Ուկրաինա. հեղափոխության տարելիցին Մայդանը կրկին փոթորկում է

Ուկրաինայի խոշոր քաղաքների հրապարակներում ժողովուրդը բողոքում է կառավարության որոշման դեմ, իսկ խորհրդարանը պատասխան է սպասում վարչապետից և նախագահից: Ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են վարչապետի հրաժարականը: Նարնջագույն հեղափոխության տարելիցին Մայդանը կրկին բեմահարթակ է դարձել ընդդիմության համար:

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Ուկրաինայում նշում են 2004թ.-ի Նարնջագույն հեղափոխության տարելիցը: Ինը տարի առաջ նախագահական ընտրություններից դժգոհ ուկրաինացիները դուրս եկան Մայդան՝ բողոքելով կեղծիքների դեմ: Շուրջօրյա գրեթե 100 հազար հոգանոց բողոքի ցույցերը հաղթանակ բերեցին Վիկտոր Յուշչենկոյին և նրա թիմին: Ինը տարի անց ընդդիմությունը կրկին դուրս է եկել փողոց, այս անգամ բողոքի պատճառն Ուկրաինայի հրաժարումն է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից:

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը՝ պատճառաբանելով ՌԴ-ի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությամբ: Համապատասխան նախարարներին հանձնարարվել է առաջարկ ներկայացնել ՌԴ-ին և ԵՄ-ին առևտրատնտեսական հարցերով եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Կառավարության նման որոշմանը հետևել է Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոյի հայտարարությունը, որով նա նման որոշման մեջ շեշտել է ԵՄ-ի մեղքը: «Ուկրաինայի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը դադարեցվել է, քանի որ Ուկրաինան եվրոպական կողմից համապատասխան ազդակ չի ստացել այն վնասների փոխհատուցման վերաբերյալ, որոնք Ուկրաինան կրել է ԱՊՀ-ի հետ հարաբերությունների բարդացման հետևանքով»,-ասել է Բոյկոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր հերթին հայտարարել է, որ եվրաինտեգրման ուղու վրա ժամանակավոր բարդությունները չեն ստիպի Կիևին շեղվել ընտրած ուղուց: «Ուկրաինայում տեղի ունեցող բարեփոխումներին, եվրոպական ինտեգրմանն այլընտրանք չկա»,-ասել է Յանուկովիչը, ով կառավարության որոշման ընդունման պահին գտնվում էր Ավստրիայում: Ինչպես հաղորդում է ուկրաինական LB.ua կայքը, հղվելով Եվրախորհրդարանի առաքելությունում իր աղբյուրի վրա, Յանուկովիչն ավելի վաղ առաջարկել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին հետաձգել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մեկ տարով՝ բացատրելով, որ համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի համար կարող է 160 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստների հանգեցնել:

Նշենք նաև, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան մերժել է բանտարկյալների՝ արտերկրում բուժում ստանալու բոլոր օրինագծերը, որոնք առնչվում են երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին և ԵՄ-ի կողմից առաջադրվող գլխավոր նախապայմաններից մեկն են Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:

Միաժամանակ, Ռադայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են երկրի վարչապետին և նախագահին ներկայանալ նոյեմբերի 22-ին կայանալիք նիստին և պարզաբանել կառավարության որոշումը:

Գերագույն Ռադայում ընդդիմադիր կուսակցություններն այսօր կփորձեն գրանցել երկրի վարչապետ Ազարովի հրաժարականի վերաբերյալ որոշման նախագիծ: Այդ մասին հայտարարել է «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը:

Մինչ այդ, Կիևի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում շարունակվում են ընդդիմության ցույցերը: Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ, գիշերը փողոցում մարդկանց թիվը հասել է շուրջ 1000 հոգու, այսօր երեկոյան նախատեսվում է շարունակել ցույցերը: Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հայտարարել են, որ ցույցերը պետք է շարունակվեն մինչև Վիլնյուսի գագաթաժողովի օրը՝ նոյեմբերի 28-29-ը, խոշոր ցույցը պետք է տեղի ունենա նոյեմբերի 24-ին: «Բատկովշինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը նշել է, որ ժողովուրդն ինքնակազմակերպվել է, և դա առաջին ամենակարևոր քայլն է, երկրորդը նոյեմբերի 24-ին կայանալիք խոշոր ակցիան է, իսկ երրորդը կլինի միասնությունը, որը կապահովի ընդդիմության հաղթանակը 2015-ի ընտրություններում: «Նախագահական ընտրություններն արդեն իսկ սկսվել են: Համաձայնագրի չստորագրմամբ նախագահ Յանուկովիչը վերջնականապես բաժանեց Ուկրաինան երկու մասի»,-ասել է Յացենյուկը:

Ընդդիմությունը հայտարարել է ամեն օր երեկոյան 22:00-ին հրապարակ դուրս գալու որոշման մասին: Միաժամանակ, Կիևի շրջանային վարչական դատարանն այսօր առավոտյան որոշում է կայացրել Կիևի Մայդանի հրապարակում, Կրիսչատիկ փողոցում և Եվրոպական հրապարակում ցույցերի սահմանափակման վերաբերյալ: Մասնավորապես, արգելվել է վրաններ, ծածկեր և այլ ժամանակավոր ու շարժական շինություններ տեղադրել 2013թ. նոյեմբերի 22-ից մինչև 2014թ. հուվարի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Աննա Կարապետյան