Քաղաքականություն, որն սպառնում է Ուկրաինային, վնասում՝ ՌԴ հեղինակությանը

Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը դատապարտելի է համարում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը: Այս մասին նա գրել է իր Twitter-ում:

“Տեղեկություն կա, որ Ռուսաստանը միանգամայն ավելացնում է Ուկրաինայի նկատմամբ գործադրվող ճնշումը: Սպառնալիքների և ստիպողականության կոշտ քաղաքականություն: Ասում են՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառությունը վերջին ամիսների ընթացքում կրճատվել է 25%-ով”, – գրել է նա:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքականությունն սպառնում է Ուկրաինային, “վնասում Ռուսաստանի հեղինակությանը և հակառակ արդյունք է տալիս”: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարող է երկար ժամկետով հետաձգվել, եթե Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ձախողվի, հայտնում է Agence France Presse-ը: Նախագահը նշել է, որ “եթե օրենքը, որով կլուծվի Տիմոշենկոյի խնդիրը, չընդունվի, ԵՄ անդամ պետությունները չեն ստորագրի համաձայնագիր Ուկրաինայի հետ”:

Ուկրաինա-ԵՄ համաձայագրի ստորագրման թեմային անդրադարձել է նաև Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Նա ասոցացման համաձայնագրի ստորագրման հավանականությունը գնահատում է 50%-ից պակաս: Նրա խոսքերով, ուկրաինական իշխանությունները հետաձգել են կարևորագույն խնդրի լուծումը վերջին պահին, ինչը լուրջ խնդիր է հանդիսանում: Բացի այդ, նախարարի խոսքերով, Կիևի համար դժվար է դիմակայել Ռուսաստանին:

“Հայաստանն արդեն հանձնվել է այդ ճնշմանը, Ուկրաինան տատանվում է: Սակայն Ուկրաինան լուրջ սխալներ է թույլ տվել գործընթացի ժամանակ: Հետևաբար, եթե այսօր ես գուշակելու լինեի՝ արդյոք Վիլնյուսում համաձայնագիր կստորագրվի, թե ոչ, ապա կասեի, որ հավանականությունը 50%-ից քիչ է”, – ասել է նախարարը:

Սիկորսկին հավելել է, որ նոյեմբերի վերջին Վիլնյուսում նախատեսվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովը չի հետաձգվի, քանի որ Վրաստանը և Մոլդովան պատրաստ են վավերացնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:

Այդուհանդերձ, լեհ նախարարաըը համաձայնել է, որ Կիևը շատ բան է արել ԵՄ չափանիշներին մոտենալու համար:

Ի դեպ նշենք, որ Լեհաստանի բնակչության մեծ մասը (54%) աջակցում են Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին: Միևնույն ժամանակ, հարցվածների 64%-ը կողմ են, որ ԵՄ-ն խորացնի հարաբերություններն Արևելյան գործընկերության երկրների հետ:

Ինչևէ, հավելենք, որ Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը վստահություն է հայտնել, որ Վիլնյուսում Ուկրաինան Եվրամիության հետ կստորագրի ասոցացման համաձայնագիր: Կրավչուկը ևս նշել է, որ Ռուսաստանն սկսել է շատ ագրեսիվ տնտեսական քաղաքականություն վարել Ուկրաինայի նկատմամբ: Ըստ նրա, ասոցացման համաձայնագիրն ստորագրվելու է, սակայն եթե դա տեղի չունենա, ինքը չգիտի, թե երբ իրենց կտրվի երկրորդ հնարավորություն:

Ի դեպ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ևս հայտարարել է, որ չկա այլ ժամանակ ասոցացման համաձայնագրի ստորագրման համար: Նրա խոսքերով, այն կամ կստորագրվի Վիլնյուսում նոյեմբերի վերջին, կամ չի ստորագրվի երբեք:

Հիշեցնենք, որ Ուկրաինան ցանկանում է Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, սակայն դրան խանգարում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին արտասահման բուժման ուղարկելու հարցի չլուծված լինելը:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ