7-ՐԴ “ՆԱՏՕ-Ի ՇԱԲԱԹ”-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբերի 18-22-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվում է թվով 7-րդ “ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

ՆԱՏՕ շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվեց նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ շենքում կայանալիք “Միջազգային ճգնաժամերի կառավարում և խաղաղապահություն անվտանգության և պաշտպանության ոլորտների տարբեր կազմակերպությունների կարողություններն ու փորձառությունը” թեմայով կլոր սեղան քննարկմամբ:

Նոյեմբերի 19-ին, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, ՀՀ ՊՆ-ում, տեղի կունենա “ՀՀ ԶՈՒ բարեվարքության ամրապնդման հայեցակարգի ներդրման գործընթացը և միջազգային փորձը” թեմայով սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների փորձագետները, Դաշինքի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նոյեմբերի 20-ին, ժ. 15:00-ին ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջ կանցկացվի Կոսովոյում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար, ինչպես նաև “ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ:

Նոյեմբերի 21-ին, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա տեսակոնֆերանս ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության բաժանմունքի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նոյեմբերի 22-ին, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ այցելությամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:

“ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառման, ինչպես նաև սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:

19.11.2013