Այս շաբաթ Եվրոպայում…

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ տեղեկատվական գործընկեր “Արմեդիա” ՏՎԳ-ն ներկայացնում է այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին։

Նոյեմբերի 25-26-ին Կիևում կկայանա Մերձդնեստրյան կարգավորման բանակցությունների հերթական փուլը “5+2” ձևաչափով, որում ընդգրկված են Մոլդովան, Մերձդնեստրը, ԵԱՀԿ-ն, ՌԴ-ն, Ուկրաինան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն։ Սա կլինի բանակցությունների վերջին փուլը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ներքո։ Բանակցությունների արդյունքների վերաբերյալ կանցկացվի հանդիպում լրագրողների հետ։

Նոյեմբերի 25-ին սպասվում է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիյերի հանդիպումը։ Նույն օրը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարն այցելելու է ՆԱՏՕ-ի գրասենյակ և հանդիպում է ունենալու ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսսենի հետ։

Նոյեմբերի 27-29-ին Վիլնյուսում տեղի է ունենալու ԱլԳ և ԵՄ անդամ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում։ Համաժողովի մասնակիցները քննարկելու են ԱլԳ ռազմավարությունը Վիլնյուսի գագաթաժողովից հետո։ Այն լինելու է Քիշնևում հոկտեմբերի 3-6-ը տեղի ունեցած ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի հանդիպման շարունակությունը։

Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին՝ նոյեմբերի 28-ին, տեղի է ունենալու նաև ԵԺԿ ղեկավարների հանդիպում։

Նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալու է Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որին Եվրոպական կողմից մասնակցելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզզուն, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը։ Գագաթաժողովի ընթացքում ակնկալվում Ասոցացման համաձայնագրերի (ներառյալ ԽՀԱԱՀ-ն) նախաստորագրում Մոլդովայի և Վրաստանի հետ։ Հանդիպման արդյունքում ընդունվելու է հռչակագիր, տեղի է ունենալու մամուլի ասուլիս։

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ