ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆՎԵԼ Է ԵՄ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՑԱՆՑ

Երևանում ԵՄ Կենտրոնում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ԵՄ շրջանավարտների ցանցի հիմնադիր հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԵՄ Կենտրոնի գրասենյակից, ԵՄ շրջանավարտների ցանցը Հայաստանում կմիավորի եվրոպական կրթական ծրագրերի նախկին մասնակիցներին:

Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն նշեց, որ ԵՄ շրջանավարտների ցանցի նպատակն է օգտագործել կրթությունը որպես հաղորդակցության հզոր խողովակ` տեղեկատվություն տարածելու ԵՄ կրթական ծրագրերի մասին: «Եվրոպական կրթական ծրագրերի շրջանավարտների հաջողության մասին պատմությունները կնպաստեն ուսանողների կողմից հետաքրքրության զգալի մեծացմանը», ասաց Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն:

Հայաստանում Տեմպուսի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի համաձայն, անհրաժեշտ է միավորել տարբեր կազմակերպություններ ու կրթական համայնքներ`ստեղծելու այնպիսի մի միջավայր, որը էապես կբարելավի եվրոպական կրթական տարածքին Հայաստանի կրթական համակարգի ինտեգրմանը: «Շատ կարևոր է, որ նորաստեղծ ցանցը ծառայի որպես Հայաստանում եվրոպական կրթական տարբեր ծրագրերի ջանքերն ամրապնդելու արդյունավետ միջոց, որ երիտարասդների համար կրթական նոր հնարավորություններ կտրամադրի», ասաց Լանա Կառլովան:

Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի համակարգող Էդիթ Սողոմոնյանը նշեց, որ ԵՄ շրջանավարտների ցանցը կարող է լավագույն հարթկաը դառնալ կրթական հնարավորությունների մասին հանրային իրազեկման բարձրացման համար: «Կարծում ենք, որ Ցկյանս ուսումնառությունը կարող է միավորել կրթության ու վերապատրաստման առանձին բոլոր ջանքերը մեկ ուժեղ համակարգում, որ կաշխատի յուրաքանչյուր քաղաքացու անհատական, մասնագիտական ու քաղաքացիական զարգացման համար», եզրափակեց Էդիթ Սողոմոնյանը:

Մինչև միջոցառման մեկնարկը տարբեր հասարակական կազմակերպություններ ու կրթական համայնքներ համաձայնության էին եկել հիմնելու ԵՄ շրջանավարտների ցանց: Այն կնպաստի եվրոպական կրթական ծրագրերում երիտասարդների ներգրավմանը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության ասպարեզներում` տրամադրելով տեղեկատվություն, աջակցություն և ուղղորդում:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և աջակցել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական դարպասն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

11.11.2013

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ Կենտրոն