է պատասխանել: Սակայն այն, որ այդ ուղղությամբ աշխատանք պետք է տարվի, դա միանշանակ է: Քանի որ մարդուն, ամեն դեպքում, առավել ցանկալի է խաղաղությունը, քան պատերազմը: Եվ նա միշտ ընտրում է կյանքը…


Աղբյուրը՝
“Արմեդիա” ՏՎԳ