ԵՎՐՈՊԱՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է, ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Ասոցացման համաձայնագրից հրաժարման Ուկրաինայի որոշումը հիասթափություն է առաջացրել ԱՄՆ-ում և Եվրոպայում, արձագանքները միանշանակ չեն: Իսկ Ռուսաստանը դրական է գնահատել այդ քայլն ու որակել որպես ինքնուրույն և պրագմատիկ որոշում:

ԵՄ-ն նկատի կունենա Ուկրաինայի որոշումն Ասոցացման և ԽՀԱԱԳ համաձայնագրերից հրաժարվելու մասին, այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: «Դա հիասթափություն է ոչ միայն Եվրամիության, այլ, մենք կարծում ենք, նաև ուկրաինացի ժողովրդի համար»,-ասել է Էշթոնը: ԵՄ-ն հույս ունի պահպանել սերտ հարաբերություններն Ուկրաինայի հետ և հավատարիմ է մնում ուկրաինացի ժողովրդի առաջ իր ստանձնած պարտավորություններին: Միաժամանակ, ԵՄ Գերագույն հանձնակատարը «սպառնացել է», որ այս որոշումը կարող է հանգեցնել արտաքին ներդրումների նվազեցմանը և բարդեցնել ԱՄՀ-ից վարկի տրամադրման գործարքի կնքումը:

Որոշման ռիսկայնության մասին հայտարարել է նաև ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը: «Թայմ-աութը, որի օգտին որոշում են կայացրել Ուկրաինայի իշխանությունները, զուրկ չի ակնհայտ լուրջ ռիսկերից, և ամենայն հավանականությամբ բավական երկար կտևի, իսկ գործընթացը, եթե նույնիսկ վերականգնվի, բարդությունների առաջ կկանգնի այսօրվա կայացրած որոշման պատճառով»,-ասել է նախարարը: Նա հորդորել է ԵՄ ղեկավարներին խոստանալ ուկրաինացի ժողովրդին, որ Ուկրաինայի համար դռները չեն փակվի և ուշադիր լինել Տիմոշենկոյի նկատմամբ վերաբերմունքին:

Բանտում գտնվող նախկին վարչախետին այսօր կայցելեն Եվրախորհրդարանի առաքելության ղեկավարներ Կոքսն ու Կվասնևսկին: Նրանք երեկ հայտարարել են, որ իրենց առաքելությունն ավարտվել է և Ասոցացման համաձայնագիր չի կնքվի: «Առաքելությունն ավարտվել է: Ցավոք, առանց այնպիսի վերջաբանի, ինչպիսին Համաձայնագրի կնքումն է»,-ասել է Ա.Կվասնևսկին: Առաքելությունը հաջորդ շաբաթ զեկույց կներկայացնի Եվրախորհրդարանին իր գործունեության վերաբերյալ:

Իսկ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ակտիվ քննարկումներ է անցկացնում եվրոպական պաշտոնյաների և Ուկրաինայի ընդդիմության ղեկավարների հետ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարության հայտարարությունից հետո նա չեղյալ է հայտարարել իր սպասվող այցը Կիև: Եվրահանձնաժողովը պատրաստվում է հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններով են հանդես եկել նաև եվրոպական մի շարք երկրների ԱԳ նախարարներ: Նրանք նշել են, որ ԵՄ-ն շահագրգռված է Ուկրաինայի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ: «Գնդակն Ուկրաինայի խաղադաշտում է»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգն իր հերթին ասել է, որ Կիևը պահպանում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման իրավունքը: «Ես անհամբերությամբ սպասում եմ ԵՄ-Վրաստան և ԵՄ-Մոլդովա Ասոցացման համաձայնագրերի (ներառյալ ԽՀԱԱՀ-ն) նախաստորագրմանը Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին»,-ասել է Հեյգը:

Մոլդովան և Վրաստանը նույնպես արձագանքել են Ուկրաինայի որոշմանը: «Մոլդովայի կառավարությունը հարգում է Ուկրաինայի կառավարության ցանկացած որոշում: Մեր հարաբերությունները հարևան երկրի հետ նույնքան սերտ կմնան, սակայն Մոլդովան արդեն իսկ արել է իր ընտրությունը եվրաինտեգրման օգտին և մտադիր չի այն փոխել»,-ասել է Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն: Եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ ինտեգրման հարցերով Վրաստանի պետական նախարար Ալեքսի Պատրիաշվիլին նույնպես հանդես է եկել հայտարարությամբ. «Լավ կլինի, եթե Ուկրաինան էլ ընդգրկված լինի եվրաինտեգրման գործընթացում: Սակայն, մենք ըստ մեր նախագծի և սահմանված խնդիրների, շարունակում ենք եվրաինտեգրման խորացման գործընթացը»:

Հիասթափություն է հայտնել նաև ամերիկյան կողմը: «Եթե այդ տեղեկությունները (Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցման վերաբերյալ) համապատասխանեն իրականությանը, մենք հիասթափված կլինենք»,-հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակին: Վաշինգտոնի տեսակետով, Կիևն ու Բրյուսելը «դեռ զգալի ժամանակ» ունեն հնարավոր տարաձայնությունների հաղթահարման համար:

Մինչդեռ Ռուսաստանը ողջունել է Ուկրաինայի որոշումը՝ գնահատելով այն, որպես պրագմատիկ որոշում: Ռուսաստանը ողջունում է ՌԴ-ի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունները կատարելագործելու և զարգացնելու Ուկրաինայի ցանկությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ինչ վերաբերում է Ասոցիացիայի գործընթացի դադարեցմանը, դա բացառապես այդ երկրի ներքին և սուվերեն հարցն է, և մենք մեզ իրավասու չենք համարում դա որևէ կերպ մեկնաբանել»,-ասել է Պեսկովը: Նա մեկնաբանել է Ուկրաինայի՝ Մաքսային միությանը միանալու հնարավորությունը, նշելով, որ դժվարանում է պատասխանել, թե արդյոք Ուկրաինան կկարողանա միանալ միությանը: «Դա ես չեմ կարող ասել: Դա կրկին մեր ուկրաինացի գործընկերների սուվերեն գործն է»,-ասել է նա:

ՌԴ-ն և ԵՄ-ն արձագանքները չեն համընկնում համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծելու Ուկրաինայի առաջարկին՝ առևտրա-տնտեսական համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել մասնակցել նմանատիպ բանակցություններին: «Մենք կողմ ենք, սակայն միայն որոշման ընդունումից առաջ: Ինչպես կարող ենք բանակցություններ վարել այն հարցերի շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված և որոշված են»,-նշել է Պուտինը դեռ նախքան Ուկրանայի կառավարության հայտարարությունը:

Մինչդեռ եվրոպական կողմը կտրուկ դեմ է արտահայտվել եռակողմ բանակցություններին: Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարել է, որ դրանք հնարավոր չեն և նախադեպ չեն ունեցել: «Երկկողմ ասոցացման Եմ-ի առաջարկը շարունակում է սեղանին մնալ, և մենք այդ գործընթացում երրորդ կողմի համար որևէ դեր չենք տեսնում»,-ասել է Լինկևիչուսը: Միաժամանակ նա ընդգծել է, որ ինչպիսին էլ լինի որոշումը, դա չի նշանակում, որ մինչ այդ ձեռք բերվածի վրա «վարագույր կիջեցվի»: Նա հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստ կլինի Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը եթե և երբ վերջինս պատրաստ լինի:

22.11.2013

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ