Շվեդիան կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը. “նա բազմաթիվ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհին”

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր եվրոպական ուղևորության շրջանակներում Ֆինլանդիայից հետո ժամանել է Շվեդիա: Ինչպես և սպասվում էր, եվրոպական շրջայցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Բանակցությունների ժամանակ քննարկված մյուս արդիական թեմաներից է Սիրիայի իրավիճակը, ինչպես նաև եվրոպական ներդրումները Թուրքիայում: Եվրոպական շրջայցի ավարտին Էրդողանը կժամանի Լեհաստան:

Մասնավորապես, Ստոկհոլմում կայացել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդտի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը: Կառավարությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում քնննարկել են թուրք-շվեդական հարաբերությունները, Թուրքիայում ժողովրդավարական բարեփեխումների ընթացքը, Սիրիայում տիրող իրավիճակը և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը: Շվեդիայի վարչապետը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը լուրջ քննարկումներ է ենթադրում Եվրամիության երկրներում: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: “ԵՄ շատ երկրներ կարող են Թուրքիայի անդամակցության վերաբերյալ հանրաքվեներ անցկացնել, ինչը կարող է զգալիորեն երկարաձգել ողջ գործընթացը”, – նշել է վարչապետը: Նա շեշտել է, որ Շվեդիան հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին, քանի որ նա “ռազմավարական կարևորություն ունեցող երկիր է մեզ և ԵՄ-ի համար, որը բազմաթիվ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների, հատկապես խոսքի և հավաքների ազատության իրավունքի պաշտպանության ճանապարհին”: Եվ այս հայտարարությունը հնչում է այն դեպքում, որ վերջերս Թուրքիայում երեք լրագրողներ դատապարտվեցին ցմահ բանտարկության: Արդյունքում ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցով հատուկ ներկայացուցիչը ստիպված եղավ հանդես գալ իշխանությունների՝ լրագրողների նկատմամբ տարվող քաղաքականության սուր քննադատությամբ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցային գործընթացը սկսվել է 2005 թվականի հոկտեմբերի 3-ին: Այն բաղկացած է 35 թեմատիկ բաժիններից կամ գլուխներից, որոնք ընդգրկում են Թուրքիայի կյանքի բացառապես բոլոր ոլորտները: Անցած ութ տարիների ընթացքում կողմերն ավարտել են այս գլուխներից միայն մեկի քննարկումը: Բացի այդ, կա խնդիրների ևս մեկ խումբ, որոնք պետք է լուծվեն՝ Կիպրոսի Հանրապետության ճանաչումը, քրդական հիմնախնդիրը, 1915 թվականի հայերի ցեղասպանության փաստի ընդունումը:

Վերջերս Եվրամիության 28 երկրների մշտական ներկայացուցիչների Խորհրդի մասնակիցները հայտարարեցին, որ Թուրքիայի գրանցած առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցի ներկայացումից հետո ԵՄ-ն մտադիր է վերսկսել բանակցությունները: Դրանից հետո Բրյուսելում ԵՄ հարցերով թուրք նախարար Էգեմեն Բագիշը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեցին, որ բանակցություններում բացվել են 22-րդ գլխի քննարկումները, որը նվիրված է տարածաշրջանային ինքնակառավարմանը: Իսկ այսօր Շտեֆան Ֆյուլեն շարունակում է բանակցությունները թուրքական իշխանությունների հետ: Նա հանդիպում է ունեցել արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ավելի ուշ սպասվում է Ֆյուլեի հանդիպումը նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Հիշատակման է արժանի այն փաստը, որ 2010 թվականին Թուրքիայի վարապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շվեդական խորհրդարանի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման պատճառով չեղյալ հայտարարեց իր այցը Շվեդիա:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ