Ինչպե՞ս խթանել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող “Երիտասարդության ձայնը 3″ ծրագրի շրջանակներում, ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և “Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ” ՀԿ-ի հետ գործընկերությամբ, սույն տարվա հոկտեմբերի 9-11-ը ԼՂՀ ԱԺ-ում կազմակերպել է Հայաստանի և Արցախի երիտասարդների կոնֆերանս, որի շրջանակներում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով: Ներկայացնում ենք կոնֆերանսի մասնակից Անահիտ Պողոսյանի զեկույցն ամբողջությամբ:

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԱՐՑԱԽԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽԹԱՆՄԱՆ ՇՈՒՐՋ

Թեև Արցախի ժողովուրդն արդեն իսկ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը և ապրում է անկախ հայրենիքում, այնուամենայնիվ Արցախի այս կարգավիճակը դեռևս միջազգային ճանաչման կարիք ունի: Վերջինիս բացակայությունը որոշակի խնդիրներ է հարուցում Արցախի և արցախցիների համար: Եվ այս ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, կարծում եմ, պիտի լինեն համակարգված, քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր` ամենալայն և ամենախորը ձևաչափով` շեշտը դնելով միջազգային հանրության մոտ ԼՂՀ-ի մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացման վրա, ուշադրություն հրավիրելով վերջինիս` միջազգային գործառույթներում ակտիվ ներգրավվածություն ունենալու անհրաժեշտության վրա: Ավելի մանրամասն՝ առանձնացնենք մի քանի կետ:

  • Նշանակալի դեր պետք է հատկացնել տարբեր երկրներում Արցախի ներկայացուցչությունների հիմնմանը, որոնք կներգրավեն և իրենց ակտիվ դերն ու մասնակցությունը կունենան հյուրընկալող երկրի քաղաքական, տնտեսական, իրավական կյանքում: Սա ինքնըստինքյան իր շուրջ կհավաքի նաև տվյալ երկրում հիմնված արցախցիներին և իր նպաստը կբերի արցախյան սփյուռքի ինքնակազմակերպման գործին: Նման ներկայացուցչությունները կարող են ծառայել արցախյան մշակույթի, պատմության տարածմանը, խթանել de facto կապերի հաստատումը Արցախի և այլ երկրների միջև, այդ թվում տնտեսական: Ինչպես գիտենք, նման ներկայացուցչություններ կան արդեն մի շարք երկրում (ԱՄՆ, ՌԴ, Լիբանան, Գերմանիա, Ֆրանսիա, Հայաստան): Շեշտը կարելի է դնել Լատինական Ամերիկայի երկրների վրա, քանզի վերջիններիս հետ հարաբերությունները եղել են միշտ լավ` գումարած այն փաստը, որ տարածաշրջանի երկրների քաղաքականությունը Կովկասում ոչնչով կաշկանդված չէ, այսպես ասած՝ “էկոլոգիապես մաքուր” քաղաքականություն են վարում, և ակտիվ լոբբիզմի արդյունքում ԼՂՀ ճանաչման հարցը կարող է որոշակի հաջողություն ունենալ:
  • ԼՂՀ և այլ երկրների միջև տարբեր գերատեսչությունների մակարդակով շփումները նույնպես շատ կարևոր գործոն են: Կլինեն դրանք բարեկամական միություններ, ինչպիսին է Լիտվայի խորհրդարանում խմբի ստեղծման նախադեպը, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակը, որի շրջանակներում քննարկվում են կրթական, մշակութային հնարավոր համագործակցության հեռանկարները, թե քույր քաղաքների ստեղծում: Ստեփանակերտը, ինչպես հայտնի է, ունի քույր քաղաքներ (Մոնտեբելլո, Սուխում, Երևան):
  • Ամենակարևոր ռազմավարություններից է նաև կոալիցիայի (միության) ձևավորումը կիսաճանաչված կամ դեռևս չճանաչված այլ պետությունների հետ, որի շրջանակներում կքննարկվեն նույն կամ նման խնդիրները, համատեղ ընդհանուր մարտավարություններ կմշակվեն, փոխադարձ խորհրդատվություն, փորձի փոխանակում տեղի կունենա: Կարևոր է նշել, որ նման միության ձևավորումը երբևէ կարող է նշանակել համակերպում ներկա կարգավիճակի հետ:
  • Համագործակցություն սկսել Ադրբեջանի փոքրամասնությունների հետ: Ալիքրամ Գումբատովի այցը կարևոր նախադեպ էր այս առումով: Նման կապերը կօգնեն փոքրամասնություններին ակտիվանալ իրենց ինքնորոշման նկրտումներում, իսկ Արցախը կարող է վայելել նրանց հնարավոր աջակցությունը:
  • Արցախի երիտասարդների համար աշխարհի լավագույն բուհերում կրթություն ստանալու հնարավորություն ստեղծել, նրանց պոտենցիալը կրթության ընթացքում ուղղորդել համապատասխան երկրներում Արցախի և արցախյան խնդրի շուրջ իրազեկումը բարձրացնելու մեջ, վերջիններիս վերադարձից հետո օգտագործել նրանց կապերը ճանաչման գործընթացն առավել ակտիվացնելու նպատակով:
  • Եվ, վերջապես, հարկ է զարկ տալ տարբեր ուղղություններով տնտեսական կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը: Արտահանման է պետք դնել այնպիսի ապրանքներ, որոնք կարտադրվեն Արցախում և հասանելի կլինեն արտերկրի բնակչության լայն հատվածին:

Անահիտ Պողոսյան

06.11.2013

*Կարող եք ծանոթանալ նաև կոնֆերանսի այլ մասնակիցների զեկույցներին.

-Լուսինե Քալանթարյան

-Վահե Հարությունյան

- Արտակ Ոսկանյան 

- Լիլիթ Հարությունյան 

- Հերմինե Մխիթարյան