“Ղազախստանի հաջողության հեղինակը Ղազախստանի ժողովուրդն է”

Այս մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը նոյեմբերի 26-ին Արարատ քաղաքում անցկացված կլոր-սեղան քննարկման ժամանակ: Վերջին 20-ամյակում Ղազախստանի գրանցած հաջողությունները և դրանց գրավականները երեկ քննարկվել են Արարատում “Ղազախստան. հաջողության գաղտնիքները” ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր-սեղան քննարկման ընթացքում: Ծրագիրն իրականացվում է “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ կողմից ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության աջակցությամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը և Հայաստանում Ղազախստանի դեսպան Ա. Բոզժիգիտովը: Այնուհետև զեկույցներով հանդես եկան դեսպանատան ներկայացուցիչ Ժենիս Ումբետովը, Ղազախստանի հաջողության գաղքնիքները բացահայտելու նպատակով լրագրողական այցով Աստանայում եղած Նաիրա Մկրտչյանը և Կարինե Օհանյանը, ինչպես նաև ելույթով հանդես եկավ “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

Իր ելույթում Ժենիս Ումբետովը ներկայացրեց ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ Ղազախստանի Հանրապետության զարգացման մոդելը: Նա նշեց ներքին և արտաքին քաղաքականության այն հիմնական բարեփոխումները, որոնց միջոցով իրենց երկիրը որդեգրել է հաստատում զարգացման ուղին: Որպես իրենց զարգացման կարևոր նախապայման Ժ.Ումբետովը նշեց տնտեսական համակարգում արված բարեփոխումները, որոնք անմիջականորեն կապված և փոխկապակցված են Ղազախստանի հասարակության շրջանում առկա համերաշխության մթնոլորտի հետ: Իր ելույթում բանախոսը նաև ներկայացրեց Ղազախստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումները, ինչպես նաև պատմեց միջազգային ասպարեզում Հայաստանի և Ղազախստանի հաջող համագործակցությունների մասին:

Յոթ հրաշալիքների մասին, որոնք պաշտոնական կարգավիճակ են ձեռք բերել Ղազախստանում, խոսեց Նաիրա Մկրտչյանը: Նախքան ղազախական հրաշալիքներից յուրաքանչյուրը ներկայացնելը, բանախոսը նշեց, որ Ղազախստանում հարցում է իրականացվել հասարակության շրջանում պարզելու համար այն յոթ հրաշալիքները, որոնք հատուկ են իրենց երկրին: Արդյունքում փորձագետների խումբը ներկայացրել է մի ցուցակ, որը պաշտոնապես հաստատվել է, և այնտեղ ընդգրկված “խորհրդանիշները” ձեռք են բերել Ղազախստանի հրաշալիքի պաշտոնական կարգավիճակ: Դրանց շարքում են “Ոսկե մարդու” արձանը, դոմբրա երաժշտական գործիքը, յուրտան, Խոջա Ահմեդ Յասավիի դամբարանը, Աստանայի “Բայտերեկ” հուշարձանը և այլն: Այս ամենը մանրամասն ներկայացնելուց հետո Նաիրա Մկրտչյանը նշեց, որ ցանկալի կլիներ, եթե նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գար մեր հասարակությունը ևս:

Իսկ Կարինե Օհանյանը հանգամանալից ներկայացրեց Ղազախստանի հաջողության այն գաղտնիքները, որոնք իրենք բացահայտել են Աստանա կատարած լրագրողական այցի ընթացքում: Երկրի մայրաքաղաք Աստանան, միջէթնիկ համերաշխությունը, իրականացվող լեզվական քաղաքականությունը, կրթական բարեփոխումները և ծրագրերը, սպորտային, ինչպես նաև գիտական ոլորտներում ձեռքբերված նվաճումները և ղազախական կնոջ կերպարը Կարինե Օհանյանի խոսքերով հանդիսանում են Ղազախստանի հաջողության գրավականները: Բանախոսը, լրացնելով նաև երկրի յոթ հրաշալիքների մասին զեկույցը, իր կողմից ավելացրեց Ղազախստանի ութերորդ հրաշալիքը, այն է՝ ղազախստանցիները: Կարևորելով ղազախական հասարակության, ինչպես նաև այդ երկրի բաց լինելը նոր մտքերի և նորարարությունների հանդեպ՝ Կարինե Օհանյանը հույս հայտնեց, որ նմանատիպ մոտեցմամբ հնարավոր կլինի շատ բան դեպի լավը փոխել Հայաստանում նույնպես:

Խոսելով հայ-ղազախական միջպետական համագործակցության մասին՝ Կարեն Բեքարյանը կարևորեց երկու երկրների հասարակությունների միջև համագործակցության խթանումը ևս, որպեսզի երկկողմանի հարաբերություններն առավել արդյունավետ և իրատեսական լինեն, և ավելացրեց, որ այսպիսի կլոր-սեղան քննարկումները, որոնք կազմակերպվել են Հայաստանի բոլոր մարզերում, իրենց որոշակի ներդրումն ունեն այդ գործում: վերլուծաբանն ընդգծեց, որ հայ-ղազախական համագործակցությունը նորովի է կարևորվում Հայաստանի՝ Մաքսային միությանը նախատեսվող անդամակցությամբ, ինչը փոխգործակցության նոր հարթակ կծառայի երկկողմ հարաբերություններում: Այս առումով Կարեն Բեքարյանը ուրվագծեց համագործակցության նոր շրջանակներ, որոցից են՝

-Ղազախստանի՝ որպես ՄՄ հիմնադիր անդամի, կառույցում ունեցած փորձն ուսումնասիրելը և ՄՄ անդամների միջև առկա տարաձայնությունները հասկանալն ու գիտակցելը, որպեսզի անդամակցության պարագայում Հայաստանը “դիտորդի” [բառի ոչ իրավական իմաստով] կարգավիճակում չլինի,

-միջազգային հարթակներում փոխհամագործակցության խորացումը, ինչը, Բեքարյանի խոսքերով, ենթադրում է նաև “Արևմուտք-Արևելք ուղղություններում միմյանց փոխլրացնելը” և այլն:

Աղբյուրը՝ “Արմեդիա” ՏՎԳ