Ծննդյան հրավեր դեպի եվրաինտեգրում

Այս օրերին՝ եվրաինտեգրման գործընթացի այս թեժ զարգացումների շրջանում “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ-ն դարձավ 11 տարեկան: Տանսմեկամյա գործունեության ընթացքում մեր կազմակերպությունը իրականացրել և շարունակում է իրականացնել 40-ից ավել ծրագրեր, որոնք ուղղված են եվրաինտեգրմանը, խաղաղաշինությանը, երիտասարդության ներգրավմանը, մարզերի և ԶԼՄ-ների հետ աշխատանքին: Մեր կազմակերպության հիմնական նպատակն է եվրոպական արժեհամակարգի վրա հիմնվելով Հայաստանում զարգացնել ժողովրդավարական գործընթացները, ինչը ներառում է քաղաքացիական հասարակության կայացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հասարակությունն ավելի բաց դարձնելը և այլն:

Եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանը բավականին առաջընթաց է գրանցել եվրոպական կառույցների հետ համագործակցության ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Սակայն այսօր շատերը մեր երկրում թերահավատորեն են վերաբերվում Հայաստանի եվրոպական ապագային: Իսկ մեր կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, հավատում է, որ Հայաստանը կշարունակի մնալ եվրոպական քաղաքակրթության մասը՝ իր ներդրումն ունենալով եվրոպական արժեհամակարգում:

Այս ամենը թերևս ավելի հրատապ է դարձել սեպտեմբերի 3-ից հետո (Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարության օրը): Մենք գտնում ենք, որ այդ որոշմամբ մեր աշխատանքի արդիականությունն ու ծավալը “հասկանալի պատճառներով” մեծացել են, և ոչ նվազել: Մենք հավատում ենք, որ չնայած եվրաինտեգրումը փոքր քայլերի արվեստն է, սակայն այն չի ենթադրում դրա իրականացման դանդաղ ընթացք, այլ ընդակառակը՝ նպատակասլաց ուղևորություն, որի մասնակիցների թիվը հետզհետե ավելի ու ավելի մեծ կդառնա…

Եվ օգտվելով մեր ծննդյան օրվա ընձեռած հնարավորությունից՝ հրավիրում ենք ձեզ անցնել եվրաինտեգրման ուղին մեզ հետ միասին:

Հարգանքով՝

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ